Մենք ներգաղթել ենք Ռումինիայի Կոստանցա քաղաքից: Իհարկե, հորս ծնողները երկար ճանապարհ են անցել մինչեւ Կոստանցա: Երկուսն էլ Ռոդոսթոյից էին (քաղաք Թուրքիայում): 1915 թվին եղել են Բուրսայում: Երբ հորս ընտանիքը քշում են Դեր-Զոր, մոտների ոսկին կառապանին են տալիս, որ իրենց հասցնի Հալեպ: Դրանից հետո գնում են Հունաստան, ապա Ռումինիա: Մեծ հայրս այնտեղ (Ռումինիայում) ջրաղաց է ունենում՝թագավորի համար գինիներ պատրաստող մի հայտնի գյուղում: Իսկ հայրս «Հայաստանյան ճակատ»-ի ակումբում արվեստի, սպորտի, քաղաքականության եւ այլ խմբակներով է զբաղվում: Այնտեղ բոլորը հորս հարգում էին այնքան, որ նշանակում են ներգաղթի կոմիտեի նախագահ:
Մինչեւ Հայաստան գալը սովորել եմ Կոստանցայի Հայկազունյան վարժարանում: 1948 թվին, երբ եկանք, 9-10 տարեկան էի: Եկանք մեծ ընտանիքով. մեծ հայրիկս՝ Կարապետ, մեծ մայրիկս՝ Կատարինե, մայրս՝ Պերճուհի, հայրս՝ Օնիկ, եղբայրս՝ Ստեփան եւ ես:
Սկզբում տեղավորվեցինք Երեւանի Արեշ թաղամասում՝ հորս ընկերոջ տանը: Այդ ժամանակ տուն կառուցելու համար փող էին տալիս՝ 30 հազար ռուբլի: Հայրս վերցրեց, հող գնեց Արաբկիր թաղամասում, չորս սենյականոց տուն կառուցեց եւ մի գեղեցիկ պարտեզ: Մենք մեզ հետ բերել էինք 44 սնդուկ կահ-կարասի: Հայրս իմացել էր, որ Հայաստանում կահույք չկա: Գերմանացի վարպետներին բոլորիս համար կահույք էր պատվիրել, նաեւ անջրանցիկ մեծ արկղեր, որ անձրեւի ջուր չքաշեն՝ մեր ունեցածը տեղափոխելու համար:
Երկու տարի մեր տնից ոչ ոք չէր աշխատում: Մեր բերածն էինք ծախում եւ ապրում: Հետագայում հայրս աշխատեց գլխավոր փոստատանը, իսկ մայրս՝ ժամացույցի գործարանում: Մեծ հայրս շուտ մահացավ, հուսահատվեց, չդիմացավ այնտեղի տանջանքները տեսնելով՝ սով, մուրացկանություն, հացի առեւտուր սեւ շուկայում…:
Իրոք, հուսահատվելու բան շատ կար. հենց միայն աքսորվելու վախը: Մի ռումինահայ մարդ կար՝ Աշուղյան ազգանունով: Կարծեմ Անդրանիկի հեծյալների հրամանատարն է եղել: Գնում է թերթ առնելու: Թերթը ժամանակին չեն բերում: Ջղայնանում է՝ ա՛յ մարդ, թերթն ի՞նչ ա, որ չեք բերում ժամանակին: Գնում է տուն, գիշերը բռնում են: Դատ է լինում: Դատին հորս էլ են կանչում, հարցնում են՝ էս մարդուն ճանաչում եք,
ասում է՝այո, մարքսիզմ-լենինիզմը իրենից եմ սովորել։ Աշուղյանը տեղից գոռում է՝ կեցցե մաքուր կոմունիզմը: Բերանը փակած դուրս են տանում եւ աքսորում են 9 տարի: Վերադարձին առաջինը եկավ մեր տուն՝ հորս շնորհակալություն հայտնելու:
Պապաս նույնպես հերթի էր: Միշտ մեր տուն լրտեսներ էին ուղարկում, բայց մերոնք շատ զգույշ էին խոսում: Մեր թաղից այդ չարաբաստիկ օրը քանի՜ ընտանիք աքսորեցին. մնացել էինք մեկ-երկու ընտանիք:
Մի օր էլ՝ առավոտյան ժամը վեցին, թաղայինը մեր պատուհանն է խփում: Մեծ մամաս բացում է, հարցնում.
-Ի՞նչ ես ուզում, տղա՛ս,
-Դուք ախպար եք, չէ՞:
-Չէ՛, մենք հայրենադարձ ենք:
-Հա՜, ես ախպար եմ ման գալիս:
Էսպիսի բաները հիշողությանս մեջ են մնացել, թե ինչպիսի տգետ մարդկանց հետ ենք ապրել, շփվել, բայց չենք հիասթափվել, չենք ծաղրել... Կարծես մեր ճակատին գրված էր ախպարը: Մեկ-մեկ էլ զավակներիս էին վիրավորում՝ախպարի ճուտ ասելով, բայց նրանք էլ չեն վիրավորվել, կատակի են տվել: Մի օր մեր վարչության պետին ասեցի՝ ես ախպար չեմ, հայրենադարձ եմ: Հարցրեց՝ էդ ի՞նչ է: Ո՞նց թե՝ ինչ է. հայրենիք ենք վերադարձել, վերջացավ գնաց:
Պարզ հիշում եմ Ստալինի մահվան օրը. մեր ուսուցիչը մտավ դասարան եւ ասեց՝մեր հայրը՝ Ստալինը, մահացավ, պիտի փող հավաքենք, որ նկարը փակցնենք պատին: Մի տղա կար, ասեց՝ վերջապես բյըխըլըն (բեղավորը) մեռավ. բոլորս քարացած մնացինք (չնայած տանը մենք եւ էլի շատ հայրենադարձներ բյըխըլը էինք ասում): Կարծեմ այդ տղային բան չարին, միայն ծնող կանչեցին: Այդ օրը լացում էին բոլորը:
Շատ մեծ տանջանքներ քաշեցինք, բայց հույսը չկորցրինք. մեծ մայրիկս, հայրս ասում էին՝ լավ կլինի, լավ կլինի: Եթե հույսներս կորցնեինք, մեռած էինք բոլորս: Հույսով ապրելով հասանք այն վիճակին, որ, փա՜ռք Աստծո, ասենք՝ չենք փոշմանել, որ եկել ենք:
Ես ավարտել եմ Երեւանի թիվ 63 դպրոցը: Իմ սերը դեպի արվեստն էր: Ես միշտ թատրոնով էի հետաքրքրվում: Երվանդ Մանարյանը ինձ տարավ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոն: Այնտեղ ստուդիա կար, եւ ես սովորեցի այդ ստուդիայում: Հաջողություններ ունեցա: 59 թվից մինչեւ 64 թիվը խաղացել եմ Գորիսի թատրոնի բոլոր գլխավոր դերերը: Շատերը արդեն մոռացել եմ, բայց արխիվումս կա. արխիվս ուղարկել եմ Հայաստանի ազգային արխիվ:
Ստուդիայից հետո ես ձգտում չունեի ինստիտուտի: Ուզում էի փորփրեմ, ինքս ինձ գտնեմ, սովորեմ շատ ռեժիսորներից: Բախտ եմ ունեցել մեծերից շատերի հետ շփվելու՝Վարդան Աճեմյան, Հրաչյա Ղափլանյան, Երվանդ Մանարյան, Իշխան Ղարիբյան, Հակոբ Սիրունի, որը լավ դերասան լինելուց բացի «Հայաստանյան ճակատում» ղեկավարում էր հանրագիտարանի աշխատանքները: Շատ թատրոններում եմ աշխատել՝ Կամոյում, Վեդիում, Տիկնիկային թատրոնում, յոթ տարի Ժողովրդական ստեղծագործության տանը: Հրավիրել են թե՛ Սունդուկյան, թե՛ Օպերետի թատրոն. չեմ գնացել:
Հրաչյա Ներսիսյանը հայրիկիս ծանոթ էր: Նա մի առիթով եկել էր Գորիս եւ տեսել էր, որ ինձ այնտեղ հարգում են: Վերադարձին ասել էր՝ Օնի՛կ, ավելի լավ է տղադ Գորիսում առաջինը լինի, քան թե ստեղ գա, վերջինը լինի:
Երբեք չեմ մոռանում՝Հրաչյա Ներսիսյանը մի օր հավաքել էր Ցոլակ Ամերիկյանին (գեր մարդ էր, հազիվ «Մոսկվիչի» մեջ տեղավորել էին), Արման Կոթիկյանին ու եկել էին մեր տուն՝արեւմտահայ (պոլսական) ճաշեր ուտելու: Մեծ մայրիկս լավ էր պատրաստում: Շատ էին սիրում թոփիկ՝ թահինով: Պատկերացրեք նրանց խոսելը: Նրանք արվեստից չէին խոսում: Ավելի շատ պատմում էին իրենց կյանքը, իրենց դժվարությունները, իրենց ծանրությունները. մեկը Ֆրանսիայից էր, մեկը՝ Տրապիզոնից: Այնպես որ այդ ամենը կարծես դպրոց լիներ ինձ համար:
Պարոնյան շատ եմ սիրել: «Երկու տերով ծառա մը» գործը նա կիսատ էր թողել: Վերցրի արխիվից, փորփրեցի, ասեղնագործի պես կարողացա գտնել հեղինակի մտահղացումը ու ավարտեցի պիեսը, վերնագիրը դրի «Մադամ Փոլ»: Բեմադրությունս մեծ հաջողություն ունեցավ: 300 անգամ խաղացել եմ այդ պիեսը:
Ներկայացումները տալիս էինք Ռուսական թատրոնի շենքում: Իմ ներկայացումներն ունեին հատուկ վերնագրեր, ասենք՝ «Ի՞նչ ենք անում որ…»: Գողություն են անում, ավազակություն են անում ու ասում են՝ ի՞նչ ենք անում որ…:
Գորբաչովի ժամանակ մի մոդա ընկավ՝ կոլեկտիվը պիտի ընտրի տնօրենին: Էդ թեմայով ներկայացում դրեցի։ Ժողովուրդը դահլիճից նայում է՝ դերասանները տնօրեն են ընտրում: Հանդիսատեսի մեջ իմ դերասանները կային: Սկսում են ելույթ ունենալ, ժողովրդից էլ ոգեւորվում են, ելույթ են ունենում, բարձրանում են բեմ: Շատերը դրա համար ինձ քննադատեցին՝ էս ի՞նչ մեյմունություններ է անում Կարպիսը, ախպար ա էլի...: Բայց ես չվիրավորվեցի, չընկճվեցի, ընդհակառակը՝ խնամուս հետ նոր պիես գրեցինք՝ «Գնա՞նք, թե՞ մնանք»՝ արտագաղթի թեմայով: Դարձյալ մեծ հաջողություն:
1988 թվին ցույց էին անում, ցույցից հետո գալիս էին Ռուսական թատրոն, որ հրապարակին մոտ էր, մեր ներկայացումը նայելու: Այո՛, ընկճվածության փոխարեն ոգեւորվում էի, ես կարող եմ լավից լավը ստեղծել, նորություն բերել, ոչ թե հին, նեխած մտածողությամբ շարժվել:
Ես Ժողովրդական ստեղծագործության տանը ռեժիսոր-մեթոդիստ էի: Հայաստանի բոլոր շրջաններում եղել եմ, ներկայացումներ նայել, գնահատել: Եւ այդ ամենը արել եմ մեծ ուրախությամբ, որովհետեւ սիրել եմ իմ գործը: Եթե մարդ սիրում է իր գործը, նվիրյալ է, կսիրի նաեւ դիմացինի աշխատանքը:
1964 թվին, երբ Գորիսից եկա, ամունացա Անժելայի հետ: Ունեցանք երկու տղա՝ Եղիշե եւ Հովհաննես: Մեծ տղաս ռեժիսորականն է ավարտել, իսկ փոքր տղաս ուզում էր ընդունվել, բայց...
Էս Ամերիկայի ձենը որ լսեցին, շատ համով է չէ՞ Ամերիկայի ձայնը, որ գալիս է, մարդու գրգռում է: Ես դեմ էի, չէի ուզում գալ, որովհետեւ գիտեի՝ Ամերիկայում թատրոն, մանավանդ հայկական թատրոն չկա: Բայց չէի կարող թողնել երեխաներիս, կնոջս: Եկանք Բոստոն: Թատերախումբ բացեցի: Հետո Եկանք Լոս-Անջելես: Այստեղ էլ թատերախումբ ունեցա: Բեմադրություններ արեցի իրանահայերի համար, համազգայինի համար եւ այլն...: Բայց ոնց որ հոգիս մեռած լինի. արվեստին էսքան նվիրված մարդ, առանց արվեստի...։