Ներգաղթել է 1946-ին Հունաստանից / Մահացել է 2015-ին, Երեւանում

Հարություն Քեհեյան

1946-ի օգոստոս ամիսն էր: Մենք Հունաստանից առաջին կարավանով եկանք Հայաստան: Ռումինական սպիտակ, մեծ նավ էր, անունը՝ «Տրանսիլվանիա»:
Հունաստանում պատերազմ էինք տեսել եւ գերմանացիների օկուպացիա, սով։ էնպես որ, մեր հետևում դրախտ չէր, որ թողեցինք. ամեն դժվարություն արդեն տեսել էինք։

Գնացքից մեզ իջեցրին Լենինականում (Գյումրի) ։

Մի օր էլ Երևան տեղափոխվեցինք, Բութանիա կոչվող թաղում վարձով մնացինք, մինչեւ որ պետությունը բոլոր հայրենադարձների պես մեզի էլ հողամաս եւ երեսուն հազար ռուբլի վարկ տվեց: (Հետո ամնիստիա արեց եւ էդ փողը հետ չուզեց:)

Աթենքում թաղի տղաներով ֆուտբոլ էինք խաղում: Բարձրագույն խմբում խաղացող «Բանիոնիոս» թիմի ավագ մարզիչը լսել էր, որ հայնոցում (հայաշատ թաղ էր, հայնոց էին ասում) հայ երեխաները ֆուտբոլ են խաղում: Մի օր ասել էր՝ հալա բերեք դրանց մեր դաշտում խաղացնենք: Դե ամեն մեկս ինչ գտանք՝ տրուսիկ, մայկա, հագանք, որ խաղանք. մեզ ասում էին՝ «չլոյի թիմ»։ Գնացինք՝ իսկական մարզադաշտ, մեծ դարպասներով։ Սա հարուստների թաղ էր։ Եկան սիրուն հագնված, սումկեքով (պայուսակներով) հույն ֆուտբոլիստները։ 5։0 տարանք։

«Չլոյի թիմից» շատերս Հայաստան եկանք նույն նավով, բայց որ գնացքից տարբեր տեղեր էին իջեցրել, ընկերներով իրար կորցրինք: Հետո ծնողներս ինձ տարան արհեստագործական ուսումնարան՝ էսօրվա «Նաիրիտ» գործարանի ճիշտ դիմացը։ Բախտավորություն էր, որ էդ ուսումնարանը ֆուտբոլի դաշտ ուներ. ֆիզռուկը (մարզիչը) թիմ հավաքեց, սկսեցինք պարապել:

Տասնվեց-տասնյոթ տարեկան էինք, բայց ֆուտբոլի գավաթը նվաճեցինք մեծերի մեջ։ Էն ժամանակ մեր բարձրագույն թիմը «Դինամո-Երեւանն» էր, որի մարզիչներից մեկը Ալիկ Անդրեասյանն էր՝ (հանրահայտ ֆուտբոլիստ) Արկադի Անդրեասյանի հորեղբայրը։ Խաղերը գալիս նայում էին՝ որ մեր միջից լավ խաղացողներին ջոկեն, բայց մենք չգիտեինք: Սեմերջյան Մանուկին ու ինձ տարան բարձրագույն խումբ: «Դինամոն» հետո կոչվեց «Սպարտակ-Երեւան», ապա «Արարատ»:

Մենք տեղացիների հետ շուտ մերվեցինք, ոնց որ ասում են՝ ընկերական, ախպերական դարձանք: Միշտ լսում էի, ասում էին՝ ուտող-խմող, ուրախ մարդիկ են հունաստանցիները:
 
Մարզական մեծ կոչումներ ստացա, Երեւանի պատվավոր քաղաքացի դարձա, Հրազդան մարզադաշտի տնօրեն… Իսկ ո՞վ էի ես՝ մի հատ հայրենադարձ, ֆեզեում (արհեստագործական ուսումնարան) ձրի բորշչ կերած տղա։ Միմիայն Աստծո ձեռքով էր, որ ինձ էս շնորհքն էր տվել։ Ու եթե ոմանց համար վիրավորական էր թվում «ախպար» բառը, ես ուրախությամբ էի ասում, որ ես ախպար եմ: Դեռ մի բան էլ հումոր էի անում, ասում էի՝ չէ՛, ես կռուպնի (խոշոր) ախպար եմ: Տեղացիներն ախպեր էին ասում, մենք՝ ախպար. ի՞նչ է, եղբայրը վա՞տ բան է:

Հերս անընդհատ ասում էր՝ գնամ հայրենիք, մեռնեմ։ Սա լոզունգ չի։ Էդ մարդը կոտորածից էր փրկվել: Էդ մարդը փափագ ուներ, եւ կատարվեց. էստեղ էլ թաղեցինք։ Եվ միայն հայրս չէր, շատ կային էդպիսի մարդիկ:

Հերս անընդհատ ասում էր՝ գնամ հայրենիք, մեռնեմ։ Սա լոզունգ չի։ Էդ մարդը կոտորածից էր փրկվել: Էդ մարդը փափագ ուներ, եւ կատարվեց. էստեղ էլ թաղեցինք։