Պապայիս խրատեցին՝ Սահա՛կ, հինգ հատ երեխա ունես, լավ երկիր է, գնա Հայաստան, հոն լավ կըլլաս:
Նավով Թուրքիա՝ Իստանբուլ հասանք, նավ մը եկավ, հայերը հացը նետեցին թուրքերուն վրա: Հետո ալ Բաթում հասանք, դեպո մը կար, բոլորս տեղավորվեցանք այդտեղ։ Երեք օր մնացինք, չոր հաց տվին մեզ: Սև հաց կերանք սաղ օրը:
Մեզի Երրորդ մաս (թաղամաս Երեւանում) տուն տվին. 7 հոգի 24 մետր մի սենյակի մեջ մնացինք. ո՛չ ջուր կար, ո՛չ պետքարան կար, ոչ մի բան չունեինք: Փողոցը՝ դուրսը, ջուր կար։ Փիս ջուր խմել էինք, հիվանդացանք: Հինգ երեխաներս՝ ամենքս մալարիա բռնեցինք: Պետքարանը դուրսը կ'երթայինք, իսկ դուրսը ցեխ էր, բան մը չկար:
Չարբախ մեկ խանութ չկար, մեկ հատ սենյակ մըն էր անանք, մեկ-մեկ շաքար կար՝ գունդ-գունդ շաքարներ: Մամաս խեղճը մեկ անգամ հերթ դրավ, երկու կիլո շաքար ունեցավ, ձեռքեն գողացան, մամայիս ուշքը գնաց։
Պապաս ժամը 5-ին կ'արթնանար, որ հացի երթար:Հետո ամենքս ալ զավոդը (գործարան) աշխատեցանք։
Վերջը պապայիս կտոր մը հող տվին Չարբախ (թաղամաս Երեւանում) , պստիկ տուն մը շինեց։
Պապաս զավոդը փիս գործ կըներ, չեմ գիտեր գործին անունը, եղբայրս փայտի գործ կըներ, ես ալ սվարկա (եռակցում) կընեի։ Տրանսֆորմատորների գործարան ալ աշխատեցա, յուղ կը դնեի տրանսֆորմատորի մեջը։
Պապաս, հարկավ, փոշմանած էր Հայաստան գալուն. մենք ծովի եզերք կ'ապրեինք աղվոր տունի մեջ, ջուր կար, պետքարան կար։ Իսկ Հայաստան բան մը չկար, ընդեղ գետինը կը պառկեինք, ոչ մի բան չունեինք: Մի ուտելիք ունեինք, մի խմելիք, մի հաց. հաց ուտելեն մեռանք։ Զավոդը սինձ կուտեինք՝ սինձ, խո՛տ, խո՛տ, ուրիշ ի՞նչ ասեմ։
Ընկերուհի մը ունեի. խեղճը նաչալնիկի պզտիկ լուցկին գողցավ , տունը լուցկի մը չունեինք, աղջիկին Սիբիր տարին. լուր չունեցանք՝ ուր գնաց, ինչ գնաց, որբ աղջիկ մըն էր, դեղին մազերով սիրուն աղջիկ մըն էր. Թամարա էր անունը:
Ստալինը որ ողջ էր, մեր տուն մարդիկ եկան, ասին, որ Ստալինի նկարը պիտի տանը ըլլա: Է՛, մենք փող չունեինք, Ստալինի նկարն ուրդեղի՞ց առնեինք։
Ստալինը որ մեռավ, քիչ մը ազատություն եղավ խոսելու համար, կըրնայինք խոսել։ Հետո Խրուշեվ որ եկավ, ավելի լավ եղավ, որովհետև ժողովուրդը քիչ մը աչքերը բացավ: Մենք Ստալինի վախտը կը վախնայինք, կըսեինք՝ ուլալա, պատերը ծակ կա…
Պինոն որ եկավ (Քրիստիան Պինո՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար) , ադիգա, ով ըսավ՝ չեմ հիշեր, ես ալ գացի աերոպորտ: Աերոպորտը մեզի սպանեցին, հրեցին, հրեցին. չէին ուզեր, որ մոտենանք։ Բայց ամբողջը՝ սիվիլ (քաղաքացիական) հագնված էին մեզի պես, զինվոր չկար։ Հետո «Արմենիա» հյուրանոցը գնացինք մենք: Մեկ ժուռնալիստի բռնեցի, շատ լավ մարդն մըն էր, քեֆ մը ըրինք մեկ անգամ: Հետո ինձի փող կ'ուզեր տալ՝ վախցա, փող չեմ ուզի, ըսի: Հասցեն ալ կ'ուզեր տար, որ Ֆրանսիա գայի, օգներ ինձ, չարի, վախցա։
Կինո «Հայրենիքին» քովը պարտեզ մը կար, երեք ընկերուհիներուս բռնեցին ադոր համար, վերջը հազիվ ազատեցին: Վախցա՝ ինձի ալ բռնեն, որովհետև ժուռնալիստին տարի մինչև Չարբախ, մեր տունը ցուցադրեցի. աղքատությունը ինչ է՝ բան մը չունինք։ Հետո որ կոշիկները ամենը ցեխ եղավ՝ խենթեցավ մարդը։
Հետո պապաս Չարբախ նապաստակ կը պահեր, քիչ մը հող կար՝ բադրջան կը ցաներ, տոմատ: Քիչ մը ատեն փողներիցս ավելցավ, ադոր համար մի քիչ ավելի լավ կ'ապրեինք։ Շատ անգամ քեֆ կընեինք ֆրանսացիներով, ռումանացի երկու տղաներ կային՝ քեֆ կընեինք միասին։
Ամուսինս ադ կողմերը կ'ապրեր, ասանք քեֆ ընելով՝ իրար ճանչցանք: Մեկ-մեկ կինո կերթայինք, այն ալ երեք ժամ հերթ կընեինք, որ կինո մը երթայինք։ Ամուսինս կոշկակար էր։ Երրորդ մաս բուտկա մը ուներ, կոշիկները կը շտկեր։
1960 թվին ամուսնացանք: Հարսանիք չունեցա։ Ճարպիկ էր ամուսինս շատ. կոշիկի գործի տեղը կաշի կը գողնային, կոշիկ կը շիներ, կը ծախեր: Ընկերները միսի գործարանը կաշխատեին, կը գողնային, միս կը բերեր:
1967 թ. վերադարձա Ֆրանսիա: Հղի էի, որ եկա։ Աղջիկս Հայաստան ծնված է՝ Երրորդ մաս, բնիկ հայաստանցի է: Տղաս Մարսել ծնվեցավ: