Հայրս դեռ 1936-ին էր ուզում Հայաստան գնալ, եւ հետո, երբ իր եղբայրը եւ քույրն էլ Բեյրութից ներգաղթեցին Հայաստան, ասաց՝ գնանք, ընտանիքներով կմիանանք: Իհարկե, հայրենասիրական դրդումն էլ կար եւ, ինչպես բոլորը, Հայաստանի հետ շատ մեծ հույսեր էին կապում։
Առաջին դասարանում էի, դպրոցում ընկերներիս ուրախ-ուրախ հայտնեցի, որ գնում եմ Հայաստան։ Նավով Նյու-Յորքից հասանք Նեապոլ, որտեղից կիսաբեռնատար մի նավով ՝ Բաթումի, եւ պահեստանման մի տեղ տարան մեզ։ Հսկա սրահ էր, մահճակալները շատ էին։
Բաթումիից Երեւան գնացինք գնացքով։ Փետրվար ամիսն էր, շատ ցուրտ էր: Բարեբախտաբար, բարեկամներ ունեինք, իրենց տանն ապրեցինք, մինչեւ մեզ տուն հատկացրեցին Երրորդ մասում (թաղամաս Երեւանում): Բնակարանը տվեցին, բայց ջուր չկար, էլեկտրականություն չկար: Մենք մեզ հետ ունեինք մեր հագուստները, ուրիշ ոչինչ չունեինք, որովհետեւ ապրանքը եկավ ամռանը։
Մեկ տարի հետո տուն կառուցեցինք՝ տեղափոխվեցինք Զեյթուն (թաղամաս Երեւանում): Մերոնք նախապես էին որոշել Հայաստանում տուն կառուցել, եւ դրա համար անհրաժեշտ ամեն ինչ տարված էր Ամերիկայից՝ դռներ, լուսամուտներ, էլեկտրական կահավորում, անգամ գամերն էին վերցրել իրենց հետ, քլունգ, բահ, ամեն ինչ, ամեն ինչ։ Տունը կառուցվեց 1951-1952 թվերին։ Եվ այնտեղ ապրեցինք մինչեւ 1976-ը՝ Ֆրանսիա գալը։
Բայց մինչ այդ ինչե՛ր եղան: Նախ, ինչպես շատերին, հորս էլ ձերբակալեցին։ Երրորդ մասում էինք դեռ ապրում։ Գիշերը եկան, արթնացրին մեզ: Իրենց ձեռքի լապտերներով լուսավորում էին, որովհետեւ էլեկտրականություն՝ լույս, չկար: Խուզարկում էին բոլոր պայուսակները: Ես էլ երեխա էի, ութ տարեկան չկայի, քնեցինք, առավոտ ելանք, հարցրինք՝ հայրիկը ո՞ւր է: Թե բա՝ տարել են, շուտով կգա։ Հետո որ մի քիչ անցավ, ասացին՝ տարել են բանտը։ Տասնմեկ ամիս հետո այնտեղից աքսորեցին Ղազախստան՝ Կարագանդա, որտեղ մնաց չորս տարի։
Վերջերս կարողացանք ծանոթանալ իր գործին, եւ շատ անգրագետ հարցումներ էր տրված հորս, ոչ մի պատճառ չունեին իրեն բանտարկելու։ Իրեն համարում էին լրտես։ Անգամ եղբորս մասին, որ տասնվեց տարեկան էր, ասում էին՝ նա էլ լրտես է. ինչո՛ւ է ֆոտոապարատ բերել Ամերիկայից՝ որ նկարահանի եւ ֆոտոները ուղարկի արտասահման։ Ընդամենը սիրողական ապարատներ էին։
Հորս որ բանտարկում էին, ավտոմեքենա ունեինք, ավտոմեքենան պահեցին։ Ռադիոընդունիչ ունեինք, եկան, փակեցին, որ՝ իրավունք չունեք օգտագործելու։ Մինչեւ հորս Կարագանդա չաքսորեցին, մեքենան հետ չտվեցին։
Ստալինը որ մահացավ, դպրոցում էինք, դիրեկտոր Սյուզան Հարությունյանը լաց լինելով հայտնեց մեզ, որ հայր Ստալինը մահացել է։ Իսկականի՞ց էր լացում, թե սուտ էր լացում՝ չհասկացանք։ Մեկ էլ՝ ուրախացանք, որ դաս չի լինելու Ստալինի թաղման օրը։ Սգո արարողությունը կազմակերպել էին Ստալինի արձանի տակը՝ Մոնումենտում։ Գնում, պտտվում էինք մի քանի անգամ, հետ էինք գալիս։
Սեւ ժապավեններ բերեցին Ստալինի նկարով, կպցրեցին մեր կրծքերին, իբրեւ Ստալինին շատ ենք սիրում. մի ամիս չանցավ, սկսեցին Ստալինին քննադատելը... Բայց դրանից հետո մի քիչ ազատություն եղավ, արդեն ավելի ազատ էին արտահայտվում, եւ կյանքը սկսեց փոխվել։
Որ հայրս վերադարձավ, ես տանն էի, վազեցի դպրոց, եղբայրս դասի էր, ասի՝ հայրիկին ազատել են, շուտ տուն արի։ Ո՛չ դասատուներին հարցրեց, ո՛չ բան, միանգամից դասարանից դուրս եկավ։
Հայրս հետո չբողոքեց, բանտից դուրս գալուց հետո սովետական սիստեմը չքննադատեց։ Անգամ երբ Ֆրանսիա էինք գնում, չուզեց երկրից դուրս գալ եւ մնաց մինչեւ վերջ։ Տվեց իր համաձայնությունը, որ մենք գնանք, ասաց՝ ես չեմ գա։ Մորիցս բաժանված էր, իհարկե, բայց իրենք սովետական օրենքով ամուսնացած չէին։
Ամերիկյան օրենքով ամուսնացած էին, բայց ապահարզան չունեին ամերիկյան։ Ինքը որ չէր գալիս, մեզ վատություն չարեց, թողեց, որ դուրս գանք։
Ես ընդունվեցի Երեւանի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Երրորդ կուրսից բանակ տարան, որովհետեւ էդ տարիների երիտասարդները շատ քիչ էին, բանակ էին տանում անգամ սովորելու ընթացքում։ Բանակում կասկածում էին, որ ես լրտես եմ. հատուկ բաժինը ծառայելու երեք տարին հետեւիցս էր ընկել՝ ե՞րբ եկաք Ամերիկայից, ինչո՞ւ եկաք, ի՞նչ եղավ…Անընդհատ՝ նույն հարցերը։ Է՛, եթե էդպես է, ինչու՞ բերեցիք բանակ, չբերեիք։
Վերադարձա բանակից, ավարտեցի բուհը։ Հետո որպես դասախոս, ապա ավագ դասախոս աշխատեցի պոլիտեխնիկ ինստիտուտում։
Մենք էնտեղ մեծացանք, Հայաստանին սովորեցինք։ Երբ երիտասարդ ես, երկրից դուրս գնալու մասին չես մտածում, օրվա հոգսերով ես. սովորում ես, քննություններդ լավ ես հանձնում՝ ուրախ ես: Մտածում ես երեկույթների մասին, ուրախանալու, պարելու եւ էսպիսի այլ բաների մասին։
Ճիշտն ասած, հետո արդեն ես եմ անձամբ միշտ երազել երկրից դուրս գալու մասին, որովհետեւ մենք մեր տան մեջ Ամերիկա էինք, դուրսը՝ Հայաստան։ Ով որ գնում էր, մի քիչ էլ նախանձով էինք նայում, որ կարողացավ դուրս գալ։
Ինչ որ ճիշտ է՝ չէինք մերվում երկրի հետ, որովհետեւ մեզ միշտ ինչ-որ «քթով հրում էին»։ Անգամ աշխատանքներ, պաշտոններ կային, որ արգելում էին, ասում էին՝ չէ՛, հայրենադարձ ես, իրավունք չունես։ Հնարավորություն չէին տալիս առաջ գնալու, եւ շատ հայրենադարձներ շատ մեծ պաշտոնների չէին հասնում, որովհետեւ հայրենադարձը իրավունք չուներ Սովետական Միության Կոմունիստական կուսակցության անդամ լինելու. դե, այդ մի կուսակցությունն էր:
Մեր ծնողները, մեծ տատերն ու մեծ պապերը հայրենիքի կարոտ ունեին, դրա համար եկան Հայաստան։ Թե չէ, բոլորն էլ լավ աշխատանք ունեին, ֆինանսապես ապահով էին, հատկապես ամերիկահայերը. մարդ չկար, որ ավտոմեքենա չտաներ, ամեն ինչ ունեին, լավ աշխատանք, խանութներ, բայց գնացին։ Իսկ տեղացիները չսիրեցին ու ամեն անուն կպցրեցին, որովհետեւ վերեւից էդպես էին պրոպագանդա արել, որ էս մարդիկ սովետական մարդիկ չեն, լավը չեն։ Տեսե՛ք՝ կապիտալիստ է, մեքենա ունի, լավ է հագնվում, կապիտալիստական գլխարկ է դնում, սեւ ակնոց է դնում, ժամացույց ունի։ Ինչ-որ նախանձություն առաջացրին նաեւ հողամասերի բաժանման մեջ. առանց ասելու, որ նախապես վճարված է էդ բոլորը՝ տեսե՛ք, հայրենադարձները եկան, լավ տեղերը գրավեցին, հողամաս ստացան… Փոխանակ ասեին՝ ձեր քույրերը, եղբայրները, բարեկամները տուն-տեղ, ամեն ինչ թողել, եկել են, որ Հայաստանը զարգացնենք, առաջ տանք՝ հակա-հակա բաներ էին ասում։ Դրա համար էլ չէինք մերվում։
Օվիրից (անձնագրերի եւ վիզաների բաժին) թույլտվությանը սպասեցինք ութ տարի: Իրենք լավ գտել էին մերժելու ճիշտ բառը՝ նպատակահարմար չենք գտնում։ Եվ ամենազարմանալին ինչն էր՝ քեզանից պահանջում էին բնութագիր. եթե վատ բնութագիր տանեիր, քեզ չէին թողնի, որ գնաս։ Եվ եթե լավ սովետական քաղաքացի էիր, ուրեմն ինչու՞ պիտի երկրից դուրս գայիր։
Հայաստանի օվիրը չէր թողում՝ Մոսկվայի օվիր դիմեցինք: Գործը Մոսկվայում բացեցին, գտան, որ իրավունք չունեն չթողնելու։ Հետո իրենք դիմեցին Մոսկվայից Հայաստան, որ էս մարդկանց բաց թողեք՝ գնան։
Մենք, որ Հայաստան մեկնեցինք 1949-ին, երկու շաբաթ հետո հրաման արձակեցին, որ Ամերիկայում ծնված ոչ մի երեխա իրավունք չունի երկրից դուրս գալու, բայց մենք արդեն նավի վրա էինք։ Ֆրանսիա գալուց առաջ ես դիմեցի ամերիկյան դեսպանատուն, որ իմ եւ եղբորս ամերիկյան քաղաքացիությունը վերականգնեն։
Սովետական Միությունից դուրս եկանք սովետական քաղաքացիությամբ, եւ ամերիկյան անձնագրերը ստացանք Ֆրանսիայում, որովհետեւ վտանգավոր էր սովետական սահմանը ամերիկյան անձնագրով անցնելը։