Շատ լավ եմ հիշում՝ պատվիրակներ եկան Դամասկոս եւ սկսեցին քարոզել, համոզել մարդկանց, որպեսզի Հայաստան գան: Դաշնակցականները շատ խիստ դեմ էին, իսկ հնչակյանները, պարզ է, կողմ էին: Ժողովուրդը ոգեւորված իրար անցավ, թոհուբոհ էր: Հայրս հօգուտ հայրենադարձության աշխատանք էր տանում: Պատվիրակների մի խումբը գնում էր, մյուսն էր գալիս: Նրանք ասում էին՝ Հայաստանում աշխատանք կա, տները պատրաստ են, իսկ հավերը պատերի տակ ձու են ածում, կարող եք հավաքել, օգտվել:
Մարդկանց խումբ-խումբ էին ուղարկում Հայաստան՝ Բեյրութի նավահանգստից: Ծովի ափին մեզ տաղավարների մեջ տեղավորեցին: Գետնին՝ քուրջեր, փալասներ: Օրերով սպասում էինք, որ նավը գա: Հարազատները եկել էին ճանապարհելու. մի կողմից՝ ուրախություն, մի կողմից՝ լաց ու կոծ: Պապիկիս հետ վերջին անգամ լուսանկարվեցի Բեյրութի կարանտինայում, ունեմ էդ նկարը: Իմ հայրս ծերացած ծնողներին այնտեղ թողեց, որովհետեւ հորական պապս դաշնակ էր:
Մենք «Պոբեդա» նավով եկանք: Ուրախ երգելով, պարելով գալիս էինք:
Հայաստանի ճամփան քարոտ է, քարոտ,
Ստալինը մեզի կարոտ է, կարոտ,
Հեյ ջա՛ն, Երեւա՛ն, սիրու՛ն Երեւան:
Էսպես երգելով եկանք: Էնքան միամիտ էինք, որ չմտածեցինք՝ պատերազմից նոր դուրս եկած, քայքայված երկիր ենք գալիս:
Մեծ հիասթափություն ապրեցինք Բաթում հասնելուն պես. հենց հայրս տեսավ, որ կանայք ինչ-որ սայլակներ են քարշ տալիս, բեռներ են տեղափոխում, մամայիս ասաց` Վարդուհի՛, կործանվեցինք… Ամբողջ ժողովուրդը հիասթափվեց արդեն նավի մեջ: Հաց էին տալիս, քամեիր` ջուրը կքամվեր: Սեւ հաց էր: Ասում էին` գինիով է շաղախված:
Մեզ Հայաստան բերեցին ապրանքատար վագոններով, ամեն մի վագոնի մեջ՝ մի տասը ընտանիք: Գարշահոտության եւ աղմուկ-աղաղակի մեջ մտանք Հայաստան, բայց երբ Մասիսները տեսան մարդիկ, շատ մեծ ուրախություն ապրեցին: Մոռացանք էդ բոլոր տանջանքները:
Ավելի վաղ հայրենադարձվածները եկել էին կայարան, տեսնեն՝ հարազատ կա՞, թե չէ: Լեւոն Տեր-Պետրոսյանի մայրը, հորեղբոր կինը, ուրիշ բարեկամներ եկել էին դիմավորելու: Հենց մեզ տեսան, ուրախությունից չգիտեին, թե ինչ անեն՝ վա՜յ, Վարդուհի՛, դու՞ք էլ եկաք:
Գնացքի մեջ մթերք էին բաժանել՝ հաց, պանիր, երշիկեղեն. ահավոր հոտ էր գալիս: Մամաս Լեւոնի հորեղբոր կնկան ասաց` Սիմա՛, թափելու եմ էս պանիրը, հոտ է գալիս: Չէ՛, Վարդուհի՛, տուր մեզ, ինչ թափելու բան է՝ ասաց:
Հակառակի նման՝ էդ տարին էնքան ձյուն էր գալիս, որ քայլել չէր լինում: Կանայք պատերազմից եկած իրենց տղամարդկանց տելոգրեյկաներով (բամբակե բաճկոն) էին ու չարոխներով, տրեխներով: Դեռ գերմանացի գերիներ կային էստեղ: Պլանի գլխից տրամվայը որ կառուցեցին, գերմանացի գերիներն էին աշխատում էնտեղ:
Մեզ հետ եկած հայրենադարձներին տարան Սիսիան, Գորիս, Դիլիջան, Կիրովական, նույնիսկ՝ հեռավոր գյուղեր: Մեզ էլ Երեւանում թողեցին: Հետո հողամաս ու վարկ տվեց պետությունը, որ տուն կառուցենք: Բայց էդ սովի տարիներին ո՞վ էր տուն սարքողը, մի հատ խրճիթ էին սարքում մարդիկ, հազիվ տեղավորվում մեջը, իսկ վարկը ուտելու էին տալիս:
Էստեղ մենակ ֆիննական բարաքներ կային ու քարե մի քանի տնակներ: Մարդիկ դրանց մեջ տեղավորվեցին, մինչև իրենց տները կսարքեին: Ու էդպես Երեւանում աճեց Զեյթունը: Ամայի տեղ էր, գայլեր էին ոռնում: 1946-ին հիմնադրվեց էս թաղամասը: Իսկ Հաղթանակ զբոսայգին՝ Մոնումենտը, մեր ժամանակ է կառուցվել: Ոչինչ չկար, չոլ էր: Դպրոցական էինք, Պիոներ պալատ ոտքով էինք իջնում. տրանսպորտ չկար, ոչ մի բան չկար բացարձակապես։
Քաղաքականությունից հեռու մարդ եմ, բայց գիտեմ, որ մեր գալը պետք էր, որպեսզի բնակչության քանակ ապահովեինք, և ավտոնոմ (ինքնավար) հանրապետություն չդառնար Հայաստանը. չկցեին Ադրբեջանին կամ Վրաստանին: Բայց թող գոնե բացատրեին:
Տեղացիները սուրերով ընդունեցին մեզ: Երեւի մտածեցին, որ իրենք աշխատանք չունեն, իրենք ուտելու հաց չունեն, ոչինչ չունեն, եկել ենք, իրենց բաժինն ենք ուտում: Մենք որ եկանք, մոռացան Արևմտյան Հայաստանից 1915-ի փախստականներին, որոնց գաղթականներ էին կոչում, սկսեցին մեզ ծաղրել, «ախպար» անվանել, ինչ է թե՝ «եղբայր» բառը մեր արեւմտահայերենով արտասանում էինք «ախպար»: Մենք տեղացիներին աղջիկ չէինք տալիս, իրենք մեզ աղջիկ չէին տալիս: Տեղացիներ կային, որ մեզ «կեղտոտ ախպարներ» էին կոչում, հայրենադարձներ կային, որ տեղացիներին «կեղտոտ շներ» էին անվանում:
Մեր նամակները ԿԳԲ-ն ստուգում էր: Մենք էլ պարոլով (գաղտնաբառով) իրար փորձում էինք որեւէ բան հասկացնել: Հետո սկսվեց աքսորը. գիշերը քնում էինք, առավոտը տեսնում էինք՝ հարեւանը չկա: Գիշերը գալիս էին փակ մեքենաներով, առնում-տանում էին Սիբիր: Լաց ու կոծ, վայնասուն: Էդ մատնիչները մեր մեջ էին, բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ մատնություն էին տալիս:
Սիբիրին էդ ժամանակ մարդ էր պետք: Ովքեր արտասահմանում մոտ հարազատներ ունեին, նրանցից շատերին աքսորեցին: Աքսորվածի ընտանիքի անդամներին էստեղ տեղ չէին տալիս, ոչ մի բանում չէին ընդառաջում. աքսորվածի ընտանիք ես, ու վերջ:
Մենք էլ էինք վախենում, որ մեզ էլ կաքսորեն, որովհետեւ հայրս սկզբում շատ կոպիտ էր վերաբերվում, քանի որ մեզ խաբելով էին բերել: Բայց չեղավ նման բան:
Ստալինի մահվանից հետո էդ մարդիկ արդարացվեցին եւ հետ վերադարձան:
Հայաստանից փախուստի դեպքեր էլ եղել են, հատկապես՝ երիտասարդների մեջ: Մեկը՝ իմ տեգրս. Լենինականում ապրելիս փախուստի փորձի ժամանակ բռնվել, հինգ տարի բանտ է նստել:
Հայրենադարձներին շրջկոմ, գործկոմ աշխատանքի չէին ընդունում՝ կասկածելի մարդիկ համարելով, նման տեղերում նույնիսկ հավաքարարի գործ չէին տալիս հայրենադարձին: Ճիշտ է, ես Ժողկրթբաժնում եմ աշխատել, բայց դա արդեն 1970-ական թվականներն էին: Հայրիկս, ի դեպ, կոմունիստ էր, անհատական թոշակ էր ստանում:
Հայրենադարձները Հայաստան արհեստներ բերեցին. լավ վարսավիրները, լավ դերձակները, լավ կոշկակարները բոլորը հայրենադարձներ էին: Նրանք սովոր էին մասնավոր աշխատանքի: Հիմնարկներում աշխատում էին, բայց տանը արհեստով էին զբաղված: ֆինբաժնի տեսուչը գիտեր, գալիս, գլխին կանգնում էր՝ իր կաշառքը վերցնում, որպեսզի չմատնի: Դա մասնավոր գործ էր, պետությունը թույլ չէր տալիս:
Շատ նորանոր ուտելիքների կուլտուրա բերեցին իրենց հետ հայրենադարձները: Տեղացիները չգիտեին, թե ինչ է զեյթունը կամ ինչ է սուրճը. ասում էին՝ ը՛ղկ, էս ախպարները, ինչ զիբիլ ասես, որ չեն ուտում: Ամուսինս մի անգամ բանան բերեց: Առաջին անգամ էին ստացել խանութում: Ասում եմ՝ էս ինչու՞ են ծայրերը թռած, ասում է՝ գռուզավիկից թափում էին բահերով, ես էլ վերցրի:
Մենք երկու քույր ենք: Քույրս իր ընտանիքը հավաքեց, գնաց Հայաստանից: Ես` չէ, որովհետեւ աշխատանքս լավ էր, հարգված էի, սիրված էի, մանրուքների վրա ուշադրություն չէի դարձնում: Հետո՝ ես իմ երկիրը սիրում եմ: Սա մեր տունն է, մեր ընտանիքը, էստեղից մեզ ո՞վ կվռնդի: Իսկ Սիրիայում ու Լիբանանում արաբների հետ հենց որ ընդհարվում էինք, ասում էին` թողեք-գնացեք ձե՛ր երկիրը: