Ագիտացիա էին անում, որպեսզի ֆրանսահայերը ներգաղթեին Հայաստան: Մեր հայրենասիրությունն էին շահարկում. գիտեինք, որ երկիրը բավական կորուստ տված էր պատերազմի պատճառով, եւ աշխատող բազուկի պետքը կար։ Բնական է, երբեք չէին կարող մտածել էստեղից մեկնողները այն նյութական վիճակը, որ գոյություն ուներ Հայաստանում այդ ժամանակ։
Թշվառություն, թշվառություն. պատերազմից նոր դուրս եկած երկիր, ամեն ինչ պակաս էր։ Ամեն ինչ դժվար էր։ Ամբողջ ապրուստի միջոցները դժվար էին։ Արդյունաբերությունը կործանված էր, գյուղատնտեսությունը՝ նույնպես, աշխատող չկար։ Մարդիկ մի կերպ յոլա էին գնում։ Այդ «յոլա» բառը էնտեղ սովորեցինք։
Երեւանում մեզ ոչ թե տուն տվեցին, այլ կիսանկուղի պես բան, որտեղ չէինք կարողանում ապրել։ Գնացինք վարձով մնալու։ Ուրիշ ճար չկար։ Տեղի մարդիկ էլ չունեին բնակարան, շնորհքով մի հատ բնակարան չկար։
Ծնողքս ուրիշ զավակ չունեին, ապրուստի միջոց չունեին, ես պետք է հոգայի նրանց մասին։
Առաջին տարին մանկավարժական ինստիտուտում՝ հին կոլխոզ շուկայի մոտ, մի տարվա կուրս ստեղծեցին, որպեսզի ինձ նման երիտասարդները կարողանային մի քիչ հայերեն եւ ռուսերեն սովորել։
Հետո ես կոնկուրս (մրցույթ,-խմբ.) անցա՝ բժշկական իստիտուտ ընդունվելու համար: Մեծ բարեբախտություն ունեցա. հանձնաժողովի նախագահը անատոմիայի դասախոս Հակոբյանն էր, որ ասաց՝ ո՛չ ռուսերեն գիտեք, ո՛չ հայերեն գիտեք, բայց մյուս առարկաները եթե հաջողիք՝ կընդունվիք։ Էդպիսով, ֆիզիկայի, քիմիայի քննությունները հաջող տվեցի եւ ընդունվեցա բժշկական ինստիտուտ։ Ավարտեցի 1954-ին՝ գերազանց։
Սկսա աշխատել Լենինականում, որպես՝ պաթոլոգ-անատոմ։ Հետո վերադարձա Երեւան: Արդեն ամուսնացած էի: Ապրեցինք Երեւանի արվարձաններից մեկի մեջ՝ Թոխմախ գյոլի մոտ, գաջի գործարան։ Աշխատեցի բժշկական ինստիտուտում եւ բժիշկների վերապատրաստաման ինստիտուտում նաեւ, որպես պաթոլոգ-անատոմ եւ նաեւ դասատու-ասիստենտ։
Մենք չաքսորվեցանք, բայց մի օր առավոտը, կարծեմ 1949-ին էր, երբ որ զարթնեցինք, ինչ-որ մի անսովոր աղմուկ կար փողոցում։ Այդ ժամանակ իմացանք, որ մեր դրացիներից մեկը, որ դերձակ էր, իր կնոջ եւ երեխաների հետ աքսորվել էր: Չիմացանք՝ ինչի համար։ Կարծեմ, 1956-57-ին վերադարձան:
Մյուսներիս հանդեպ էլ խտրականություն ասվածը կար: Գիտությունների ակադեմիան ստեղծած էր կարդիոբիոլոգիայի բաժին՝ բիոլաբորատորիա։ Դիմեցի, քննությունները տվեցի: Մրցակից չկար: Մոտ երեք ամիս հետո վերջիվերջո հարցուցի՝ ի՞նչ եղավ արդյունքը: Պատասխանատուն ասաց՝ Ֆրանսիա ծնված ըլլալու եւ սկզբնական ֆրանսիական կրթություն ունենալու պատճառով չեք կարող այս ասպարեզը մտնել Գիտությունների ակադեմիայի ցանցում։ Ասացի՝ սկզբից կարող էիք ասել, որ չեմ կարող այդտեղ աշխատել։
Քանի անգամ փորձեցի գիտական աշխատանք սկսել՝ բժշկական ինստիտուտի պաթոլոգ-անատոմայի ամբիոնի մեջ, եւ ամեն անգամ խոչընդոտ էր առաջացած։ Բան չկա, չմեռա, ապրեցի, վերապրեցի։
Բարեբախտաբար, աշխատանքս այնպես էր, որ կարող էի մեկուկես աշխատավարձ ստանալ։ Բացի դրանից, տանս մեջ կարողացա ստեղծել բժշկական, այդ թվում՝ արյան քննության լաբորատորիա, որպեսզի մի քիչ դրամ ունենայի, կարողանայի ընտանիքս պահել, որովհետեւ աշխատավարձս չէր հերիքում։
Հաջողեցա, չկողոպտեցի, փափախ չարեցի: Ամեն մարդ գիտեր, որ իրիկունը տունս արյան քննություն եմ անում եւ այլ քննություններ եմ անում։ Կարողացա ապրել եւ ոչ ոքի պարտք չէի։
Մի անգամ ամբիոնի վարիչ Ալեքսանդր Գրիգորիչը խոսում էր, թե ամեն մարդ գողանում է: Ասացի՝ ես էլ եմ գողանում: Հա՛, հա՛, հա՛, ի՞նչ ես գողանում: Ես իմ հանգստի ժամանակն եմ գողանում՝ ասացի։ Չստեցի, չծածկեցի իրականությունը, բացեիբաց ասացի, որ աշխատում եմ՝ ուտում եմ։ Բնական է, այնպիսի չափով, որ դժվար չլինի մարդոց, նրանք էլ ինձ նման դժվար կյանքով էին ապրում, չէի կարող առիթից օգտվել եւ հարստանալ իրենց հաշվին։ Կարողացա մի քիչ օգնել ընտանիքիս։
Հարստացա՞նք: Չէ՛, պահպանեցինք։
Իսկ 1966թ. հուլիսին վերադարձանք Ֆրանսա, եւ նորից-նոր բժշկական աշխատանքս սկսա։