Ես ծնվել եմ Երեւանում եւ հայրենադարձության մասին պատմությունները լսել եմ իմ տատիկից: Նա մի հազար անգամ կպատմեր էդ ամենը եւ կասեր՝ որ գրեմ, մի գիրք կստացվի:
1946-ին պապիկիս մաման որոշել էր, որ Հալեպի մեջ իրենց տունը, ամեն բանը ծախեն՝ Հայաստան գնան: Ծախում են եւ էդ ամեն փողը տանում են Հալեպի ներգաղթի կենտրոն, ասում են՝ էսքան դրամ ենք տալիս, միայն մենք խնդրում ենք, որ մեզի տանեք Հայաստան: Եւ միշտ տատիկս ասում էր՝ քառասունվեց հատ կարմիր ոսկի տվեցինք։ Եւ իրենց անունը առաջ են դնում, որովհետեւ իրենց անունը էդ նավի մեջ գրված չի եղել:
Մեծ տատիկիս անունը՝ Իզաբել Գեւօղլանյան, պապիկիս անունը՝ Պետրոս Գեւօղլանյան, իմ տատիկիս՝ պապայիս մամայի անունը Միլիցա Գեւօղլանյան էր: Եւ Միլիցա տատիկս, որ Հայաստան եկավ, վախենում էր, որովհետեւ ասում էր՝ էստեղ ոստիկանների անունն է միլիցա: Դրա համար ինքը վախից իր անունը փոխեց, Միլյա դրեց:
Իրենք աքսորվեցին, որովհետեւ պապիկս դաշնակցական էր եղել Հալեպի մեջ: Եւ ինքը էնպես մի պաշտոն էր ունեցել, որ, ասենք՝ փողոցային աղջիկներին Հալեպի մեջից դուրս էր հանել: Ու Հայաստան գալուց հետո բարեկամները իրեն մատնել էին, որ դաշնակցական է եղել:
Պատմում էին, որ էդ օրը պապիկս բազար էր գնացել, որպեսզի առեւտուր անի: 1949-ի հունիսի 13-ին է եղել. օրը միշտ հիշում էինք: Տատիկը ասում էր, որ էդ օրը պապիկը բազարի մեջ է եղել, որ ինչ-որ միլիցաներ (ոստիկաններ) են եկել, ասել են, որ սաղ ժողովուրդը պետք է տուն գնա: Պապիս որ տուն է գալիս, տեսնում է՝ ի՞նչ, իրենց երկու հարկանի տան առաջ մեծ մեքենաներ են կանգնած: Մեծ տատիկս հարցնում է՝ մեզի ո՞ւր պիտի տանեք, ասում են՝ պատերազմ է լինելու Հայաստանի մեջ, ձեզի պետք է տանենք ուրիշ գյուղերը, իջեցնենք:
Երկրորդ հարկի բալկոններ (պատշգամբներ) ունեինք, էդ վերեւից իրենց ապրանքները սաղ լցրել են էդ մեծ գռուզավիկները (բեռնատար մեքենա):
Մեծ տատիկս մտածմունքի մեջ է ընկել, թե էնքան հարստությունը, որ բերել են Հալեպից, չեն կարող տանել, եւ ո՞նց անի, որ թեկուզ ոսկեղենը կարողանան տանել:
Տատիկս դերձակուհի էր եղել Հալեպի մեջը, 200 հոգիանոց աշակերտներով Մարաշի ասեղնագործի դասատու էր եղել: Շատ հարուստ էին եղել: Ու էդ օրը, որ Երեւանում եկել էին իրենց աքսորելու, տատիկս շուտ-շուտ գոտիկներ էր կարել եւ ամեն աղջիկ երեխաների վրաները էդ գոտիկներով ոսկիները կապել էր:
Իրենց հետո պոյեզի (գնացքի) մեջ էին դրել էշերի ու գոմեշների հետ: Տատիկս պատմում էր՝ մեզի ամենավերջինը տարան, իսկ որովհետեւ տեղ չկար, մեզի զոռով մտցրեցին, դուռը հազիվ փակեցին. ո՛չ պատուհան կար բացված, ո՛չ մի բան. մի հատ օդ իրավունք չունեինք առնեինք, եւ կողքերնիս էլ ամեն պոլիսներ (ոստիկաններ) կային, որ հանկարծ մեկը չփախնի, կամ՝ դուրս չելնի: Իմ հայրս էդ ժամանակ 19 տարեկան է եղել, մի հորաքույրս՝ 14, մյուս հորքուրներս՝ 12 եւ 9 տարեկան: Հորեղբայրս 7 տարեկան է եղել: Հինգ երեխա, տատիկս, պապիկս եւ մեծ մամաս:
Տատիկս պատմում էր, որ Սիբիրում իրենց գետնին են իջեցրել, ոնց որ՝ ոչխարների: Շուրջը ո՛չ մարդ կա, ո՛չ ծառ կա… Հորքուրս միշտ պատմում էր, որ էդ օրերին շատ ուժեղ անձրեւ է եկել, մի հատ մեծ խալի ունեին. Հալեպից էին տարած, պապիկս էդ խալին չորս կողմերով մի ձեւի հարմարություն է արել, մտել են տակը, որ չթրջվեն: Հետո մի հատ մարդ է եկել, մեղքացել է իրենց, տարել է իր արհեստանոցը: Ապակի սարքող արհեստավոր է եղել, մի քանի օր իրենց էնտեղ է պահել:
Ու հորքուրս միշտ կասեր, որ շատ տուներ չկար՝ հինգ հատ, վեց հատ գոմի պես տունիկներ էր: Հորքուրս պատմում էր՝ մի հատ ազատ տունը մեզի տվեցին, եւ էդ տունը շատ պզտիկ էր: Նույն տունի մեջ՝ հինգ երեխա, երեք մեծահասակ, եւ անկյունում մի հատ մեծ կով էին պահում: Մյուս կողմում պզտիկ հավիկներ էին պահում, որ ապրեին, որովհետեւ ո՛չ ուտելիք կար, ո՛չ սնունդ կար. ոչ մի բան չկար:
Իրենք կարտոշկաներ (կարտոֆիլ) էին տնկում, որ ուտեն, ուրիշ բան չկար ուտելու: Պապաս ու պապիկս սկսում են աշխատել. գետի ջուրը ասանկ գնում էր, եւ էդ գերանները պետք է դնեին ջուրի վրա, վրան կանգնեին, որ ուղղություն տային՝ գետը տաներ էդ ուղղությունով:
Հորաքույրս միշտ պատմում է, որ Սայբիրիայի (Սիբիրի) մեջ ո՛չ լողանալու տեղ կար, ո՛չ ջուր կար: Երկու հատ էսպես ամաններ էին, ասում է՝ կլոր-կլոր: Մի հատի մեջ ջուր էր լցվում, էդ ջուրը պետք է նստվածք տար, կեղտը իջներ ներքեւ, որ ջուրը վրայից վերցնեին՝ խմեին: Մյուսը գոմի պես տեղի մեջ էր դրված, որ էդտեղ լողանային:
Ու հորաքույրս միշտ ասում է, որ դրանից երեւի հիվանդություններ եղան իրենց…
Եւ վեց տարի մնալուց հետո, Ստալինը մահանալուց հետո իրենք հետ գնացին Հայաստան: Գնալուց առաջ վերջին անգամ նկարվել են Սայբիրիայի մեջ, որ շատ ուրախ են, որովհետեւ տուն են գնում:
Ես տասնինը տարեկան էի եւ բժշկական ուսումնարանում էի սովորում, երբ պապիկս որոշեց, որ մենք Ամերիկա պետք է գանք: Բայց իրենց չհաջողվեց: 1981 թվին միայն մեր ընտանիքով՝ ես, պապաս, քույրիկս, եղբայրս եւ մամաս եկանք Ամերիկա:
Իմ պապաս կարծում էր, թե էստեղ Հալեպ է, բայց որ եկանք, չսիրեց Ամերիկան: Հինգ տարի մնալուց հետո, նորից վերադարձավ Հայաստան: