Ծնվել եմ 1942 թվին, որ եկանք Հայաստան, վեց տարեկան էի: Հիշում եմ, ապրում էինք Սուդանում: Ես, քույրս, նորածին ախպերս ապրում էինք տան մեջ փակված. դուրս գալ, խաղալ չկար: Պապաս ուզում էր մեզ բերել Հայաստան, մամաս մեզ աղոթք էր սովորացրել. «Աստված ջան, մեզի շուտ Հայաստան տար»:
Հիշում եմ՝ նավահանգստում մեզ ճանապարհում էին մորաքույրերս, հորաքույրերս, մի մորաքույրս մատիտ, գրենական պիտույքներ տվեց: Բաթումից գնացքով եկանք Երեւան: Գնացքի մեջ ասում էին՝ զգույշ եղեք, մի տեսակ վախենում էինք: Բայց Երևանում մեզ շատ լավ դիմավորեցին: Մեր ընտանիքին մեր ապրանքներով մի բեռնատար դրին, տարան մի քանի տեղեր ցույց տվին: Վերջը մամայիս դուր եկավ Երրորդ մասի (թաղամաս Երեւանում) 3-րդ շենքը։ Ընդհանուր բնակարան էր առաջին հարկում, պատշգամբ ուներ։ Այստեղ փոքր քույր ունեցանք՝ Ազատուհին: Մեծ քրոջս անունը Ալիս էր, եղբորս անունը՝ Օհան:
Շատ լավ մանկություն ունեցանք Հայաստանում: Դպրոց գնացինք, ընկերներով խաղացինք: Բակում ճամբար էինք ստեղծում, վազում, ծառերի վրա էինք բարձրանում:
Պապաս (Առաքել Սեմիրջյան) աշխատեց, մեզ պահեց: Աշխատեց Պոլիվինիլացետատ գործարանում, հետո՝ վարորդ, հետո՝ առաքիչ: Իսկ մամաս, թեև Եգիպտոսում բուժքույրի կրթություն էր ստացել, չաշխատեց, մնաց տանը, մեզ նայեց:
Դժվարություն չի եղել, ապրել ենք, ինչպես բոլորն են ապրում: Շռայլ-շռայլ ոչ մեկը չէր ապրում, բոլորը՝ հավասար. մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս: Էդպես ապրում էինք պապայիս աշխատանքով: Հարևան տատիկ կար. հիշում եմ՝ միայն չայ էր խմում։
Աքսորի մասին լսելով ենք իմացել: Ծնողներս միշտ զգուշացնում էին, որ Ստալինի մասին բան չխոսենք: Իրար մատնում էին: Բարեկամը բարեկամին մատնում էր: Մենք որ Հայաստան գնացինք, ոչ մի բարեկամ չունեինք: Գուցե դրա համար Սիբիրի ճամփան չբռնեցինք:
Ստալինի մեռնելու օրը տանն էինք: Մարդիկ իրար կամաց ասում էին, որ Ստալինը մահացել է: Հետոս սկսեցին բարձրաձայն խոսել: Մենք առանձնապես էդքան էլ չտխրեցինք:
Խտրականություն ամեն ժամանակ էլ եղել է: Լավ չէր, որ հայրենադարձներին տեղի ժողովրդից տարբերում էին: Բայց մենք շատ լավ խաղում էինք բոլոր երեխաների հետ, դպրոց էինք գնում ու հարգված, սիրված էինք մեր հարևանների կողմից:
Ընդհանուր առմամբ ես, քույրս, եղբայրս շատ ուրախ ենք, որ Հայաստանում ենք մեծացել, հայ ենք դարձել: Հիշում եմ՝ ծնողներս դժգոհ էին, բայց հիմա ես հետ եմ նայում՝ հայրս ճիշտ որոշում էր արել, որ մեզ տարել էր Հայաստան: Երկնքից թող լսի:
Եկել ենք Ամերիկա. Այստեղ էլ բաժանումներ կան՝ հայաստանցի, լիբանանցի, պարսկահայ… Ինձ համար տարբերություն չկա. մարդս մարդ լինի, կարգին մարդ լինի: Բայց տարբեր տեղերի հայերը մինչև հիմա էլ իրար լավ չեն հասկանում: Այդ չհասկնալը, ամերիկացիների ասած՝ քոմյունիքեյշնի (հաղորդակցության) բացակայությունը մեծապես խանգարել է նաև ներգաղթի տարիներին: Ոչ տեղացիներին են բացատրել, որ հայրենիք են գալու հայեր՝ ջարդերից փրկված, իրար կորցրած-գտած, ոչ էլ նորեկողներիս են բացատրել, որ հայաստանցիները պատերազմ են տեսել, դժվարությունների մեջ են։ Դրա համար էլ մի տեսակ իրար չէինք հասկանում:
Երևանում ամուսնացա Լևոն Կոշկարյանի հետ՝ նույնպես հայրենադարձ: Ամուսնուս վրա դրել էին իր հորեղբոր անունը: Ջարդի ժամանակ Ամերիկայից ճամփա է ընկնում, որ գա Խարբերդ՝ սիրած աղջկան ազատի, ինքն էլ է սպանվում: Սկեսրայրս ջարդից առաջ գնացել էր Ամերիկա, բայց 1918-19 թվերին որպես կամավոր հետ է գալիս՝ Կիլիկիան ազատագրելու, հետո հիասթափված դարձյալ գնում է Ամերիկա: ԱՄՆ-ում երեք հոգով մի ընկերություն էին բացել՝ հին ապրանքներ էին տանում Մերձավոր Արևելք, ծախում էին։ Սկեսրայրս էդ գործերով գնում է Սիրիա: Դեռ Ամերիկայում կոմունիստական կուսակցությանն է անդամակցած լինում: Երբ սկսվում է ներգաղթը, ընտանիքով գալիս է Հայաստան:
Մենք Ամերիկա եկանք ամուսնուս քույրերի հրավերով: Եկանք, որովհետեւ գիտեինք՝ բոլոր դռները փակ են, փակ վարագույր է, բայց հետո բացվեց: Պարզապես սովետի սիստեմում ամեն ինչ քոնթրոլի տակ էր, իսկ մենք ձգտում էինք ավելի շատ ազատության: Շատ դրական էինք տեսնում Ամերիկան՝ լենդ օֆ օպօրթյունիթի – հնարավորությունների երկիր: Եվ այդպիսին էլ կա՝ բոլորի համար: Ով հետևողական աշխատում, պայքարում է, հասնում է արդյունքի: Բայց այստեղ գալուց հետո շատ կարոտում ենք մեր հայրենիքը, մեր հարազատներին։
Ես ավելի պոզիտիվ մարդ եմ, Հայաստանում տեսած դրական բաներն եմ հիշում: Օրինակ՝ մեր տուն ստանալը, որ եղավ երգի-պարի անսամբլի ղեկավար Գեորգի Ասատրյանի միջամտությամբ: Եգիպտոսում համերգների ժամանակ մորաքույրերս էին խնդրել, որ լուծի մեր բնակարանի հարցը: Եվ լուծեց: Բա էդ դրական բանը մարդ չհիշիՙ՚՚՚ :
Կամ՝ ինչպես տատիկս առաջին տարիներին՝ մեզանից լուր չունենալով, հանդիպում է սովետական կոնսուլի (հյուպատոսի) հայ կցորդին եւ խնդրում, որ լուր բերի աղջկա ընտանիքից: Էդ մարդը երկու անգամ եկավ Երրորդ մասի մեր շենքը: Առաջին անգամ եկավ, ասաց, որ նամակ գրենք, երկրորդ անգամ եկավ՝ նամակը տանելու:
Սիստեմը ինչքան էլ վատը լինի, սովետական սիստեմի մեջ էլ էդ մարդիկ էդ լավությունը արեցին մեզ: Մեծ լավություն էր։
Ամերիկայում զավակներս լավ ապագա ունեն։ Միակ մտածելու բանն է, որ հայությունից չհեռանան: Կապը որ պահեն Հայաստանի հետ, լավ հայեր կլինեն: Իմ երեխաները հայերեն կարան խոսան, բայց գրել-կարդալ՝ ոչ: Խոսալն էլ արդեն դժվարանում են, բայց գիտեն, որ հայ են: Նույնն էլ թոռներս՝ ասում են, որ հայ են, բայց գրել-կարդալ չգիտեն։