Հինգ տարեկան էի, որ Հունաստանից վերջին քարավանով եկանք Հայաստան: Հայրս վեջիններից էր, որ կարողացավ հաջողացնել եւ գալ: Շատ հայրենասեր էր, անպայման ուզում էր գալ: Լավ գործի էր, էնտեղ կոշիկի ֆաբրիկա ուներ, անուն ուներ։ Իրա աշխատողներին էլ բերեց, Գերմանիայից մեքենաներ գնեց, որ միասին էլի աշխատեն: Իրան խոսք էին տվել՝ Հայաստանում թույլ կտանք աշխատես: Ոգեւորված եկավ ու անմիջապես երկհարկանի տուն սարքեց գաջի գործարանի մոտ: Նաև խոստացած արտելը տվին, սկսեց աշխատել, բայց երկար չտեւեց:
Աքսորը հիշում եմ, որոշ բաներ էլ պատմելով եմ հիշում: Եկան զինվորականներ գռուզավիկով (բեռնատար), ասացին, որ խուճապի չմատնվենք: Հայրս կարծեց, թե միայն իրեն են տանում, իսկ մայրս ասաց. «Չվախենա՛ս, ուր էլ գնանք՝ ընտանիքով ենք գնալու»։ Մի զինվորականը լավ մարդ էր, ասաց՝ իրար մի անցեք, մեկ ա պիտի աքսորվեք: Պապաս դաշնակ էր եղել, նաև շատ ունեւոր էր եղել. իբր դա էր պատճառը:
Հորս ասացին, որ հետը վերցնի արհեստի բոլոր գործիքները, տաք շորեր: Անկողինները բոլորը թափել էին տվել, հիշում եմ բրդերը թափված։ Բայց ինձ, տաք վերմակով փաթաթված, էդ զինվորականը իր գիրկն էր նստեցրել, իսկ հայրս, մայրս ու երկու եղբայրս՝ թափքում էին:
Ոչ մեկին լուր չտվինք, նույնիսկ տատիկիս: Ասացին՝ ժամանակ չկա: Մեզ տարան Ուլուխանլու կայարան, որտեղ շատ մարդիկ էին հավաքվել՝ նույն ճակատագրով: Դա մի քիչ մխիթարեց հորս: Պապաս շատ էր վախեցել, որովհետև ինքը բացի լավ գործերից, բացի լավություններից, ուրիշ բան չէր արել: Շատ էր զարմացել՝ ինչո՞ւ իրա հետ սենց բան եղավ։ Մեզի բոլորիս հերթով նստացրին տավառնի (ապրանքատար) վագոններ ու դուռը փակեցին։
Շաբաթից ավել ճանապարհ գնացինք: Ինչ կայարաններում, որ կկայնեին, ժողովրդին անտառի մեջ էին տուալետ ուղարկում: Մի օր մեր երիտասարդ տղաները փախչում են քաղաք, ուշանում են: Մեզի պատիժ են տալիս՝ մյուս կայարանում չեն կանգնում: Երեխա կա մեջը, հիվանդ կա, մեծ մարդ, հղի կին. ոՙ՚ նց կարելի ա դուրս չելլաս... Պապաս ջղայնանում է, պզտիկ պատուհանից դուրս ա նայում ու ասում. «Թքեմ ձեր նամուսին»։
Հայրս խելացի մարդ էր, շարունակ հեքիաթներ էր պատմում, հաճախ ինքն էր հորինում, հանգստացնում էր մարդկանց: Տեղ հասանք։ Մի գյուղ՝ ոչ տուն կա, ոչ բան, անունը Բլինովո: Մի տեղ տվին. հատակի տախտակները, որ կողմը ոտքդ դնում էիր, փոս էին ընկնում: Երկու եղբոր մի քույր էի՝ ձեռքի վրա պահած: Վատ էի տանում, լաց էի լինում: Էդ ժամանակ սոխը նոր ծաղկած էր, հարևան ռուսները սոխի գլուխները տալիս էին, ցվետոկ, ցվետոկ ասելով՝ զբաղացնում էին ինձ:
Մեր բնակավայրը Սոռոկինսկի ռայոնում էր, գետի ափին: Գյուղում շատ մարդ չկար: Հայերին օգնում էինք: Եղբայրներս հաճախ իրենք էին տանում, ամանները գետում լվանում, մեկ-մեկ էլ գդալ կամ պատառաքաղ կորցնում ջրում։
Մեզի սկզբում ասին՝ պիտի մնաք, ձեզի հետ գնալ չկա: Շաբաթը մեկ պիտի ներկայանայիր, ստորագրեիր: Իրավունք չունեիր էդ գյուղից ոչ մի տեղ գնալու: Պապաս մի քանի զույգ կոշիկ էր հետը տարել՝ մեջի պիտակներով: Էդ գյուղի մեծը, տեսնելով՝ հետաքրքրվում է՝ ոՙ՚ վ է կարել: Պապաս վախենում է միանգամից պատասխանել՝ հանկարծ չբռնեն: Բայց հետո հասկացնում է, որ արհեստավոր է:
Էդտեղ գոմերի շենք կար, պապայիս տեղ է տալիս, կաշի է տալիս, ասում է՝ խումբ հավաքիր, վալենկաներ կարեք: Պապաս լավ վարպետների հավաքեց, մեծ եղբայրս էլ սայաջի (կոշիկի տակացու պատրաստող) էր: Սկսեցին գործ անել, լավ առաջ գնացինք: Բայց պարտադիր էր նաև անտառի աշխատանքը: Մամաս շատ նուրբ էր, սղոց անել չկարողացավ: Էդ մեծավորը մորս էլ, հորս էլ ազատեց, թե՝դու սապոգներդ կարի:
Մինչև յոթերորդ դասարան այնտեղ դպրոց գնացի: Դասի գնալուց ինչքան էլ շորերով փաթաթվեիր, սառցալուլաները կախվում էին զգեստներիցդ: Ուսումս էլ չշարունակեցի. Սիբիրն ինձի շատ խանգարեց: Մենք Բլինովոյից տեղափոխվեցինք Սոռոկինո՝ շրջկենտրոն: Այստեղ մեր տունը միշտ լիքն էր լինում։ Ամեն ամիս, որ գյուղերից գալիս էին ստորագրելու, մեր տանն էին մնում: Էստեղ էլ մերոնք իրենց արհեստով լավ էին վաստակում: Հողամաս ունեինք՝ կարտոֆիլ, գազար, բազուկ- ձմեռը լցնում էինք նկուղը, հավերը մորթում, կախում տան կողքը՝ սառը տեղ: Մի խոսքով՝ գյուղական կյանք:
Էդ ի՜նչ ուրախություն էր Ստալինի մահվան օրը: Ժողովուրդը Նոր տարուն էդպես չի ուրախանա: Բարձր-բարձր կգոռայինք՝ սատկավ, սատկավ, բոլորս ծանր կյանքից դուրս եկանք; Շատ դաժան կյանք էր: Ինչքան էլ կարողացանք մեզի պահել, բայց էդ ցուրտերը, էդ օտարությունը, էդ ունեցվածքդ լրիվ կորցնելը...շատ դժվար օրեր տեսանք: Կրնայինք լրիվ ուրիշ կյանք ունենալ:
Ստալինի մահից հետո մենք վերադարձանք Հայաստան՝ 1956 թվին: Հայաստանի համար պապաս հոգի էր տալիս, էնքան պայքարող մարդ էր: Իր կյանքը էսպես եղավ, էրեխեքի կյանքն էլ ճիշտ չգնաց: Մեծ-մեծ երազանքներ ուներ՝ մեզի ուսումի տալ, բայց ոչ մի բան չկարողացավ անի մարդը։
Եկանք Երևան. մեր տունը էլ մեզ չտվին: Տատիկիս խաբել էին, թե այլևս չպիտի գան, ստորագրություն էին վերցրել, տունը ձեռքից առել: Պապաս մինչև Մոսկվա բողոքեց, ասին՝ ստորագրություն կա, չտվին: Մեզի երեքսենյականոց բնակարան տվին Մուրացանի փողոցում: Հայրս բուդկա (կրպակ) բացեց և շարունակ աշխատում էր: Երեքս էլ ամուսնացանք:
Ճամփաները բացվան, 1978 թվին եկանք Ամերիկա: Մամաս ու պապաս մահացած էին, թե չէ պապաս թույլ չէր տա: Ամուսինս Հունաստանից էր, ինքը երկար պայքարեց, որ գանք:
Դուրս գալու պատճառները շատ էին, նախ վախը, հետո շնորհք ունես, արհեստ գիտես, բայց թույլ չէին տալիս գործադրես՝ ազատություն չկար: Եթե ներգաղթր չլիներ, կարող էինք լրիվ ուրիշ լինել, եղանք ուրիշ մարդ: Սակայն Հայաստանի մասին նաև լավ հիշողություններ կան,կարոտ կա, հարազատություն, լավ մարդկանց շատ ենք հանդիպել, օգնել են։