1946 թվին յոթ տարեկան էի, որ «Ռոսիա» նավով Ռումինիայից եկանք Բաթումի: Նավ նստելու պահին մեզ հասկացրին, որ արդեն սովետական քաղաքացի ենք, իջնել չի կարելի: Տեղ հասնելուն պես մեր մոտի սնունդը գցեցինք ծովը: Իրանց տվածը լավը չէր, պանրից այնպիսի հոտ էր գալիս, որ ուտել չէր լինում, ես լացում, հավի բուդ էի ուզում:
Նավահանգստից դուրս գալու իրավունք չունեինք՝ ցանկապատված էր: Հայրս հաջողում է անցնել պատը: Ու տեսնում է՝ կանայք կանալ են փորում՝ քլունգներով, բահերով՝ տաժանակիր աշխատանք: Ինքն ուրիշ ձեւ էր պատկերացնում, բայց ինչ որ տեսավ, հակառակ պատկերն էր: Հայրս գնաց, իր ոսկե ժամացույցը ծախեց, շուկայից ուտելիք բերեց մեզ համար:
Հայրս կոմունիստ էր: Հորեղբայրս նույնպես կոմունիստ էր՝ Ռումինիայում համալսարան ավարտած, Վազգեն վեհափառի ընկերն էր եղել: 1945 թվին Ռումինիայի կանանց միությունը օգնում էր պատերազմում հաշմանդամ դարձած հայերին, որոնք բուժվում էին Կոստանցայի հիվանդանոցներում: Մայրս էլ մի սպայի էր խնամում: Պատմում էր՝ երբ իմացավ, որ պիտի գնանք Հայաստան, համազգեստի գրպանից մի կտոր սև հաց հանեց ու ասեց՝ սրա համար ութ ժամ պիտի աշխատեք, ուՙ՚ր եք գնում: Մայրս ինքն էլ դեմ էր գնալուն, քանի որ բոլոր հարազատները մնում էին Ռումինիայում: Երբ հորս, հետ պահելու համար՝ պատմեց սպայի ասածը, հայրս ատրճանակը հանեց, թե՝ պտի էդ սպայի անունը տաս, դաշնակ է, հակապրոպագանդ է անում:
Երևանում մեզ մի տեղ բնակեցրին, Պռոշյան փողոցի մոտերքը: Էդտեղ այգիներ կային, գերեզմանոց: Ձիան ախոռներ էին եղել՝ տափակ, հողե կտուրով. անձրևի ժամանակ կաթում էր: Էդ ընթացքում մեզ համար տուն էր սարքվում:
Հայրս իր հետ բերել էր 120 խմ տախտակ (կեսը՝ պետությանը նվեր), 30 տոննա արմատուրա՝ բետոնի համար, քանի որ լսել էինք՝Հայաստանում երկաթ չի ճարվում (դրա կեսն էլ՝պետությանը նվեր): Հայրս առանձին տուն էր ուզում կառուցել, բայց մայրս ուզեց կոլեկտիվ շենք կառուցենք, որ մարդիկ լինեն, հարեւաններ լինեն, չէՙ՚ որ ինքը մենակ էր:
Շենքի կառուցումը սկսվեց: Լիազոր նշանակեցին Ստեփան Հաջյանին: Ոՙ՚ վ չգիտեր՝ լիազոր, թաղային՝ աչքն ու ականջն են կառավարության, իսկ Հաջյանը լավ աչք ու ականջ էր: Շինարարության մեջ խարդախություն եղավ, շինանյութ պակասեց, իսկ հայրս նկատել էր, թե որտեղ է ծախսվել։
Արդեն նոր տանն ենք ապրում, գալիս են իբր ստուգելու (դրանցից մեկը Հաջյանի քույրն էր), ուզում են ինչ-որ կվիտանցիա (անդորրագիր), ասում են՝ լիմիտը լրացված չի: Տանը ես ու մայրս էինք, մենք էլ՝ միամիտ. իՙ՚ նչ գիտենք՝ լիմիտն ինչ է: Ասում են՝ դուք պիտի լրացնեք: Այս ասելիս Հաջյանի քույրը աչքով արեց մյուսին: Դա նկատեցինք թե՛ ես, թե՛ մայրս: Կասկած չստեղծելու համար մեր տնից դուրս եկան, դիմացի դուռը թակեցին:
Ութ-տասը օր հետո, գիշերը զարթնում ենք աղմուկից: Դուռը թակում են: Մայրս հորս է արթնացնում, դուռը բացում են: Երկու զինվորական են՝ համազգեստով, մեկն էլ՝ զենքով: Իբրեւ հակասովետական գրականություն ունենք, սկսեցին արկղերը քրքրել, գրքերը հանել, բոլոլորը՝ Ստալին, Լենին, Մարքս։ Ո՞վ ա ասել, որ էս մարդը դաշնակ ա…։ Վերջը՝ հավաքվե՛ք, գնալու եք ուրիշ տեղ ապրեք:
Մայրս իրան կորցրեց, հայրս մանթրաշ ընկավ: Մենակ 11 տարեկան քույրս մեր եղած-չեղածը հավաքեց մի սավանի մեջ: Եթե քույրս չլիներ, երևի բոբիկ գնայինք: Անաստվածները գոնե մի ձեւ հասկացնեին, թե ուր են տանում: Երբ գռուզավիկ մեքենան նստեցինք, նայեցինք վերեւ, Հաջյանները նայում էին: Մենք իրանց տեսանք, իրանք՝ մեզ:
Տանում են բեռնատար գնացքով, հաճախ կանգառներով ու երկա՜ր ճանապարհ: Մարդիկ զուգարան են ուզում: Դաշտում, վագոնների տակ. մի վագոնի տակ տղամարդիկ, մի քանի վագոն այն կողմ՝ կանայք:
Աքսորի ժամանակ շատերս փող չունեինք, ովքեր ունեին, իջնում էին, երեխաների համար կարկանդակ էին առնում: Մենք սոված էինք: Գնացքում մի մարդ կար, Ահարոն անունով, ինքը հաշմանդամ էր, ուներ չորս երեխա: Երբ իմանում է, որ հայրս մեր վերջին շորերն է ծախում, որ ուտելիք առնի, զայրանում է. «Դու երեխա սպանող ես, ինչուՙ՚ ձայն չես հանում»: Ու էդ մարդը օգնում է մեզ, գնացքի մյուս ընտանիքներին: Հորս 300 ռուբլի փող է տալիս: Կյանքում չեմ տեսել էդպիսի մի անձնավորություն, որ չորս երեխա ունի, ինքն էլ ինվալիդ (հաշմանդամ), աքսորվելու ճամփին մոտը փող ունի, կիսվում է ուրիշների հետ: Ասում էր՝ սաղս էլ մի օրի ենք, մի օր ավել, մի օր պակաս, իրար օգնենք: Հերս նրան պաշտում էր: Սիբիրից որ հետ եկանք, տենց էլ ընկերներ մնացին:
Հասանք մի տեղ: Մեջներս էլի աքսոր տեսած մարդիկ կային, ասում էին՝ թե գնացքը կամուրջի վրայով անցնի, լավ է, կգնանք Ղազախստան, տակով անցնի՝ Ալթայ: Այդ մասում մի դաշտում գնացքը կանգնեց: Վա՜յ, Աստված իմ, մինչև հիմա էդ պատկերը իմ աչքի առաջ է: Ռազմադաշտ, ծակած գանգեր, զինվորական գլխարկներ, տանկեր, օդանավեր՝խրված գետնի մեջ, գնացքներ՝ իրար վրա եկած, կմախքները՝ ծռված ռումբերից: Մի ահավոր պատկեր, ասին՝ Ստալինգրադն է:
Երբ վագոններից իջանք, ամեն ընտանիքի մի սայլ տվին, իրերը լցրինք, ու մեզ տանեն: Ուժեղ անձրև էր գալիս, ցեխ, սայլերն ու ձիերը խրվել էին, պիտի հրեինք, մութն ընկնելիս տեսնենք՝ քույրս չկա. բարեբախտաբար գտանք:
Մեզ տեղավորեցին բարաքներում, որտեղ երկաթյա երկու տակառ կար՝ վառարանի տեղ: Ժողովուրդը հավաքվում էր, վրան կարտոֆիլ էին խորովում, խոսում, երգում, անեկդոտներ պատմում...։ Բա՜ որ սաղ մի հալի են ըլնում, երջանիկ են ըլնում:
Սիբիրում ամեն ամիս ստորագրում ես, որ տեղում ես: Հորս ստիպում էին, որ ստորագրի նաև դաշնակցական լինելը հաստատող թուղթը: Հետո հայրս ահագին դիմումներ գրեց, մինչև հասկացրեց, որ ընդհակառակը, ինքը կոմունիստ է եղել: Էս իմանալուց հետո հորս կանչում են շրջկենտրոն, որ ոտքով 41 կմ ճանապարհ էր: Հյուրասիրում են վոդկա, կապուստա, սելյոտկա, ընկերավարի խմում են, վերջում թե՝ գյուղում ինչ լինի՝ պիտի գաս մեզ ասես: Հայրս հրաժարվում ա՝ ես աքսորական մարդ եմ, նրանց հետ հավասար: Ատրճանակ են դնում սեղանին, վախեցնում, բայց պատասխանում է՝ ախպե ՛ր, բերել եք ստեղ, հիմա էլ տարեք տունդրա: Գիշերը փակում են էդտեղ, առանց ջուրի, ասում էր՝ սելյոտկայից ու օղուց հետո ծարավից մեռնում էի։ Առավոտը բաց են թողնում՝ զգուշացումով՝ եղածի մասին՝ ոչ մի խոսք: Այս ամենը մեզ պատմեց Երևանում, շատ տարիներ հետո:
Հայրս կոշկակար էր, եւ դա լավ էր: Մեր ապրած տեղը Կեդրովկան էր, հասցեն մինչեւ հիմա հիշում եմ՝ Ալտայսկի կրայ, Սառոկինսկի ռայոն, Ալամբայսկի լեսպրոմխոզ, ուչաստոկ Ռասսիպնայա, պոդուչաստոկ Կեդրովկա: Հիմնական զբաղմունքը անտառանյութ կտրելն էր, իսկ գարնանը գետը ուռչելու ժամանակ (սպլավ են ասում), գերանները գետի հոսանքով տեղափոխելն էր. հրում էին, որ ջրի ընթացքով գնան: Էդ գործողության ժամանակ հայրս ընկել էր գերանի տակ, կողերը ջարդել: Մի քանի շաբաթ հիվանդանոցում բուժվելուց հետո եկավ ու սկսեց կոշկակարություն անել: Մի փոքր գյուղական խանութ կար, այդտեղ էլ պահակ էր աշխատում:
Էդ աշխատանքը լավ էր, բայց մեր հիմնական ապրուստը հողից էր: Մեզ առանձին տուն էին տվել՝ մեկ սենյակ (էն ժամանակ աչքիս մեծ էր երևում), առաջը հողամաս, որից առատ բերք էինք ստանում։ Ախոռ կար, հորթ ունեինք, խոզ կարող էինք պահել, հավեր։ Բայց այդ ամենը ահավոր աշխատանք էր պահանջում։ Վեց-յոթ ամիս սառնամանիքին պիտի տունը տաքացնես, փայտ պիտի կտրես. ինքդ կտրում էիր, բերելը՝ օգնում էին: Կովի կերը բերում էինք տայգայից, դաշտ չկար, որ հնձեինք: Յոթ ամսվա կեր, մի քսան ցենտներ պիտի կտրես, սահնակներով բերես, չորացնես: Բա խնամքը -ձմեռը պիտի մաքրես տակը, խոտ փռես, որ չսառչի, նույնը՝ գիշերը։ Ինչքա՜ն բան կար անելու: Ես մինչև տասնհինգ տարեկանը այնտեղ աշխատել եմ, հեշտ չէր, բայց ունեինք՝ կարագ, պանիր, կաթ, թարմ բանջարեղեն՝ գազար, կարտոֆիլ, լոբի, բակլա, գարոխ, կանաչ պոմիդոր (չէր հասցնում կարմրել), կանաչեղեն, ձմեռը միսը բավարար էր. նոյեմբերին հորթ էինք մորթում, խոզ, հավեր:
Մի նկար ունեմ. էն ժամանակվա թղթի որակը էնքան լավը չի, բայց պարզ երևում է՝ ձմեռ է, հայրս, մայրս, ես, քույրս, մի յոթ-ութ հավ, շունը, կատուն, հորթը (որ մարտին ծնվում էր, բերում էինք ներս) -բոլորս՝ սենյակում: Էդ նկարն ունեմ ես:
Մենք նաեւ լավ օգնություն էինք ստանում Երեւանից, հորեղբորիցս, առանց դրա շատ դժվար կլիներ: Կեդրովկայում ես ու քույրս գնացինք դպրոց: Երևանում ես արդեն երրորդ դասարան էի, բայց այստեղ չորրորդի փոխարեն գնացի երկրորդ- ռուսերեն չգիտեի: Դպրոցը ութ կմ հեռու էր, շաբաթվա մեծ մասը մնում էինք այնտեղի գյուղացիներից մեկի տանը, իհարկե վճարում էինք:
Ես Սիբիրում խտրականություն չեմ տեսել, երեւի նրանից էր, որ մեծ մասը աքսորականներ էին: Այնտեղի մտերիմ ռուսներից մի քանիսը հետո էլ կապ ունեին մեզ հետ: 1967-ին Նովոսիբիրսկից մեր տուն եկավ մեր գյուղի կոմենդանտի կինը: Զարմացավ Երեւանի խանութներում մթերքի առատությունից, ահագին բան առավ, տարավ հետը:
Ստալինի մահվան օրը լինեյկա (շարք) կանգնացրին ու հայտնեցին, որ մահացել է: Կողքից ընկերս՝ Փիլիպոսը, ականջիս ասում էր՝ լավ եղավ, չէՙ՚ , որ մահացավ՝ մեզ աքսորեց: Ես էլ ասում եմ՝ Ստալինը մեզ որտեղիՙ՚ ց էր իմանում, որ աքսորեր։ Կամաց էինք խոսում: Նրա ասածը տասներկու տարեկան երեխայի կարծիք չէր. երեւի տանն էին խոսել: Իսկ հերս ասում էր՝ դա ներքին գործ ա. վերեւից հրաման ա եկել, փոխանակ սրիկային, ավազակին, գողին ուղարկեն, իրանց մեջ հաշիվ են արել՝ ում հետ չունեն, դրանց են ուղարկել: Ես էլ եմ տենց մտածում, բայց ժամանակները շատ վատն էին, դաժան էին: Ստալին չլիներ, ով ուզում ա լիներ: Ամեն ինչ թելադրված էր ժամանակով՝ կա՛մ մենք, կա՛մ դուք:
Մի օր էլ շրջկենտրոնից հայրս վերադարձավ, գյուղի հրապարակում վոլեյբոլ էինք խաղում, ինձ կանչեց, ասաց՝ Սաքո, գնա մամային ասա, որ մեզ ազատել են: Բոլորս ուրախացանք: Ուրախացանք, որ ազատվել ենք, բայց տանջանքից մենք չէինք դժգոհում: Աշխատել, չարչարվել էինք մեզ համար: Մարդիկ կային, որ անընդհատ բողոքում էին, բայց օրն անց էին կացնում պատերի տակ սեմուշկա չրթելով: Որ հարցնեիր, կասեին՝ կով առնելու փող չունենք: Է, հորթ առ, երկրորդ տարին կով կդառնա: Բայց պիտի չարչարվես, տենց հեշտ չի: Ինձ որ տեսնում էին կովի համար խոտ բերելիս, ասում էին՝ Սաքո՛, ինչքաՙ՚ ն ես առնում շալակդ, խոտի տակ մենակ ոտքերդ են երեւում: Իսկ ես՝ քրտնած, փշրված, խոտը մարմինս էր ծակում, մոծակներն էին հարձակվում, ծարավը խեղդում էր՝ ջուր չկար: Եղել է, որ թաշկինակը բերանիս եմ դրել ու ճանապարհի գյոլերի (ջրափոս) ցեխոտ ջուրն եմ խմել, օրվա վերջին էլ՝ գետում մաքրվել:
Հայրս դիմեց, որ պետության հաշվին Հայաստան գայինք, բան դուրս չեկավ: Հորթ, կով, հավ, ինչ ունեինք մեր տնտեսությունում, ծախեց, արեց ճանապարհածախս:
Երևանում մեր տանն արդեն հորեղբայրս էր ապրում: Որպես կենվոր ներքնահարկում մնացինք, մինչև հինգ տարի հետո տուն տվեցին Կանազում (թաղամաս Երեւանի ներկա Արաբկիր համայնքում): Ես գնացի յոթերորդ դասարան՝ Կամոյի դպրոցում: Հետո ընդունվեցի Պոլիտեխնիկ: Ավարտելուց հետո ընդունվել եմ Ռելեի գործարան՝ ինժեներ: Ռելեի գյուտարարություն եմ արել: Վերջում աշխատում էի ավտոգործարանում:
ԱՄՆ գալու համար սկսել ենք դիմել 1974 թվից: 75-ին ամուսնացել եմ Լինայի հետ, 76-ին ծնվել է տղաս, 80-ին եկանք: Գալու համար շատ եմ չարչարվել. էլ Հայաստանի ՕՎԻՐ, էլ Մոսկվայի ՕՎԻՐ, էլ Ցե-Կա Կա-Պա-Էս-Էս (ԽՄԿԿ Կենտկոմ)։ Քանի՜ անգամ եմ գնացել ու եկել։ Երևանի ՕՎԻՐ-ից Մոսկվա էին հայտնել, թե գնում եմ, որ նոյեմբերյան տոները խանգարեմ: Մեծ դժվարությամբ համոզեցի, որ այդպես չէ, եւ կարճ ընդունելություն խնդրեցի ՕՎԻՐ-ի պետից: Շատ հարգալի ընդունեց, լավ լսում էր: Մի բան նկատեցի՝ ընդմիջման ժամին ճաշում էր այն ճաշարանում, որտեղ մենք էինք, ինքն էր մատուցարանով բերում իր ուտելիքը: Թեկուզ մերժեին, խոսում էին հումորով, կատակով: Այստեղից (Երեւանից) Մոսկվային խաբում էին, գիտեին՝ Մոսկվան գլխացավանք պիտի ստեղծեր Երևանի համար: Մի օր Մոսկվայում ասացի՝ եթե մեր Էն-Վէ-Դէ-ն (Ներքին գործերի նախարարությունը) ինձ ներկայացնի ուղտ, ինչպեՙ՚ ս կարող եմ ապացուցել, որ ես ուղտ չեմ, կա այդպիսի ռուսական ասացվածք,էդ ռուս պաշտոնյան սկսեց ծիծաղել:
Գնալուս պատճառներն էին հարցնում, պատմում էի։ 1946-ին եկանք Հայաստան, մեր նոր տանը հինգ ամիս չէինք ապրել, աքսորեցեցիք: Հինգ տարի աքսոր, հինգ տարի բնակարանի հերթ, հինգ տարի դիմել ենք Ամերիկա գնալու համար։ Այս ձախորդ հնգամյակներին վերջ կա՞։
Այսպիսի շատ նամակներ եմ գրել: Վերջապես մի օր կանչեցին: Էդ ժամանակ արդեն կար Հելսինկյան պայմանագիրը: Ասացի, որ մորս ողջ հարազատությունն է այնտեղ: Աշխատանքի մեջ չեմ կարողանում մի քայլ առաջ գնալ, ասում են՝ արտասահմանում բարեկամներ ունես, թղթակցում ես հետները: Ես իմ ողջ կարողությունն եմ նվիրել իմ հայրենիքին, հիմա էլ ուզում եմ ՝գնամ, բախտ որոնեմ, ինձ ստեղ առաջընթաց չկա: Նույնիսկ առաջարկ եղավ, որ գնամ ու իրենց էնտեղից օգնեմ: Հրաժարվեցի:
Ամերիկան իմ իդեալ երկիրը չի, իդեալ երկիր որտեՙ՚ ղ գտնեմ: Բայց ոչ մեկը չի եկել դուռս թակել ու ինձ առանց իրավունքի հարցեր տվել: Միլիցիան գալիս է, թե բան ունի հայտնելու, դռան հետևից ասում ու գնում է: Չուզես՝ չես բացի, եթե խուզարկելու իրավունքով չի եկել:
Իսկ (Սովետական) Հայաստանուՙ՚ մ... Մոսկվայից գազի կալոնկա էի բերել, որ տան նորոգումից հետո տեղադրենք: Թաղայինը տեսել էր ու որոշել թույլ չտալ: Ուզում էր՝ իրեն փող տամ: Մյուս օրը գործի եմ, գալիս է, ֆարսունկեն տանում է: Ես խելոք տղա չեմ, ես կռվարար տղա եմ, խուժան չեմ, բայց թասիբի համար միշտ կկայնեմ: Սկսեցի բողոքել՝ է՛լ շրջանային, է՛լ քաղաքային գազի գրասենյակներ, արդյունք չտվեց: Մերգելյան ինստիտուտի մոտ պատահաբար տեսա գրած ա՝ ԳԼԱՎԳԱԶ (գազի սպասարկման գլխավոր գրասենյակ), մտա, ասացին, որ իրանք մագիստրալով են զբաղվում, բայց իմացա, որ մյուս գրասենյակները ենթարկվում են սրանց: Պետի տեղակալը ինձ լսեց.
- Ես ինժեներ տղա եմ, ամիսը մի հատ ավանս եմ առնում, մի հատ էլ՝ ռոճիկ: Ոչ բուֆետչիկ եմ, ոչ աֆիցիանտ եմ, ոչ պահեստապետ: Իմ ծախսերով կալոնկեն դնելու համար հիսուն ռուբլի կաշառք որտեղիՙ՚ ց տամ: Ես հո կաշառք չեմ առնում, որ իրենց տամ: Խնդրեցի, զանգ տվեց էս մարդը: Մինչև մեր տուն մի կանգառ էր. տեղ չհասած՝ արդեն բերել, դրել էին: Մի ամիս հետո պատմությունը կրկնվեց: Գնացի, պետն էր տեղում, խնդրեցի, զանգեց, բերեցին: Բայց էս խուժանները շարունակում էին։ Մի օր էլ մի ջահել եկավ՝ իբր ստուգելու, սրան արդեն քացով, ծեծելով տանից հանեցի։
Մեծ սիրով եւ մեծ ակնկալությամբ եկանք հայրենիք, եւ իսկապես ես հայրենիքիս կպարտիմ իմ ամբողջ կրթությունս: Ինչ որ եմ, Հայաստանին կպարտիմ, որովհետև տասեն մինչեւ քառասունհինգ տարեկանս Հայաստանում եմ եղել: