ՀԱԿՈԲ- Վեց տարեկան էի, երբ Հայաստան հասանք: Պապիկս ու մամաս էին շատ ուզել հայրենիքում ապրել: Վերջին վայրկյանին տունը ծախեցին, ու վերջին կարավանով Հայաստան գնացինք։ Մարսելում ոստիկանները ինձ և մյուս քույրիկիս՝ Մարինին, չէին թողնում նավ բարձրանալ, ասում էին՝ երեխաները, ով որ Ֆրանսիա է ծնվել, չենք թողնում։ Մերոնք փող տվեցին ու անցկացրին։ Եղբայրս նավի մեջը ծնվավ, անունը դրին Հաղթանակ: Հայաստան գնացինք, կաթից թունավորվեցավ, մահացավ։ Անահիտը Հայաստանում ծնվեց:
ԱՆԱՀԻՏ- Երբ որ ես ծնվեցի, ամեն ինչը իրենց համար դժվար էր։ Մամաս պատմել է ինձի՝ որ քեզի սպասում էի, ուտելիք չունեինք, մեծ մաման ասում էր՝ իրեն երեւի չպահենք, քանի որ էդ երեխան ուտելու բան չի ունենա: Բայց եղավ, անցավ իշտե, կյանքը տենց է։
ՀԱԿՈԲ- Ծախում էինք մեր ապրանքները, որ ապրենք. ամեն ինչը սեւ շուկա էր։ Հացն էլ սեւ հաց էր՝ հիշում եմ։ Էդ սեւ հացով խաղալիք էինք սարքում։
ԱՆԱՀԻՏ- Հինգ-վեց տարեկան էի, ուտելիք չկար` հաց չկար։ Ես որ պզտիկ էի, մեծ մամաս ինձի տանում էր, ասում էր՝ գնա՛, հաց առ, դու պզտիկ ես, կարաս անցնես, որ բերես։
ՀԱԿՈԲ- Երեւանի Մալաթիա թաղամասում էինք ապրում: Որտեղ որ հիմա Մալաթիա հիվանդանոցն է, էն ժամանակ անապատ էր: Կոլխոզի գոմերի տները տվին մեզի։ Ոչինչ, լավ էր, սենյակ կար։ Ուրիշ ի՞նչ պիտի լիներ էն ժամանակ։
ԱՆԱՀԻՏ- Մեծ պապան շատ էր ուզում էնտեղ ապրեր՝ Մալաթիա, իրենք իսկական Մալաթիայից էին։ Բայց որ գնացին, էդ իրենց երկիրը չէր, ռուսական երկիր էր։
ՀԱԿՈԲ-Առաջին դասարան Մալաթիայի դպրոցը գնացի։ Այսինքն, «դպրոց» ըսածը տունի մեջ էր մի հատ:
ԱՆԱՀԻՏ- Իմ դպրոցը լավ էր։ Ես էնտեղ դպրոցը շատ սիրեցի, քանի որ պրոֆեսորները (ուսուցիչները) բոլորը լավ էին։ Հետո ես էնտեղ, գիտե՞ս, ջիմնաստիկ՝ մարզանք էի անում: Ես էնտեղ սիրում էի ապրել, մենակ թե, գիտեի, որ ազատ չենք, մենակ էտի կար, թե չէ, էնտեղ սիրում էի ապրել։ Բայց չէ՛, չէ՛, ուրախ եմ, որ էստեղ եկա: Ուրդե որ ապրում եմ, ես ինձի հետ լավ եմ, մյուսների հետ լավ եմ։ Չէ՛, Ֆրանսիա ավելի շատ սիրեցի, քանց թե Հայաստան, քանի որ էստեղ ահագին բաներ կարաս անես, որ էնտեղ չէինք կարա։
Հետո, Հայաստանում ամեն ինչը ռուսերեն էր, գիտե՞ք. որ ռադիոյով խոսում էին՝ ռուսերեն էր, ամեն ինչը ռուսերեն էր։ Տելեվիզորը (հեռուստացույց) ռուսերեն էր: Հա, շատ հայկական բաներ չկար, հայերեն չէին խոսում շատ։ Բայց հիմա, կարծեմ, ամեն ինչը փոխվել է, չէ՞…
ՀԱԿՈԲ-Մերոնք Մոնտե-Կառլոյի ռադիո, «Ամերիկայի ձայն» էին լսում գողտուկ։ Ռադիոն որ միացնում էին, ինձի դուրս էին հանում, ասում էին՝ տունին չորս կողմը ման արի, որ մեկը չլսի։ Փոքր էի, ֆռում էի տունին չորս կողմը… Ստալինի ժամանակ էր, եթե լսեին, Սիբիրի ճամփեն պատրաստ էր։
Մեկ էլ հիշում եմ, որ թաղի մեջը սեւ ավտո էր գալիս՝ սաղ լուսամուտները, դռները փակ: Բոլորը վախում էին, ասում էին՝ Սիբիր են տանում։ Պապայիս յոթ օր պահեցին, բայց Սիբիր չտարան, չէ՛: Գնացել էր Արաքսի սահմանի մոտ տուն առնելու, հետ գալու ժամանակ բռնել էին։ Որ հետ եկավ, հիվանդացավ. վախեցել էր պապաս։
ԱՆԱՀԻՏ- Ամեն ինչից վախում էին, քանի Ստալինը կար։ Ոչ մի բան չէիր կարա ասեիր, ոչ մի բան չէիր կարա անեիր։ Պապաս չէր կարա աշխատեր տունը՝ մեզ համար բաներ աներ: Երբ որ պապաս մի հատ պանտալոն էր անում մեզ համար՝ իրավունք չուներ անելու։ Ինքը դերձակ էր, բայց չէր կարա աներ իրա գործը, չէին թողնում, որ աներ։
ՀԱԿՈԲ-Պապաս սկսավ գործարանում աշխատել: Ձեւող ցեխում էր աշխատում: Ես էլ նույն տեղում օժանդակ բանվոր էի: Հետո սկսեցի չաշխատել: Թաղայինները (թաղային միլիցիոներ՝ ոստիկան) գալիս, ասում էին՝ ինչու՞ չես աշխատում: Ասում էի՝ թուղթերս եկել են, որ Ֆրանսիա պիտի երթանք: Իրենք ասում էին՝ բա որ չես աշխատում, ո՞նց ես ապրում. չէ՛, պիտի աշխատիս, թե չէ՝ քեզի Քաջարան կուղարկենք:
ԱՆԱՀԻՏ- Հետո հիշում եմ ես, որ կոմունիստների հետ ապրելը դժվար էր, իշտե։ Էնտեղ ապրելը դժվար էր, որ եկանք էստեղ, ամեն ինչը տեսա՝ ուրիշ ձեւի էր, մարդիկ ավելի ազատ են, ամեն ինչ ազատ է:
Բայց Հայաստան ես շատ ուրախ էի, շատ կը սիրեի էնտեղ ապրել, քանի որ տուն ունեինք։ Ամեն ինչը կար, մամաս, պապաս բարի էին, քույրիկս եւ եղբայրս էլ։ Ես էնտեղ շատ լավ էի. ընկերներ ունեի, ընկերուհիներ: Բայց պապաս, մամաս ուզում էին էստեղ գալ, քանի որ էնտեղ կյանքը դժվար էր իրենց համար։
ՀԱԿՈԲ-Պապիկս ուրախ չէր, որ Հայաստան էր գնացել եւ ախպերների հետ կռիվ էր անում։ Իր ախպերը իրենից մի տարի առաջ էր Հայաստան գնացել, պապիկս նեղացել էր՝ դու գիտեիր, որ վատ է վիճակը, ինչի՞ ինձի խաբար չարիր, որ չգանք։
Էն ժամանակ, որ Քրիստիան Պինոյին (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար) դիմավորեցին Երեւանում, պապաս էլ ցույցի գնաց։ Հետո լուրը եկավ, որ Ֆրանսիայից եկած հայերը կարող են հետ գնալ: Մերոնք Ֆրանսիա գալու համար առաջին անգամ դիմեցին, կարծեմ, 57-58 թվերին։ Մերժեցին չորս-հինգ անգամ: Հետո մամաս Մոսկվա գնաց, զոռով մտավ ֆրանսիական դեսպանատուն, բողոքեց: 1966-ի մայիսի մեկին Ֆրանսիա եկանք։
ԱՆԱՀԻՏ- Որ եկանք Ֆրանսիա, ես տասնչորս տարեկան էի։ Իմ պապայիս քույրիկները, բոլորը ընտանիքները էստեղ էին մնացել։ Իմ մեծ պապայի եղբայրն էր Հայաստան։ Մեզնից հետո բոլորը եկան Ֆրանսիա։ Հայաստան էլ ոչ մեկը չկա, մենակ տատիկս ու պապիկս էնտեղ են մահացել։
ՀԱԿՈԲ-Էստեղ էլ դժվարություն շատ քաշեցինք մինչեւ գործ գտնելը. վեց-յոթ ամիս չաշխատեցինք ոչ մեկս: Հետո, իմ ու մեծ քրոջս համար ավելի հեշտ էր՝ Ֆրանսիայում էինք ծնվել: Պապայիս ու Հայաստանում ծնված Անահիտի թուղթերը չտվեցին:
Պապաս երբ որ Հայաստան պիտի երթար, ասել էր՝ ես հպատակություն չեմ ուզում ֆրանսիական: Որովհետեւ ինքը ուզել էր պատերազմից հետո դերձակի խանութ բացել Ֆրանսիայում, ասել էին՝ դու օտար ես, իրավունք չունես: Պապաս ասել էր՝ զինվոր եղա ձեզի կամավոր, էն ժամանակ օտար չէի, հիմա, որ ուզում եմ գործ անել, խանութ բացել՝ օտա՞ր եմ։