Հայրս Ռումինիայում ինձ փոքրուց ռուսերեն էր սովորեցրել: Ղարսեցի էր. Թիֆլիսում էր ապրել, հետո՝ Ռոստովում, Բաթումում, Պոլիսում էր մնացել որոշ ժամանակ, մինչև որ տեղափոխվել էր Ռումինիա:
Այնտեղ մեր տուն գալիս էին սպաներ, որոնք ծառայում էին Կարմիր բանակում: Նրանցից մեկը մի օր եկավ, ասաց` պրն Գարեգի՛ն, գնում եմ Հայաստան: Ես՝ 12-13 տարեկան տղա, թռա, թե` պապա՛, գնա՞մ՝ ճանապարհեմ, ասաց`գնա՛: Նավը կանգնած էր, ինձ իր հետ նավ բարձրացրեց՝ ծանոթացնելու: Սիրտս ուզեց Հայաստան գնալ:
Ասացի՝ ես քեզ հետ եմ գալիս, Մխո՛ ձյաձյա. այդ Մխո ձյաձյան հետագայում դարձավ համալսարանի ռազմական ամբիոնի վարիչ: Նա ինձ ասաց՝ չէ՛, այ տղա, դուք պապայի, մամայի հետ գալու եք. շուտով ներգաղթ է լինելու: Կարճ ասած՝ այդ մարդը ինձ երկար համոզեց, իջա նավից եւ մնացի իմ ծնողների հետ:
Ամիսներ անց մենք էլ վերջապես նավով եկանք Հայաստան: 1946 թիվն էր:
Հասանք Բաթում, մեզ հրամայեցին բոլոր ուտելիքները, խմորեղենները ծովը գցել: Ամբողջ ծովը սպիտակել էր, թռչունները ուտում էին դրանք, մենք էլ նայում՝ ուրախանում էինք: Բայց նավից իջանք, մեզ սեւ հացով հյուրասիրեցին: Հետո բեռնատար վագոններով բերեցին Հայաստան:
Գիտեինք, որ գալիս ենք մի երկիր, որը պատերազմից նոր է դուրս եկել, եւ դժվարություններ պիտի լինեին, բայց այդ աստիճանի չէինք սպասում:
Հիմա մտածում եմ, թե այն ժամանակվա ղեկավարները ինչու՞ չնստեցին ու չմտածեցին, թե որ բերում ենք այս ժողովրդին, ինչպե՛ս պետք է անենք, որ այս մարդիկը տրագեդիա չապրեն: Մենք չգիտեինք՝ ինչպես շարունակեինք մեր կյանքը: Հայրս շատ մեծ դժվարությամբ աշխատանք գտավ. դերձակ էր:
Եվ գիտե՞ք ինչ, եթե մարդուն ասում ես`քու տանդ կեսը պիտի տաս ինչ-որ անծանոթ եկվորների, իսկ դու պիտի նեղ ապրես, այդ մարդիկ երբեք կամավոր ձեւով չեն համաձայնի: Մեզ հետ էդպես եղավ: Մեզ որ Երեւանում տարան Սարի թաղ, եւ մարդիկ իրենց մի սենյակը. չգիտեմ, դա գո՞մ էր, թե սենյակ էր. տվեցին մեզ՝ շատ դեմ էին հոգով, չնայած չէին արտահայտվում: Իրենք հազիվ կարողանում էին մի սենյակի մեջ տեղավորվել:
1949-ին մեր կողքի շենքից Մազմանյանին աքսորեցին: Մենք առավոտյան իմացանք, շատ վախեցանք: Մայրիկս սկսեց մի պայուսակի մեջ հավաքել մեր հագուստները, որ եթե մեզ էլ տանեն, պատրաստ լինենք: Բարեբախտաբար, չեկան տանելու, բայց Մազմանյանի ընտանիքը կորավ, գնաց: Կոշկակար էր: Մի քիչ ավելի ազատ էր մտածում, ազատ էր խոսում եւ՛ այնտեղի կյանքի մասին, եւ՛ այստեղի պակասությունների մասին:
Ես ավարտեցի Օտար լեզուների ինստիտուտը: Ֆրանսերեն փոքրուց գիտեի: Հետո տեսա, որ Երեւանում ոչինչ չկա անելու ֆրանսերենի իմ իմացությամբ. ուսուցիչներ ամեն տեղ կային: Գնացի ռայոն, մի երկու տարի այնտեղ աշխատեցի որպես ուսուցիչ:
Հետո մեկնեցի Մոսկվա, եւ ուրիշ աշխարհ բացվեց իմ առջև: Ես երկու օտար լեզու գիտեի, ինչպես ռուսերեն են ասում` նա ռասխվատ (ձեռքից ձեռք խլում էին): Մանավանդ ռումիներենի թարգմանիչները շատ քիչ էին, եւ կարծես մի օրվա մեջ բոլորը իմ հեռախոսի համարն իմացան: Դոմ դռուժբի (Բարեկամության տուն), Դոմ սպորտիվնիխ մերոպրիյատիի (Սպորտային միջոցառումների տուն), Կոնցերտնի զալ (համերգասրահ)… Բոլորն իմ հեռախոսներն ունեին եւ զանգում էին՝ պրն Ժամկոչյան, դուք կարո՞ղ էք մեզ համար այսինչ գործն անել: Երկու- երեք տարի աշխատեցի, հետ եկա:
Հասա Երեւան, այստեղ անմիջապես լուսավորության նախարարը կանչեց՝ պարոն Սարգի՛ս, մենք ուզում ենք այստեղ հիմնել ֆրանսերենի երեկոյան դասընթացներ մասնագետների համար: Ասի` խնդրեմ, նորից Մոսկվա գնացի, համապատասխան գրքերը շալակեցի, բերեցի պարապմունքների համար:
Մաքսիմ Գորկու անվան դպրոցի կողքն էր մեր դասընթացների տեղը: Ուսուցիչներին ես էի գտել՝ իմ շրջապատից: Արտասահմանում պատրաստված մասնագետեր էին:
Տարին մեկ անգամ մենք պիտի հանդիպեինք Վեհափառի (Վազգեն Ա) մոտ: Հատուկ պատրաստվում էինք, նվեր էինք առնում Վեհափառի համար, ամբողջ խմբով նկարվում էինք: Վարդուհի Վարդերեսյանին էր հիշում Վեհափառը եւ բոլորին անուններով գիտեր մեկ-մեկ: Իհարկե, ներքուստ ուրախանում էինք, որ այդպիսի կաթողիկոս ունենք, որը նույնպես ռումինահայ է եւ շատ-շատ բաներ է անում եկեղեցու համար:
Նա հենց եկավ, առաջին օրվանից ճարտարապետների մի խումբ հավաքեց եւ ասաց, որ վերականգնելու ենք մեր հին եկեղեցիները, տաճարները: Նա չէր ուզում պայքարել որպես կրոնական մարդ, բայց այնքան մեծ հեղինակություն դարձավ մեր կոմունիստ ղեկավարների մոտ, որ իր վարկը շատ-շատ բարձրացրեց աթեիստական մի երկրում, որտեղ կրոնի մասին խոսել անգամ չէր կարելի:
Ես կոմունիստների ժամանակվանից Ամերիկա էի գնում, որովհետեւ մեր բոլոր հարազատները Ռումինիայից գնացել էին Ամերիկա: Ինձ մի անգամ հրավեր ուղարկեցին, գնացի ու ժամանակին հետ եկա. դրանից հետո ինձ համար խնդիր չէր: Մոտավորապես մի տասը, տասներկու անգամ գնացել- եկել եմ՝ երեք ամսով, երկու ամսով։ Երեսուն տարվա ընթացքում որ գնում-գալիս էի, անընդհատ մտածում էի՝ Ամերիկայու՞մ պետք է ապրել, թե Հայաստանում: Վերջը չկարողացա որոշել:
Ապրեցի Հայաստանում, որովհետեւ այստեղ է իմ շրջապատը, այստեղ է իմ հարազատ լեզուն, այստեղ են իմ հարազատների գերեզմանները:
Ինչ վերաբերում է մեր նիստուկացին, անհարմար է ասելը՝ մենք մինչեւ էսօր էլ հայրենադարձ ենք մնացել, մեր ընտանիքը կոնկրետ: Ես, կինս, երեխաներս էլ որոշ չափով, չենք փոխվել ադաթներով, սովորություններով, բարոյականությամբ եւ այլն, եւ այլն: