Պապս` Առաքել Օհանի Սեմերջյանը, ծնվել է 1909 թվականին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքում: Ակնում և մերձակա գյուղերում եղեռնից առաջ հայերը կազմել են բնակչության ընդամենը քսան տոկոսը (մոտ 10 հազար), սակայն դա չի խանգարել, որ Ակնը հայ ժողովրդին տա այնպիսի մեծություններ, ինչպեսիք են Մեծարենցը, Սիամանթոն, Զոհրապը, Արփիար Արփիարյանը, Արշակ Չոպանյանը, Մինաս Չերազը և այլք:
Կոտորածի ժամանակ` 1915 թվին, սպանվել են պապիս հայրը և քույրը։ Մեծ եղբայրը՝ Խաչատուրը, կարողացել է ընտանիքի մյուս անդամներին (մորը` Աննային, եղբայրներին` Ղազարին, Հարությունին, Առաքելին և քրոջը` Հռիփսիմեին) փախցնել երկրից և տեղափոխել Սիրիա, այնուհետև` Հաբեշստան եւ վերջապես՝ Սուդան (քաղաք Գեդարիֆ):
Պապիս եղբայր Խաչատուրն իր վրա է վերցրել ընտանքի պատասխանատվությունը և, մինչև կյանքի վերջ չամուսնանալով` նվիրվել եղբայրների և քրոջ ընտանիքներին: Սուդանում Խաչիկի օգնությամբ պապս և իր եղբայրները բացել են կտորի խանութ, կտոր արտահանել հարևան երկրներ: Պապիս խանութի ֆետրե կտորից կարված վերարկուն, պարբերաբար ձևափոխելով, հագել են թե՛ հորաքույրներս, թե՛ հայրս և վերջում էլ ես:
Վերարկուն շուրջ 40 տարի օգտագործվելուց հետո չէր մաշվել, միայն աստառն էր փոքր ինչ քայքայվել։
Ակնից փախուստի ժամանակ, պապիս եղբայրը կոտորածից փրկվելու նպատակով ընտանիքի անդամների ազգանունները փոխում է՝ Ամիրյանից դարձնում Սեմերջյան, իսկ Սուդան հասնելուց հետո չի վերականգնում:
Հետագայում Հայաստանում հորս անձնագիր տալուց տառասխալ են թույլ տալիս և Սեմերջյանը դառնում է Սեմիրջյան, (հորաքույրներս մնում են Սեմերջյան)։ Հորս անձնագրում էլ որպես ծննդավայր նշվում է Սուդանի Գեդարիֆ քաղաքը, իսկ երկիրը՝ Եգիպտոս։ Սա էլ իր պատմությունն ունի։ Անձնագրային բաժնի աշխատակիցը հարցնում է՝ որտեղ է գտնվում Գեդարիֆը, պապս պատասխանում է` Սուդանում։ Պատասխանն արժանահավատ չի թվում եւ անձնագրավարը ճշտող հարց է տալիս. «Որտե՞ղ է գտնվում այդ քաղաքը»։ Եգիպտոսի կողքը՝ ասում է պապս։
Անձնագրավարուհին բարկանում է. «Ի՞նչ ես թիթիզություն անում, հենա ասա Եգիպտոս»։ Այդպես հորս անձնագրում գրվում է. «Սեմիրջյան Օհան, ծննդավայրը Եգիպտոս, քաղաք Գեդարիֆ»։
Կոտորածից հետո Սուդանում ձևավորվում է հայկական մեծ համայնք` մոտ 3000 հոգի։ Հիմնվում է եկեղեցի եւ դպրոց: Մինչ այժմ մոտ հիսուն հայ ընտանիք մնացել է Սուդանում ու մասամբ շարունակում է համայնքային կյանքը:
Գաղթական հայերի ֆինանսական համեմատաբար արագ կայացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Սուդանը, լինելով անգլիական գաղութ, խնդիր ուներ սպիտակամորթներով ղեկավարել երկիրը, և այդ պատճառով սպիտակամորթներին տնտեսական առավելություններ էին տրվում` արագ զարգանալու համար: Այդ արտոնությունների շնորհիվ պապս և իր եղբայրները բարձրացնում են իրենց բիզնեսը։
Սուդանի միակ լուսանկարչատունը կրկին բացում է ազգությամբ հայ Անդրանիկ Կազանջյանը։ Նա բիզնեսը զարգացնում է հարեւան երկրներում վաճառելով աֆրիկյան ջունգլիներում արած իր լուսանկարները։ Անդրանիկ Կազանջանն ընկերանում է պապիս հետ։ Նրանք սկսում են միասին շրջագայել հարևան երկրներում և լուսանկարել:
Դառնալով ճանաչված լուսանկարիչ` Կազանջյանն իր բիզնեսն է բացում Եգիպտոսում և հաճախակի այցերի ժամանակ էլ ամուսնանում է Պայծառ Յազմաջյանի հետ, ում քրոջ հետ էլ ծանոթացնում է պապիս։ Տատս` Ազնիվ Յազմաջյանը, 1915 թվականին ծնվել է Եգիպտոսում և ստացել այն ժամանակվա համար գերազանց կրթություն` սովորել է օրիորդաց վարժարանում, երգել եկեղեցում, այնուհետև ստացել բուժքույրի կրթություն:
Այս նորաստեղծ ընտանիքները մինչև 1946 թվականը ապրում են Սուդանում, ու երբ սկսվում է ներգաղթը, պապս որոշում է գալ Հայաստան: Այդ որոշումը բացասական արձագանք է ստանում ինչպես պապիս հարազատների, այնպես էլ տատիս հայրական ընտանիքի կողմից: Պապս վիճում է իր եղբայրների հետ, որոնք ամեն կերպ փորձում են նրան հետ պահել Հայաստան գալու մտքից, քանի որ ունեին ընտանեկան բավական հաջող բիզնես։ Պապս՝ չլսելով եղբայրներին, վաճառում է իր մասնաբաժինն ու տեղափոխվում Եգիպտոս, որտեղ էլ սպասում է ներգաղթողների Հայաստան տանող նավին։
1947-1948 թվականներին Եգիպտոսում, նավին սպասելիս, պապս իր ընտանիքով ապրում է տատիս ծնողների տանը, որոնք նույնպես դեմ էին Հայաստան գնալուն: Տատս պատմում էր, որ ինքը մեկ տարի պապիս համոզում էր չգնալ Հայաստան և մեկ տարի լաց էր լինում, որ չկտրվի իր ծնողներից ու հարազատներից, սակայն պապիս որոշումը փոխել չի հաջողվում, և 1948-ին նա ընտանիքով՝ կնոջ և Աննա, Ալիս, Օհան զավակների հետ ներգաղթում է Հայաստան, որտեղ էլ ծնվում է նրանց չորրորդ զավակը՝ Ազատուհի Սեմերջյանը:
Պապիս ընտանիքի ոչ մի անդամ չի հետևում նրա օրինակին։ Տատիս չորս քույրերն էլ մնում են Եգիպտոսում ու Հայաստան ներգաղթելու փոխարեն, հետագայում տեղափոխվում ԱՄՆ և Կանադա: Հայաստան ներգաղթելուց հետո պապս այդպես էլ հնարավորություն չի ունենում տեսնելու իր եղբայրներին։ Նույնպես տատս այլեւս չի տեսնում իր մորն ու հորը: Իսկ առաջին նամակը հարազատներից ստանում են միայն Ստալինի մահից հետո։
Հայաստանում պապիս ընտանիքին տեղավորում են 3-րդ մաս թաղամասում գտնվող մեկ սենյականոց կոմունալ բնակարանում, որտեղ էլ նրանք վեց հոգով ապրում են մինչև 1961 թվականը: Նոր բնակարան տեղափոխվելուց մեկ տարի առաջ պապս մահանում է, ինչից հետո ընտանիքի ամբողջ հոգսն ընկնում է տատիս վրա։ Նա սկսում է բրդյա վերնահագուստներ գործել ու վաճառել, որպեսզի ապահովի մանկահասակ երեխաների օրվա հացը: Այդ ընթացքում տատիս օգնում են նաև ԱՄՆ ու Կանադա տեղափոխված քույրերը, ովքեր այս կամ այն ճանապարհով փող են ուղարկում:
Այսքանով հանդերձ պապիս ընտանիքի «բախտը» բերում է՝ ոչ ոք չի աքսոորվում Սիբիր, բայց ինչպես վկայում են հորաքույրներս, ամեն անգամ, երբ իրենց փողոցով անցնելիս էր լինում «Չոռնի Վոռոնը» նրանք թաքնվում էին անկողնու տակ և վախենում, որ իրենց էլ կաքսորեն։
Հորաքույրներս մեծանալով ամուսնանում են ու նրանցից մեծը` Աննան, ամուսնու ու երկու զավակների հետ 1980-ին արտագաղթում է ԱՄՆ, Ալիսն ամուսնու հետ 1976-ին՝ Սիրիա, իսկ Ազատուհին 1992-ին ամուսնու և երկու զավակների հետ՝ Ֆրանսիա:
Ի դեպ նշեմ, որ նրանց ամուսինների ընտանիքները նույնպես ամբողջությամբ արտագաղթում են տարբեր երկրներ:
Այժմ հայրս Հայաստանում բնակվող միգուցե միակ սուդանահայն է ու նաև իր ընտանիքի միակ զավակը, ով Հայաստան վերադառնալուց հետո երկրից չարտագաղթեց:
Հ.Գ. Պապիս եղբայրները, իրենց եղբոր վաղաժամ մահից հետո, Սուդանում տուն և հող են գնում` Առաքել Սեմերջյանի անունով և այն ժառանգում Առաքելի զավակներին: Ժառանգելուց ուղիղ 50 տարի հետո, Սիրիայում բնակվող հորաքույրս կարողանում է գտնել փաստաբան և ժառանգությունը հաստատելով` այդ հողն ու տունը վաճառել Սուդանի Ղպտիական եկեղեցուն: Գումարի` հորս հասանելիք բաժինը 50 տարի անց հասավ ինձ, ու ես այդ փողով վերանորոգեցի հողամասիս սալահատակը ու գնեցի ճապոնական օգտագործած մեքենա` Հայաստանի Հանրապետության ճանապարհներով հարմարավետ երթևեկելու համար:
Առաքել Սեմիրջյան