1918 թվականի մայիսյան հերոսամարտերով ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Մոտ 500-ամյա դադարից հետո հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը: Ցնծալի իրադարձություն, որը, սակայն, տեղի էր ունենում հայության համար ամենածանր ժամանակաշրջանում։
Ցեղասպանությունից մի կերպ խույս տված գաղթականների բազմությունը, համաճարակներն ու տարատեսակ հիվանդությունները, սննդի բացակայությունը, ռազմաքաղաքական անկայուն վիճակը կանխորոշեցին անկախ Հանրապետության վախճանը։
1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանը խորհրդայնացվեց, իսկ երկու տարի անց դարձավ Խորհրդային Միության մասը։ Կառավարության առաջնահերթ գործն արեւմտահայ բազմահազար գաղթականների խնդիրների լուծումն էր, կյանքի համար անհրաժեշտ միջոցներով նրանց ապահովելը։
1921 թվականից սկսած՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարները կազմակերպեցին նաեւ արտասահմանում ապաստանած հայության ներգաղթը դեպի Հայրենիք, ինչը, որոշ ընդհատումներով եւ տարբեր ծավալներով՝ շարունակվեց մինչեւ 1982 թվականը։