Պապիկս և տատիկս՝ Հարություն Գրիգորի Ավագյան եւ Թագուհի Սիմոնի Ավագյան, ջարդից փախել, իրար հետ ծանոթացել են Ամերիկյան որբանոցում, էդպես հասել են Հունաստան։
Պատերազմի ժամանակ պապիկս եւ պապաս, որը 13-14 տարեկան էր, շատ մեծ օգնություն են ցույց տվել Հունաստանի պարտիզաններին: Պապաս միշտ ուտելիք է տարել եւ մի անգամ բռնվել, Գեստապոյում լավ ծեծ է կերել։ Տատիկս իրենց սեմեյնի (ընտանեկան) թանկարժեք մատանին տվել է Գեստապոյի շեֆին, նոր պապայիս բաց են թողել։
Հայրենադարձությունը որ սկսվում է, որոշում են գալ Հայաստան։ Պապիկս, ճիշտ է, դեմ էր, քանի որ ինքը դաշնակցական էր. դաշնակները միշտ էլ սովետական կարգերը չեն ընդունել։ Բայց մեկ էլ պապիկիս ասում են՝ տղադ արդեն նավի մեջ է։ Պապաս իրենց միակ որդին էր: Պապիկս ընտանիքը մի քանի ժամում հավաքում է ափալ-թափալ, հետեւից վազում, մտնում են նավ, գալիս են Հայաստան։
Սարի թաղում (թաղամաս Երեւանում) բաղնիք կար, էդ բաղնիքի կողքի փողոցում տուն են ունեցել։ Հետո …յան ազգանունով մի դավաճան հայ ԷնԿաՎեԴե-ին (Ներքին գործերի ժողկոմիսարիատ) նամակ է գրում, որ՝ ստեղ բնակվում է դաշնակցական ընտանիք։ Գիշերով գալիս են, ամբողջ ընտանիքը տավարնի (բեռնատար) վագոններով քշում Սիբիր՝ Ալտայսկի կրայ, Բառնաուլ, պոսյոլոկ Ռոսսիպնայա, որտեղ որ պապաս, պապիկս եւ մեծ հորաքույրս աշխատում են անտառում՝ ծառ են կտրում։ Մեծ հորաքրոջս էլ, քանի որ փոքր էր, տապոռը (կացին) տալիս են, որ բարակ ճյուղերը կտրի։ Տատիկս էլ է ճյուղ կտրող էդ բրիգադում եղել։
Ունեցել են կով, հորթ: Պապիկս, բացի այդ աշխատանքից, էնտեղի կոշկակարն է եղել, եւ իրենք նեղություն չեն քաշել, մեր ընտանիքում բոլորը լավ կոշիկ են ունեցել։ Իսկ էն ժամանակ, գիտեք, լավ կոշիկը էսօրվա «Մերսեդես» ավտոյին հավասար բան էր, հատկապես՝ Սիբիրում: Էդպե՛ս...
Ես դեռ փոքր տղա էի՝ պապայիս ոտքերը տեսա. ամբողջ կոճերը սեւ էին։ Ասաց, որ Սիբիրում ծառերը կտրելուց հետո գերանները գետով քշում էին, սպլավ է կոչվում, ու երբ որ գերանները հրում էին, դրանք խփվում էին ոտքերի էդ մասերին։ 49 թվից մինչեւ 57 թիվը ամեն օր քույրիկներս, մամաս զելյոնկա (հանգստացնող դեղ) են քսել պապայիս կոճերին։ Ու պապաս իր կյանքի վերջին ոտքերից թույլ էր։ Քաղցր կյանքից չէր, էսպես ասած։
Սիբիրում, պապաս ասում էր՝ տները օդի մեջ էին, գետնից մինչև հատակը մեծ տարածություն կար, քանի որ ձմեռները շատ սառն էին: Իսկ ամառները, ասում էր՝ սենց մեծ-մեծ առնետներ են եղել, եւ էդ առնետների հետ իրենք ապրել են էդ վեց-յոթ տարիները։
Իմ պապիկս ընդհանրապես ոչ մի բան չէր պատմում: Գործից գալիս էր, խմում էր ու շատ շուտ՝ ժամը ութին, քնում էր։ Մի հատ ռադիո ուներ, Արեւմտյան Հայաստանի էդ երաժշտությունները մի քիչ լսում էր ու քնում։ Ատամներն էր մենակ կրթկրթացնում. է՛դ էր, ուրիշ ոչ մի բան չենք լսել իրենից։ Ավելի շատ հորաքույրներս էին պատմում Սիբիրից:
Մի հետաքրքիր բան էլ. երբ աքսորից առաջ պապաս մահուդի գործարանում էր աշխատում, էդտեղ լատարիա (վիճակախաղի տոմս) են տալիս: Դրանք լինում են պապայիս ծոցագրպանում: Սիբիրում մի որոշ ժամանակ հետո տանում է ստուգելու, տեսնում է՝ շահել է։ Էդ փողով բոլորին նվերներ է առնում՝ լիքը-լիքը տաք բաներ:
Պապաս աշխատելու հետ սովորել է էնտեղ։ Սկզբից դպրոցն է ավարտել ու շատ լավ ռուսերեն գիտեր. էնտեղ էր սովորել: Հետո ավարտել է առեւտրի տեխնիկումը: Ու համարյա անհնար բան էր, բայց աքսորից հետո իրեն դավերիա արեցին (վստահեցին), որ խանութի վարիչ լինի, չնայած հա՛մ հայրենադարձ էր, հա՛մ էլ պարտիական չէր: Հետագայում էնքան լավ խանութ սարքեց, որ դա դարձավ նոմենկլատուրայի համար. քաղսովետի խանութն էր, որից մեր հարուստ կոմունիստներն էին օգտվում։
Պապաս պապիկիս չափ լուռ չէր, բայց քչախոս էր, մեկ էլ՝ ներող: Նույնիսկ էդ դավաճան …յանի տղան պապայիցս բան է խնդրել, ինքը օգնել է: Ուրիշը լիներ, կասեր՝ դավաճանի՛ որդի, դու եկել ես, ինձանից ինչ-որ մի բա՞ն ես խնդրում։ Պապաս, ինձ թվում է, չէր չարանում, որովհետեւ իրեն մեղավոր էր զգում, որ եկել են Հայաստան, հետո էլ էդպես Սիբիր հասել։
Վերադարձան, էլի նորից Սարի թաղ գնացին, արդեն վարձով էին ապրում։ Աքսորից առաջ եղած տունը իրենց ձեռքից առել էին. ոնց որ թե ուրիշին էին տվել։ Դե, ի՞նչ անես, ոչ մի բան չես կարող անել։
Բռնադատվածները Սարի թաղում շատ-շատ էին։ Վերադարձի առիթով լավ քեֆ են կազմակերպել, նկարները կան. լավ փիքնիք են արել, ոչխար- բան են մորթել, մատաղ են արել։ Իսկ …յանին երեք ընկերով տարել են Սարի թաղի անտառ, ծեծել են։
Պապիկիս տասնհինգ սուտկա (15 օրվա վարչական կալանք) են տվել դրա համար։ Ինքը շատ ուժեղ մարդ էր: Պապաս ուրիշ տեսակ ուժեղ էր. Կոնֆիցիուսն է ասել, չէ՞, թույլ մարդը վրեժ է լուծում, ուժեղ մարդը ներում է, իսկ հզոր մարդը մոռանում է։ Դե, հիմա պապայիս չեմ ասի՝ հզոր, բայց որ ներում էր, մոռանում էր՝ հաստատ:
Ու երեւի Աստված էդպես էր նախատեստել նրանց ընտանիքի համար, որ պիտի գային, ու սենց լիներ։
Հետո եկան Բրեժնեւի ժամանակները: էդպես չէին հետապնդում, բայց աշխատում էինք որոշ թեմաների մասին ընդհանրապես չզրուցել։ Իսկ պապիկս իր չարությունը վոդկայի մեջ էր գտնում, խմում էր ու քնում էր շուտ, որ կռիվ չանի։ Բայց բարձի տակ միշտ Սենկեւիչի «Յո երթասն» էր ու Անդրանիկի գիրքը։ Պապայիս կաբինետում էլ ապակու տակ Անդրանիկի նկարն էր: Էն ժամանակ, ասում եմ՝ քաղսովետի խանութ էր, բարձրաստիճան կոմունիստներ էին մտնում-դուրս գալիս, բայց ոչ ոք չէր ասում՝ հանի՛։
Մինչեւ մերոնց աքսորը նույն էն մահուդի գործարանում մեկը պատին մեխելիս պատահաբար ձեռքից գցում է Ստալինի նկարը: Մի բան, որ ձեռքիցդ ընկնի, ի՞նչ կասես՝ վայ ես քո, չէ՞: Ինքը ասել է՝ վայ ես քո: Հաջորդ օրվանից էդ մարդուն ոչ ոք չի տեսել:
Հետո պապաս Երրորդ մասի (թաղամաս Երեւանում) մի մեծ գաստրոնոմ խանութում վաճառող էր աշխատում, պապիկս էլ էդտեղ որպես գռուզչիկ (բեռնակիր) էր աշխատում։ Հետո պապիկս փողոցներում ծառ ջրողի գործ վերցրեց:
Արտասահման շատ ենք գնացել: Պապաս Հայաստանից առաջին անգամ 1969-ին տուրիստ է գնացել Փարիզ. իր հորաքույրը կանչեց: 1971-ին գնացել է Բեյրութ, որտեղ իր հարազատ հորեղբայրն էր ապրում: 1980-ականներին երկու անգամ գնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 1991-ին, երբ ինքս գնացի Ամերիկա, ասաց՝ եթե մնաս էլ, ես չեմ գալու, ու թե ես քեզ համար թանկ եմ, հետ արի: Եվ ես հետ եկա։
Այսինքն, մենք մեծ ընտրություն ունեինք արտագաղթելու՝ Կանադա, ԱՄՆ, լիքը ուրիշ տեղեր. ամեն տեղ մոտ ազգականներ ունեինք: Մինչեւ հիմա էլ մեր ծանոթները, հարեւանները ասում են՝ բոլորը գնացին, բայց դուք մինչեւ հիմա ստեղ եք։ Էդպես է լինելու. էս քաղաքում վերջը մի մարդ պե՞տք է մնա։ Մի հատ երեւանցի պե՞տք է մնա, թե չէ։ Մենք էլ որոշել ենք մնալ։
Ես հպարտ եմ, որ երեւանցի եմ, ի դեպ։ Ես սիրում եմ իմ քաղաքը։ Ճիշտ է, ես ախպարի տղա եմ, այսպես ասած։ Էդ պիտակն էլ մեզի կպցրին, չէ՞։ Էդ էլ երեւի մեր ճակատին է գրած, որ մենք պիտի լինենք ախպարի զավակներ՝ ես, իմ քույրս, եղբայրս, որ էսօր Երեւանի համար մենք պայքարենք։