Ներգաղթել է 1947-ին Հունաստանից / Մահացել է 1990-ին Երեւանում

Հարություն Դելալյան

Ամեն անգամ, երբ անդրադառնում եմ հայրիկիս կյանքին, զարմանք եմ ապրում։ Հազար ու մի հարցեր ստիպում են ինձ խորհել: Մտորում եմ ու ավելի համոզվում, թե որքան կարեւոր են իրադարձությունները մարդու կյանքում: Մեկ անձի հետ հանդիպումը, մեկ զրույցը ինչպես կարող է շրջել մարդու կյանքի ընթացքը, իսկ պատմական իրադարձությունները` շրջել մի ամբողջ սերնդի կամ սերունդների ճակատագրերը, սերունդներ, որ դատապարտվում են ժամանակի քմահաճույքին:

Մտորում եմ ու փորձում հասկանալ ինչպիսի՞ն կլիներ հայրիկիս կենսագրությունը, եթե նրա ընտանիքը շարունակեր ապրել Հունաստանում եւ չլիներ Հայրենադարձությունը... Դժվարանում եմ ասել... Հնարավոր է՝ նորից երաժիշտ լիներ, ստեղծագործեր, սակայն երաժշտության բնույթը, վստահ եմ, այլ կլիներ, որովհետեւ ամեն ազնիվ ստեղծագործող իր հոգով է ստեղծում, իր ապրածն ու զգացածն է արտաբերում։

Հայրենադարձություն…Նրանք, այս էլ որերորդ անգամ՝ գնում էին գտնելու իրենց տունը, այս անգամ հայրենիքում, հոգում տանելով հույսեր ու երազներ։ Գնում էին շենացնելու Հայաստանը, միանալու Թամանյանին, Սարյանին, Իսահակյանին։ Իսկ Հայաստանը դեռ պատերազմի վերքերը չբուժած, դեռ մխացող, ինքը կարիքի մեջ, անկարող էր հարկ եղածին պես ընդունել հազարավոր հայրենադարձների։

Դժվարին տարիներ, ուր առաջնային նպատակը ապրուստի հոգսն էր ու պետք էր ապրել: Կրթության մասին մտածելը համարյա անհնար էր, ուստի շատ-շատերը այդպես էլ անվերադարձ կորցրեցին իրենց տաղանդը, ընդունակությունները, որ այլ պայմաններում կարող էր շատ օգտակար լինել:

Մանկությանս վառ հուշերից է մորեղբայրս, փառահեղ մի անձնավորություն: Մորս ընտանիքը նույնպես հազարավոր հայ ընտանիքների դաժան ճակատագիրն է ունեցել՝ փրկություն գտնելով Լիբանանում: Այնուհետեւ՝ հայրենադարձություն: Կարճ ժամանակ անց կորցնում են ընտանիքի ավագ որդուն, որին փրկելու համար անհրաժեշտ էր միայն լավ սնունդ, որ հյուծված մարմինը վերականգնվեր: Մայրս մինչ այսօր արցունքոտ աչքերով է պատմում այդ օրերի մասին, որ խեղճ ծնողները բերանները փակ էին ողբում զավակի կորուստը, վախեցած, որովհետեւ իրենց ողբն ու դառը խոսքերը կարող էին աքսորվելու պատճառ դառնալ։

Այստեղ մի փաստի կուզենայի անդրադառնալ: Ես երբեք չեմ հիշում, որ մեր տանը խոսվեր պապերիս անցյալից, թէ ին՞չ է պատահել իրենց հետ, ու՞ր էին նրանց հարազատները: Պապս հաճախ էր պատմում Հունաստանից, բայց դրանից այն կողմ խոսակցութունը չէր շարունակվում: Մեր պապերը ջղային էին, շուտ էին բորբոքվում: Աստված գիտե, թէ ինչ էր կատարվում իրենց հոգում։

Մորեղբայրս՝ Հայրապետ Ավագյանը Հայնախագիծ ինստիտուտի կազմարարն էր: Ներգաղթի ժամանակ արդեն 20 տարեկան էր, հրաշալի կրթություն էր ստացել, խոսում էր մի քանի լեզվով: Ճարտարապետները քեռուս կարծիքն էին հարցնում ամենատարբեր հարցերում: Մինչ օրս հիշում եմ այն խորին հարգանքն ու սերը, որ տածում էին նրա հանդեպ եւ դա անկեղծ հարգանք էր կիրթ, հարուստ ներաշխարհ ունեցող մի մարդու նկատմամբ

Հայրս՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանը, կարողացավ ճեղքել այն պատը, որն անճեղքելի էր թվում։ Ինքս երաժիշտ եմ եւ ամեն անգամ զարմանք եմ ապրում, թէ ինչպես է հնարավոր, որ 30 տարեկան հասուն մարդը առանց երաժշտական գրագիտութունը ճանաչելու մտնի այդ աշխարհը, ուր կրթությունը սկսվում է դեռ մանկան տարիքից եւ կարճ ժամանակ անց հասնի միջազգային բարձունքների։

Ինչպիսի սեր, ուժ ու անկոտրում կամք պետք է ունենա մարդը։ Համարյա անհավատալի է... Սակայն հոգին, որ ասելիք ունի, պատգամ ունի թողնելու, օրերից մի օր դուրս է գալիս, հրաբխի պես ժայթքում եւ ոչ մի խոչընդոտ, ոչ մի դժվարութուն չեն կարող այն կասեցնել:

Ահա այսպես է ընթացել հայրիկիս կյանքի երկրորդ կեսը:

Բայց սկսեմ սկզբից։ Ծնվել է Աթենքում, գաղթականների ընտանիքում: Այս փաստը իր անջնջելի դրոշմն էր դրել բոլոր նրանց հոգիներում, հուզաշխարհում, որոնք անցել էին ահեղ ջարդի միջով: Այդ սարսափելի դրոշմը հետո պետք է դառնար նրա ստեղծագործությունների հիմքը, եւ գործով վրեժխնդիր լինելու ձեւը:

Պապս կեսարացի արհեստավոր էր, որդին Նարինեի, որը թրքական ջարդերում իր ամուսնուն կորցնելուց հետո, Աստված գիտե ինչպես՝ երեք զավակների հետ հասել էր Հունաստան: Տատիկս ավերիչ ջարդերից հետո մնացել էր մեն-մենակ ու այլ որբուկների հետ հասել Իտալիա: Գեղեցիկի նկատմամբ հատուկ օժտվածությունների տեր այդ աղջնակը ուսանում է Հռոմի մայրապետական դպրոցում, խոսում մի քանի լեզվով, նկարում, բանաստեղծություններ գրում: Նա իսկապես հարուստ հոգով կին էր, ումից եւ հայրս ժառանգել էր իր երաժշտական տաղանդը: Նրա շրթերից էր հայրս լսել կոմիտասյան մեղեդիները, որոնք եւ եղան սյունը իր երաժշտության։

Թեեւ հորս մանկությունն անցել էր պատերազմական տարիներին, բայց միշտ հիշում էր կարոտով։ Հիշում եմ, թէ ինչպես էր սպասում այն օրվան, երբ 41 տարի անց պետք է բախտ ունենար այցելելու իր ծննդավայրը: Դա երջանկության անսահման հուզիչ պահ էր նրա կյանքում, մանկության հետ դեմ դիմաց դուրս գալու անսահման հուզիչ պահ:

Պատկերացնու՞մ էք անցնել փողոցներով, հայտնվել այգում, ուր մանկության տարիներին հաճախ էր լինում իր պաշտելի մոր հետ... սա տխուր հեքիաթն էր իր կյանքի: Եղավ հայկական կաթողիկէ դպրոցում, ուր սովորել էր տարրական դասարանները, հանդիպեց իր ուսուցչին, որ արդեն փոքրացած ծերուկ էր դարձել...

Բայց կրկին վերադառնանք Հայաստան: Հայրս 10 տարեկան էր, բայց իր նման շատ երեխաների պես մասնակցում էր տան շինարարությանը Երեւանի ամայի մի թաղամասում, որը հիմա Զեյթուն է կոչվում: Արդյոք որեւէ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ տարիներ հետո այդ փողոցը կանվանվի իր՝ Հարություն Դելալյանի անունով...

Այնուհետեւ ուսման տարիներ, որոնք սակայն ընդհատվեցին: Նոր էր ընդունվել Երեւանի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, երբ պապս ենթարկվեց ավտովթարի, մահացավ տատս, այսպիսով ընտանիքի ամբողջ հոգսը ընկավ հայրիկիս ուսերին: Նա գործի անցավ ֆրեզերային հաստոցների գործարանում որպես բանվոր: Ի՞նչ երաժշտական կրթության մասին կարող էր խոսք լինել... Բայց հոգում եփվում էր արվեստագետը, հասունանում էր երաժիշտը։

Այսպես, ահա, հայրս 31 տարեկանում երաժշտության անծայրածիր աշխարհում արեց իր առաջին քայլերը՝ սկսեց հաճախել այդ ժամանակ նոր բացված ժողովրդական կոնսերվատորիա, որի նպատակը հենց իր նման երիտասարդներին օգնելն էր։ Տարիներ հետո կոմոզիտոր Էդուարդ Միրզոյանը անդրադառնալով այդ ժամանակաշրջանին կասի՝ «Եթե այդ կոնսերվատորիան միայն Դելլալյան տար, ապա լիովին արդարացրած կլիներ դրա գոյությունը»:

Հետո Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան եւ վերջապես կյանքի 35-րդ տարում՝ այնքան բաղձալի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այդ ժամանակ մենք՝ ես եւ քույրս, սովորում էինք Չայկովսկու երաժշտական դպրոցում: Հայրս շատ վայելուչ տեսք ուներ, իր տարիքից բավական երիտասարդ էր թվում եւ շատերը կարծում էին, թե մենք քույր եւ եղբայր էինք: Առավոտները միասին գնում էինք դասերի, միասին բացահայտում երաժշտության անսահման աշխարհը, իսկ գիշերները հայրս գնում էր գործարան, աշխատում երկաթների հետ եւ տուն վերադառնում մրոտ ձեռքերով:

Հիշում եմ՝ ինչպես էր կոշտացած ու մրոտ ձեռքերը երկար ժամանակ տաք ջրի մեջ պահում, որ հետո կարողանար վերադառնալ կոնսերվատորիա դասերի, կարողանար նվագել: Ես դեռ փոքր էի ու չէի կարողանում բացատրել շատ բաներ, բայց զգում էի, որ ինչ-որ բան տարօրինակ է:

Եկավ պահը, որ այլեւս հնարավոր չէր համատեղել գործարանը եւ ուսումը: Այս տողերը գրելիս անկարող եմ կրկին խորին շնորհակալությունս չհայտնել պաշտելի մորս, ով անձնազոհաբար իր վրա վերցրեց մեր ընտանիքի համարյա ամբողջ հոգսը։ Որքա՜ն սեր ու որքա՜ն հավատ կար մայրիկիս հոգում, թեեւ միայն իրենց՝ ծնողներիս, էր հայտնի տառապանքները ճանապարհի, որն անցնում էին միասին:

«Մենք հաճախ էինք միասին այցելում Պանթեոն,- գրում է մայրս,- ծաղիկներ էինք դնում արվեստի նվիրյալների շիրիմներին եւ ամեն անգամ Հարությունը՝ մոտենալով Կոմիտասի հուշարձանին, շոյում էր ձեռքերը, իր ընտրած դժվարին ուղու համար օգնություն խնդրում Մեծն Կոմիտասից»:

Կրկին դժվարին տարիներ, բայց եւ բեղմնավոր: Ավարտական քննությանը ներկայացնում է իր սիմֆոնիան, դառնում կոմպոզիտոորների միության անդամ: Կատարվում են հորս ստեղծագործություններն՝ իրենց վրա սեւեռելով մասնագետների՝ թեկուզ իրարամերժ, բայց ոչ անտարբեր կարծիքները:

Նա ստեղծագործում էր, երաժշտություն էր ստեղծում մեր փոքրիկ տան մեջ, որի մեկ սենյակը եւ հյուրասենյակ էր, եւ ննջարան, եւ ճաշասենյակ: Երբեք չէր տրտնջում, չէր դժգոհում անվերջ կարիքից, ճնշումից։ Մեծահոգաբար իր գործն էր անում:Այլ կերպ չէր էլ կարող լինել:

Նրա ստեղծագործությունները հնչում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Եվրոպայում, Կանադայում։ 1985 թվականին Նյու Յորքի հայտնի Carnegie Hall համերգասրահում Մոցարտի, Բեթհովենի, Լիստի կողքին հնչում է Հարություն Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրի սոնատը: The New York Times-ը գրում է. «Ծրագրի ամենաուշագրավ գործը Հ.Դելլալյանի սոնատն էր»։ Գրում է նաեւ Monitor թերթը. «Հոգեբանական տանջահարման մի շշմեցուցիչ գործ, որի ունկնդրումը, սակայն, երբեք տանջալի չի դառնում…»:
 
«Անշուշտ, համերգում կատարված Դելլալյանի Topophono կոնցերտը պատկանում է 20-րդ դարի իսկական կոմպոզիտորի գրչի: Ցնցող տպավորություն է թողնում մտքի վսեմ խորությունը: Ահա թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից երաժշտությունը». գրում է Los Angeles Times-ը:

1987 թվականին հայրս արժանանում է ամերիկյան «Ոսկե փառապսակ եւ Գերաստղ» դիպլոմի: Դա Հեռուստատեսության եւ Կինոյի խորհրդի ամենամյա մրցանակն է, որը շնորհվում է տարվա լավագույն կոմպոզիտորին: Ահա այսպես, նա ապրում է նաեւ հաջողության գերագույն երջանկությունը: Կատարողների ցանկն ավելանում էր, իրենց համար ստեղծագործություն գրելու խնդրանքով դիմում էին անվանի երաժիշտներ արտասահմանից, մինչդեռ հայրենիքում շատերը կասկածում էին, թերահավատորեն էին մոտենում՝ երեկվա բանվորն այսօր...ինչպե՞ս... Ժամանակը, սակայն, ամեն բան իր տեղն է դնում՝ այդ անունները այսօր չեն էլ հիշվում:

Այդ ընթացքում սկսվել էր հայրենադարձների արտագաղթը Հայաստանից: Հարյուրավոր ընտանիքներ, այդ թվում եւ հայրիկիս ամբողջ ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ՝ մշտական բնակության: Հայրիկիս առողջությունը սկսել էր վատանալ, ո՞ր նորմալ մարդը կդիմանար նման լարվածության...Շատերն էին առաջարկում, խորհուրդ տալիս մեր ընտանիքին նույնպես բարեկեցիկ կյանք փնտրել հայրենիքից դուրս: Հայրս նեղվում էր... ինչպե՞ս բացատրեր այդ մարդկանց, որոնք, ըստ իրենց՝ մեր լավն էին ցանկանում, ինչպե՞ս բացատրել, որ իր համար կյանքը միայն Հայրենիքում էր, որքան էլ այն դժվար լիներ։ Ինչպես բացատրեր, որ առանց սիրելի Հայաստանի իր կյանքն անիմաստ կդառնա։

Ի վերուստ տրված առաքելությունը իրականացնելու համար նա կարիքն ուներ իր հայրենիքի եւ իր տաղանդի շնորհիվ կարողացավ ամենատարբեր ազգության պատկանող երաժշտասերին պատմել իր ազգի մասին:

Նարինե Դելալյան

...ամեն անգամ Հարությունը՝ մոտենալով Կոմիտասի հուշարձանին, շոյում էր ձեռքերը, իր ընտրած դժվարին ուղու համար օգնություն խնդրում Մեծն Կոմիտասից: