Հայաստան գալուց առաջ, 1947-ի հոկտեմբերի 29-ին, Նյու-Յորք ճաշկերույթ տվեցին մեզի: Արարողությունից հետո թղթակիցներից մեկը մոտեցավ՝ եթե գնաս ու չհավանես, ի՞նչ պիտի անես: Ասի՝ կսորվինք, կսորվինք, յոլա կգնանք: Իմ բնավորությունս այդպես է, ես շուտ բորբոքվող կամ հուսահատվող չեմ:
Երբ Երեւան հասանք, 1947-ի դեկտեմբերի 1-ին, կայարանում ինձ ու եղբորս փող տվեցին՝ հիսուն ռուբլի։ Դեկտեմբերի 12-ին փողը տասը մեկով փոխվեց, դարձավ հինգ ռուբլի: Սկզբում մեզ հացի կտրոններ էին տալիս, հետո սովորեցինք առավոտ ժամը 6-ին վեր կենալ, գնալ հացի հերթ կանգնել։ Խանութը ժամը 9-ին էր բացվում։ Հաճախ մեզ չէր էլ հասնում, մեկ էլ տեսար, ասում էին՝ հացը պրծավ: Հիմա էդ ամենը ծիծաղով եմ հիշում։ Սև շուկայում հացը 90 ռուբլի էր: Մեր ունեցածից մի բան ծախում էինք, մի բուխանկա (բոքոն) հաց էինք առնում:
Հայրս Ամերիկայում մեքենաշինության մեջ էր, ավտոգործարանում էր աշխատում, բայց սիրում էր ծառ-ծառաստան: Մենք ուրիշ նահանգում, Շիքագոյից էլ հեռու, հողամաս ունեինք: Էդ հողամասի հարեւանությամբ երկու աղքատ ներգաղթող էին ապրում. մեկը՝ Լիտվայից, մյուսը՝ Լեհաստանից: Խմել շատ էին սիրում, բայց գինու փող չունեին՝ քացախ էին խմում: Տարեկան մի հատ խոզ էին մեծացնում. ես ու եղբայրս էինք օգնում, որ մորթեն: Մտնում էիր սենյակը՝ հավերը տապակի մեջ նստած: Էդ ժամանակ էլ պետության օգնություն չկար: Երեւանից որ նամակ էինք գրում, ասում էինք՝ մամա, պապա, շատ լավ ենք, էդ կողքի հարուստներից էլ (նրանց անուններն էինք տալիս) լավ ենք ապրում: Բայց մենք մեր հորը գիտեինք. ինչ էլ լիներ, պիտի գար։ Էնքան հայասեր էր էդ մարդը, համ էլ տաք երկիր էր սիրում։ Ասում էր՝ որ Հայաստան թույլ չտան, գնանք Ֆրեզնո:
Հայրս ինձ ու եղբորս շուտ ուղարկեց մի քանի պատճառով: Բոլորիս թուղթերը պատրաստ էին, բայց մեր հողամասը չծախվեց: Հետո՝ մեր տարիքը զինակոչի էր: Ամենակարեւորը՝ հայրս ուզում էր՝ անպայման մեր հայությունը պահպանեինք: Նա խնդրեց իր ընկերոջը՝ Փոլ Հարությունյանին, որ Երեւանում մեզ օգնի:
Հայրս միշտ լավատես էր ու համեմատում էր. Ամերիկա գնում էինք խանութ, շաքար էինք առնում, տուն էինք գալիս՝ շատ հասարակ բան էր: Էս ժողովուրդը, որ լսում են շաքար են ծախում, վազում են, մեկ-երկու կիլո առնում, ուրախ-ուրախ տուն են գալիս. քիչով ուրախանում են: Լավ է: Հորս լավատեսությունը մեզ փրկում էր վհատությունից:
Տասնութ տարվա մեջ հորիցս միայն մի անգամ քննադատություն լսեցի, ասեց. «Գիտեի, որ Հայաստանում կյանքը դժվար է, բայց չգիտեի, որ մարդ աշխատի, իր ընտանիքը չկարենա պահի»:
Լսել էինք, որ մեզ համար Ստալինի պրոսպեկտում (ներկայում՝ Մաշտոցի պողոտա) բնակարաններ էին կառուցել, բայց իրենք՝այդտեղի շինարարները, զավթեցին այդ լավ տները: Մեզի հատուցում տվին Յոնջալղում (Երեւանի 3-րդ մաս թաղամասի մի հատվածն է) գտնվող երկար մի շենքում:
Մեր մտնելու պահին սվաղը դեռ թաց էր: Երկար միջանցքի աջ եւ ձախ կողմերում դռներ էին, չէիր ասի՝ բնակարաններ են. ո’չ պետքարան, ո’չ խոհանոց, էդ բոլորը դրսում էին: Նույն շենքում մեր հարևանը Փոլ Հարությունյանի ընտանիքն էր՝ամուսիններ եւ երեք աղջիկ: Մեկ էլ միայն էն եմ հիշում, որ նոր տարվա գիշերը ոչ լույս ունեինք, ոչ հաց ունեինք։ Ժամը 7-8-ին հարեւան ընտանիքի հետ ներքնակները հերթով հատակին փռեցինք ու քնեցինք: Առաջին անգամն էր, որ մարդու էդ պետքական բաներից զրկված էինք ու սկսեցինք ընտելանալ։
Մեր հայերենը շատ տկար էր: Մեզի երեք-չորս շաբաթ մասնավոր դասեր տվին, բայց մեր դասատւները հին ձեւերով էին սովորացնում, խոսակցական չկար, էլ չգնացինք: Փողոցը դարձավ մեր դասարանը: Փողոցն էլ իր խնդիրներն ուներ: Տրամվայ չէինք նստում՝ վախենում էինք ոջիլից։ Տեղացիները շատ բան էին ծաղրում՝ աղջիկների շալվար հագնելը, տղամարդկանց փողկապ կապելը, գլխարկ դնելը (էդ գարշոկն ինչի՞ ես դրել գլխիդ):
Մենք՝ տարբեր երկրներից եկած երիտասարդներս, գտնում էինք իրար, կյանքն անց կացնելու միջոցներ էինք փնտրում: Շատերն էլ փախչելու միջոցներ էին մտածում՝ գնացքից թռչել ու Արաքսով անցնել Թուրքիա։ Ես ու եղբայրս էլ էինք մտածում փախչել, բայց հրաժարվեցինք այդ մտքից: Թեկուզ ծնողքիս Հայաստանի վատ վիճակի մասին լուր էինք ուղարկել, բայց 100 տոկոսով գիտեինք՝ ինչ էլ գրենք, հայրս կգա։
Ծնողներիս գալուց հետո մեզ տուն տվեցին Ալյումինի գործարանի բնակելի շենքերից մեկում՝ երկրորդ հարկում: Եղբայրս աշխատում էր գործարանի շինարարությունում եւ լավ վաստակում էր: Հայրս բերել էր ռետինե անիվներով մի տրակտոր եւ մի բեռնատար (եղբայրս դրանով փափախ աշխատանք էր անում): Քանի որ ծախել չէր թույլատրվում, տրակտորը նվիրեցինք Սևանին մոտ գտնվող մի գյուղի։ Դրա դիմաց նրանք մեզ ուտեստեղեն էին տալիս: Ես երկու ամառ գնում էի, նրանց սովորացնում՝ ինչպես օգտագործեն:
Ես լավ հայերեն չգիտեի, բայց ինձ ընդունեցին Ֆիզկուլտ ինստիտւտ՝ ուսանողներ էին պետք: Երրորդ կուրսում միայն կարողացա ամբողջ դասախոսությունը հայերեն կոնսպեկտավորել (համառոտագրել): Շատ ուրախացա: Մասնագիտությունս՝ սուսերամարտն էր, հետո՝ բայդարկա:
Մեր տունը մոտ էր Քսանվեց կոմիսարների շրջանին, այդտեղից մինչև «Դինամո» մարզադաշտ ոտքով էի գնում: Մի օր էլ մի մեքենա կանգնեց, սկսեցին ինձ երկա՜ր համոզել, հետո էլ՝ սպառնալ, որ նստեմ մեքենան: Տարան Նալբանդյան 104: Էնտեղ էլ անտեղի մի բան խոսեցի՝ զենքով խփեցին գլխիս. ինձ զարթնացրին: Ուզում էին՝ իրանց օգնեմ, տեղեկություններ տամ որոշ մարդկանց մասին: Հրաժարվելն անօգուտ էր: Ընկել ես, պիտի քաշես: Պիտի ներկայանայի տասն օրը մեկ: Թուղթերը ստորագրելու էի Ջո անունով: Հայերուս մեջ չկա մեկը, որ չասեն՝ լրտես ա, խաբար տվող ա: Ես էլ դրանց շարքը մտա: Անցավ ահագին ժամանակ, հա խուսափում էի, հա ինձ գտնում էին: Մի օր էլ (արդեն ամուսնացել էի), գնացի, ասեցի՝ էլ չեմ գալու։ Հարցրին՝ ինչո՞ւ։ Ասեցի՝ կինս ասում է՝գիշերը, քնած ժամանակ խոսում եմ, ինչ-որ բաներ եմ զառանցում:
Ինստիտուտից հետո աշխատել եմ Կաուչուկի գործարանում՝ ֆիզկուլտ հրահանգիչ, չորրորդ բուժմիավորումում՝ բուժֆիզկուլտուրայի եւ մասաժի մասնագետ, վեց տարի՝ քաղաքային ֆիզկուլտ դիսպանսերում, Չարենցի դպրոցում՝ ուսուցիչ:
Բայց ամենից լավ վաստակել եմ առևտրի նորաբաց պալատում: Եղել եմ այդտեղի ադմինիստրատորն ու ավագ թարգմանիչը: Ստացել եմ մինչև 160 ռուբլի աշխատավարձ։ Ասում էին՝ գլխավոր ինժեների փող ես ստանում:
Հայաստանից հետ գնալու առաջին քայլերը ֆրանսահայերն արեցին: Դրանից հետո շատերն սկսեցին մտածել վերադառնալու մասին: Հայրս չէր ուզում, բայց նրան ասեցի.«Դու Հայաստան ուզեցիր գալ, մենք եկանք: Վեց հոգի էինք, հիմա տասներկու հոգի ենք: Բոլորս էլ ուզում ենք գնալ: Ուզում ենք, որ դու էլ գաս: Եթե չգաս, միևնույն է, մենք պիտի գնանք: Մեր բոլոր բարեկամությունը Շիքագո, Ուիսքընզին, Քալիֆորնիա է: «Լավ,- համաձայնեց հայրս,-ինձ հարգեցիք, եկաք, հիմա էլ բոլորով հետ կգնանք»: