Հայրս ծնվել էր որբանոցում, եւ երազանքն էր՝ ապրել հայրենիքում: 1946-ին, երբ կազմակերպվեց հայրենադարձությունը, հայրս ամեն ինչ արեց, որպեսզի առաջին քարավանով հասնի Հայաստան:
Հայրս Երկրորդ համաշխարհային պատերազմում հաշմանդամ էր դարձել, ուներ երկու փոքր, արու զավակ, մայրս էլ հղի էր ինձնով: Երբ իրերը տեղավորում են Հայաստան եկող նավի մեջ, Եգիպտոսի մեր հոգեւոր առաջնորդ Մամբրե սրբազանը հայրիկիս գիշերով կանչում է իր մոտ: Սրբազանը նույնիսկ ծնկի է գալիս` Աշո՛տ, մի՛ գնա հայրենիք, դա քո իմացածը չէ, կգնաս՝ եւ՛ զավակներդ կկործանվեն, եւ՛ դու: Հայրս պատմում էր, որ հիմարաբար նույնիսկ մի կողմ է հրել այդ մարդուն եւ ասել` դու դավաճան ես, դու դաշնակցական ես եւ չես ուզում փրկել մեր հայրենիքը:
Հաջորդ օրը մեր ընտանիքը «Պոբեդա» նավն է բարձրանում: Քանի որ արաբների մոտ ընդունված է, որ հղի կնոջը ընդհանրապես չպետք է մոտենան, մայրիկիս չեն խուզարկում: Իսկ տատիկիս կարած նրա վերարկուի մեջ մեր ամբողջ հարստությունն էր, որը հայրիկս կուտակել էր Կահիրեում, իսկ դրանից առաջ՝ Ալեքսանդրիայում ունեցած իր ավտոների պարկը աշխատեցնելով: Մայրս պատմում էր, որ վախից, թե մի բան կընկնի իր վերարկուի միջից, նստած տեղում չէր կարողանում շարժվել:
Մյուսները երգում, պարում էին, բայց՝ մինչեւ Բաթում հասնելը:
Այստեղ նրանց կարգադրում են իրենց մոտ եղած սնունդը՝ բանան, նարինջ…, թափել ծովը. կարող է վարակված լինել՝ ասելով: Դրանք ջրի վրա լողում էին, ու հանկարծ ափից մարդիկ սկսում են լողալով գալ, հավաքել: Բաթումում յուրաքանչյուրին «ցեխի նման» մի կտոր հաց են տալիս։
Երեւանի կայարանում՝ առանց որեւէ մեկի ցանկությունը հարցնելու, մարդկանց նստեցնում են բեռնատար մեքենաները, քշում դեպի Լենինական՝ ամեն մի գյուղում պատահական ընտրությամբ իջեցնելով մեկ կամ երկու ընտանիք: Այդպես, մերոնց բաժին է ընկնում Արթիկի շրջանի Վարդաքար գյուղը, որտեղ գյուղխորհրդի նախագահը նրանց մի սենյակ է տալիս. հատակը՝ հող եւ սոսկալի պայմաններ:
Հայրս անմիջապես պահանջում է, որ իրենց հետ ուղարկեն Երեւան: Պատասխանում են՝ գիշերը ձյուն է եկել, ճանապարհները փակ են:
Մայրս իր հետ բերած օճառից ու դեղորայքից բաժին է հանում գյուղացիներին: Նրան այնտեղ բուժքույր են նշանակում: Շուտով ծնվում եմ ես՝ այն եղանակով, ինչպես այն ժամանակ այդ վայրում ընդունված էր. թոնիրից մոխիրը հանում, փռում են մի տեղ եւ ծնունդը ընդունում են մոխիրի վրա:
Հաջորդ զավեշտը լինում է այն, որ իմ ծնունդը գրանցում են մի քանի ամիս հետո, երբ ձյունը հալվում է, ճամփաները՝ բացվում: Գյուղխորհրդի նախագահը գնում է Արթիկ: Գյուղի նորածինների ոչ անուններն է հիշում, ոչ` ազգանունները: Օհանյան ազգանունս մոտավոր Հովհաննիսյան է հիշում, իսկ ծնողներիս դրած Աստղիկ անունը չի հիշում, վերցնում, ինձ կպցնում է Գերմանիայում կռվի ժամանակ իր սիրած աղջկա՝ Էմիլյայի անունը:
Հետագայում ազգանունս կարողացանք վերականգնել, բայց անունս պատկան մարմինները մերժեցին փոխել:
Հայրիկիս աքսորել են 1949 թվականին: Մի օր գիշերով եկել է մեքենան, որին ժողովուրդը «չոռնի վոռ» էր անվանում, միջից իջել են երեք տղամարդիկ՝ երկար, կաշվե վերարկուներով, եւ հայրիկիս ձերբակալել են: Երկու տարի նրան պահել են ներքին գործերի, ԿԳԲ-ի պադվալներում (նկուղներում): Ինքը լավ մասնագետ էր՝ մեխանիկ. Հայէլեկտրո գործարանի համար Գերմանիայից բերել էին հաստոցներ, երկու տարի շարունակ հայրիկիս տարել են դրանք աշխատեցնելու եւ մասնագետներ պատրաստելու: Պատմում էր, որ ամեն անգամ գործարան մտնելիս աչքերը կապում էին:
Հետո Ստալինը հրաման տվեց, որ քաղբանտարկյալները իրավունք չունեն իրենց բնակավայրում մնալու, եւ հայրիկիս քշեցին Սիբիր: Երբ կարդում եմ, թե որ բանտերում է եղել, զարմանում եմ, թե ինչ ամուր մարդ է եղել, ինչպես է դիմացել: Պատմում էր, որ մեշոկներ (պարկեր) էին քաշում իրենց գլուխներին ու չորս-հինգ հոգով սապոգներով ծեծում էին:
Եվ գիտե՞ք, թե որն է եղել էդ մարդու մեղքը. արդարացման ժամանակ իմացանք՝ իբրեւ թե հայրենիքը չի հավանել:
Քննիչը, որը զբաղվում էր հայրիկիս գործով (գրված է ինձ մոտ այդ մարդու անունը), բոլոր փաստաթղթերը հավաքում է տանից եւ այլեւս չի վերադարձնում:
Սիբիրի Վլադիմիրյան բանտում հայրիկիս հինգ խցակիցներից մեկը Գարեգին Նժդեհն էր: Նրա վերջին օրերի մասին պատմում էր՝ Նժդեհի նման մարդն անզոր, ոտքերը՝ ուռած, պառկած էր… Վեց հոգուց երեքը քրեական էին, երեքը՝ քաղաքական: Հայրս պատմում էր, որ քրեականներին հատուկ էին գցում քաղբանտարկյալների հետ, որպեսզի քաղաքականներին ճնշած պահեին: Էդ քրեականներից մեկը Սարի-թաղից է լինում, մյուսը՝ Յոնջալախից, երրորդը՝ չեմ հիշում: Մի անգամ նրանք ղումար խաղալիս են լինում, Նժդեհը վերևի իր մահճակալից կռանում, ներքեւ է նայում ու ասում՝ թշվա՛ռ Հայաստան, եթե քո ապագան սրանք են:
Հայրս մի երգ էր երգում. միայն գիտեի, որ բանտերում գրված երգ է: Երբ Նժդեհի մասին հոդված էի գրում, իմացա, որ այդ երգի հեղինակը հենց Նժդեհն է.
Արազի ափին ծնված ընկե՛ր,
Էն Արազին ես ղուրբան.
Մութ բանտերում տանջված ընկե՛ր,
Սուրբ տանջանքիդ ես ղուրբան:
Ստալինի, կներեք, բայց պիտի ասեմ՝ սատկելուց հետո, հայրս վերադարձավ: Իսկ մայրիկիս վրա, քիչ էր, որ ախպար էին ասում, կպած էր երկրորդ պիտակը` քաղբանտարկյալի կին: Մայրս քսաներեք տարեկան, գեղեցիկ կին էր՝ երեք մանր երեխա ձեռքին:
Նախկինում շատ լավ կյանքին սովոր կինը՝ ճարահատյալ, Մոնումենտի շինարարության վրա է աշխատում, որտեղ Ստալինի արձանը պիտի դրվեր: Պոդյոմնի կռանի (ամբարձիչ կռունկ) աշխատանքն էր ղեկավարում: Լավագույն մասնագետ էին համարում: Երբ Հանրապետության հրապարակի փոստի շենքն էին կառուցում, մեզ ժամանակավոր տուն տվեցին հենց դրա բակում: Հետո մեկ սենյականոց բնակարան տվեցին:
Մի սարսափելի դեպք եմ հիշում իմ մանկության տարիներից. որպես հայրենադարձ, երբեք չի ջնջվի իմ ուղեղից: Դե, արեւմտահայերենի ազդեցությունը մեր բոլորի լեզվում կար, չնայած ծնողներս փորձում էին խոսել արեւելահայերեն: Եւ ահա, տարրական դասարաններում ունեի ռուսերենի մի շատ լավ ուսուցչուհի: Տարիքով կին էր, ինձ միշտ օգնում էր: Գիտեք՝ հայրենադարձները` դ-տ, բ-պ-փ խառնում են, եւ այդ տարեց կինը ինձ շատ էր օգում՝ դա շտկելու:
Հետո նրան փոխարինելու եկավ ռուսերենի ուրիշ ուսուցչուհի, ռուս էր` Նինա Իվանովնա: Ես գրատախտակին գրելիս նորից դ-ն եւ տ-ն խառնեցի իրար, երեխաները ասացին՝ նա միշտ դրանք խառնում է, որովհետեւ իրենք հայրենադարձ են: Այս կնոջ վրա այնպիսի մի չարություն իջավ՝ կարմիր խնձո՞ր ուղարկեցինք, որ եկաք: Մոտեցավ, դպրոցական համազգեստիս սեւ գոգնոցի ծայրից էնպես քաշեց, որ գոգնոցս պատռվեց: Ես լաց լինելով եկա տուն:
Հայրս նոր էր վերադարձել աքսորից: Գնաց դպրոց եւ մեծ աղմուկ բարձրացրեց: Բայց էդ «կարմիր խնձորը» մնաց իմ գիտակցության մեջ:
Ինձ ապշեցնում էր հորս հայրենասիրությունը. անգամ այդ վիճակների մեջ ինքը միշտ ասում էր` հայրենիքը ուրիշ է, դուք պիտի հասկանաք, որ սա երկար չի տեւի, որ Հայաստանը պիտի ազատ լինի: Որ աքսորից եկավ, երգում էր արգելված բոլոր հայրենասիրական երգերը: Մայրս ասում էր` քի՞չ ես սառույց կերել, էլի՞ ես ուզում: Ինքը ասում էր՝ թող ուտեմ, բայց մեր երեխաները պիտի իմանան`մենք ով ենք: