Պապաս շատ էր ուզում Հայաստանում ապրել վերջապես և մի տեսակ նորից սկսել կյանքը, չնայած Հունաստանում արդեն մեծ հաջողությունների էր հասել. ավարտել էր Աթենքի կոնսերվատորիան, հետո կատարելագործվել Միլանի կոնսերվատորիայում։ Ինքը շատ լավ ձայն ուներ, բարիտոն էր. ձայնն էր մշակում եւ սովորում էր որպես դիրիժոր՝ խմբավար։ Այդքան երիտասարդ՝ երգչախումբ ուներ: Երգչախմբում էլ ծանոթացավ մորս հետ։ Մամաս գնում էր էդ երգչախումբ՝ երգելու։ Մամայիս հետ ամուսնացավ Աթենքում եւ երազում էր, որ իր երեխաները Հայաստանում ծնվեն եւ մեծանան։
Եկան եւ 1949-ին աքսորվեցին։ Պապան աքսորի մասին բոլորովին չէր խոսում, բայց քանի որ ինքը շատ շուտ մահացավ, մաման արդեն ինչ-որ բաներ պատմում էր։
Մերոնք վարձով ապրում էին Երևանում՝ «դոմ օֆիցերով» (սպայի տուն) կոչվող սեւ շենքում։ Գիշերով եկել, տարել էին, բեռնատար վագոններով հասցրել Ալտայսկի կրայ (Ալթայի երկրամաս): Պապան էնտեղ առաջին 13 օրը չի խոսել ընդհանրապես: Ես մտածում եմ, որ ինքը իրեն մեղավոր էր զգում. ի վերջո, ինքն էր պատճառը, որ եկան Հայաստան։
Մաման պատմում էր, որ երբ գնացքը կանգնում էր, գոռում էին՝ պոդ վագոնի՜, այսինքն, որ մտնեին վագոնների տակ՝ իրենց կարիքները հոգալու։ Պատկերացնո՞ւմ եք, տղամարդիկ եւ կանայք՝ զենքով կանգնած զինվորների ներկայությամբ… Դա մամայի ամենասարսափելի տպավորություններից էր։
Ի վերջո, տեղավորել են ինչ-որ ավանում: Անտառում ծառ էին հատում: Երեւի մտածել էին, որ սրանց մեջ լավ մասնագետներ կլինեն, կարելի է օգտագործել, մի օր շարել են ու սկսել էսպիսի կարգադրություններ անել՝ ֆիզիկի՜, օդին շագ վպերյո՛դ (ֆիզիկոսներ, մեկ քայլ առաջ), խիմիկի՜, օդին շագ վպերյո՛դ (քիմիկոսներ, մեկ քայլ առաջ), երաժիշտնե՜ր, մեկ քայլ առա՛ջ…
Որպես երաժիշտ, ուրեմն, պապային տանում են Բառնաուլ, բայց արդեն եղբորովս հղի մամաս մնում է տայգայում։ Վեց ամիս հետո նոր պապան կարողանում է մամային բերել քաղաք, եւ մեծ եղբայրս ծնվում է Բառնաուլում։ Պապային աշխատանքի են ընդունում որպես բայանիստ (բայան՝ռուսական երաժշտական գործիք): Ինքը շատ լավ տիրապետում էր դաշնամուրին: Մեր տանը Աթենքից բերած փոքրիկ դաշնամուր կար։ Իսկ բայան երբեք չէր նվագել, բայց բայանիստ է աշխատել փաստորեն։
Տայգայում իրեն տանում էին հարցաքննության, փորձում ինչ-որ խոստովանություններ կորզել։ Պապայի մեջքի վրա սպիներ կային՝ դանակի հետքեր, ըստ երևույթին, խոշտանգումների էին ենթարկում, որ ինչ-որ թղթեր ստորագրի, թե ինքը գործակալ է եղել:
Սիբիրում շատ նեղվում էին նաեւ լեզվի առումով, որովհետև ռուսերեն չգիտեին: Պապաս գիտեր 7 լեզու. բոլոր եվրոպական լեզուները՝ բացի անգլերենից: Մամաս անգլերենի մասնագետ էր, 10 լեզվից ավելի գիտեր: Բայց ռուսերեն չգիտեին։ Եվ, գիտե՞ք, թե ինչու ես եւ եղբայրս գնացինք ռուսական դպրոց, որովհետև իրենք էդ վեց տարին տանջվեցին, տառապեցին՝ ռուսերեն չիմանալու պատճառով:
Էդքանից հետո, համ էլ համարձակ էին. որոշում են, որ եղբորս պիտի կնքեն Սիբիրում: Նորա ծյոծյա կար, համաձայնում է լինել կնքամայր։ Հայկական եկեղեցի չկար: Ես հիմա ժպիտով եմ պատմում, բայց պատկերացնում եմ, թե ինչերի մեջով են անցել։ Գնում են ռուսական եկեղեցի, բատյուշկան (քահանա) ասում է ՝առանց կնքահոր չի լինի։ Հայ աքսորականները վախենում են կնքահայր դառնալ, պապաս փողոցում մի ռուս մի մարդու կարողանում է համոզել, եւ եղբորս կնքում են:
Էնտեղ կար Սիբիրսկի նարոդնի խոռ (Սիբիրի ժողովրդական երգչախումբ) , որը աշխարհահռչակ դարձավ հետո: Պապան հիմնեց էդ Սիբիրսկի նարոդնի խոռը: Ինչ-որ մեկին դրել էին ղեկավար, բայց ամբողջ հիմքը պապան էր։
Աքսորից վերադարձան 1955-ին, բնականաբար, կյանքը լրիվ փոխվել էր, եւ փակվել էր ամեն ինչ, պապային որեւէ առաջարկ չկար: Դպրոցում դաս էր տալիս, բայց հասավ շատ մեծ հաջողությունների՝ իր երգչախմբով։ Բելինսկու անվան դպրոցի երգչախումբը ոչ միայն Հայաստանում էր հայտնի, այլ նաեւ ամբողջ Սովետական Միությունում:
Բելինսկու անվան երաժշտական դպրոցի դասատուների մեծ մասը աքսորականներ էին։ Իմ ֆիզիկայի դասատուն գիտնական էր ուղղակի, մանկավարժ չէր. տառապում էր մեզ հետ, բայց իր միտքը ուրիշ տեղ էր: Եվ էդ առումով մեր դպրոցը շատ որակով էր համարվում. ասենք, իմ պապան էդպիսի կրթությամբ երգի ուսուցիչ էր։ Ճիշտ է, հետո Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի ղեկավարը եղավ։
Ասեմ, որ վերադարձից անմիջապես հետո պապան մտնում է ԿԳԲ՝ ազգային անվտանգություն, և խնդրում է, որ իր գործերը ցույց տան՝ մոտավորապես իմանա, թե ինչի համար են աքսորել։ Էնտեղ ինչ-որ մի կոչումով մարդ է եղել, հանել է գործերը, իրեն, իհարկե, ցույց չի տվել, բայց ասել է՝ դուք 1918 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել եք դաշնակցական թերթ։ Պապան ծնվել էր Կոստանդնուպոլսում, բայց հենց 1918 թ.։ Էդտեղ պապայիս ասածը հետո հայտնի խոսք դարձավ՝ ես մամայիս փորի մեջ չէի կարող թերթ հիմնել։
Ինչ-որ մեկը սուտ մատնություն էր արել. անգամ ազգանունը գիտեմ՝ ով է գրել։ Պլան էին կատարում, ծրագիր կար՝ Հայաստանը դատարկելու: Ես կարծում եմ, դա վերաբերում է տասնյակ հազարավոր մարդկանց, որոնց աքսորեցին էդ թվերին։ Եվ՝ ոչ միայն արևմտահայերի: Մամայի պատմելով եմ հիշում, որ էնտեղ կային գյուղացիներ, բանվորներ՝ Ալավերդիից, Քյավառից, Գյումրիից, Կիրովականից... Իհարկե, մեծ մասն արևմտահայեր էին, բայց կային նաև տեղի ժողովուրդ, մամաս ասում էր՝ տեղացիներ։ Շատերը չվերադարձան. մի մասը չդիմացավ, մահացավ: Պապայի բախտը բերեց, որ ընկավ Բառնաուլ:
Երևանի 3-րդ մասի շուկայի մոտ մեզ երկու սենյականոց բնակարան տվեցին. չեմ հիշում՝ որ թվին։ Այսինքն, Խրուշչյովի (Նիկիտա Խրուշչյով՝ Սովետական Միության ղեկավարներից ) ժամանակ որոշում եղավ ներքին կարգով, որ էդ մարդկանց պետք է բնակարաններ տրվեն:
Մաման էդ աքսորից չարացած էր խոսում: Պապան՝ չէ, բայց աչքերի մեջ շատ մեծ տխրություն կար: Չնայած արտաքինից շատ ուրախ մարդ էր՝ ասող-խոսող, ուտող-խմող: Դպրոցում հավաքույթներ էին լինում՝ իր փայլուն ձայնով երգում էր, պարում էր. վալս պարել գիտեր, տանգո պարել գիտեր… Ձայնը կորցրեց Սիբիրում, որովհետև սկսել էր ծխել եւ խմել։ Տայգաներում ո՞ւմ ձայնը կդիմանա, բայց ինչ-որ մի բան մնացել էր:
Արտաքինով շատ գեղեցիկ մարդ էր, ներկայանալի. լավ էր հագնվում. իտալական ոճ ուներ՝ շլյապան գլխին: Սեղան նստելու, կենաց ասելու, պատառաքաղ բռնելու շատ հղկված վարք ուներ: Ֆիլհարմոնիայում դա որոշ ինտրիգների, նախանձի պատճառ դառնում էր: Բայց պապան դրան շատ հումորով էր վերաբերվում, ոչ մի չարություն չուներ, մատների արանքով էր նայում։
Եվ ասեմ, որ ինչքան պապան փակել էր ատելությունը՝ եղբորս մեջ կար էդ, դեպի Սովետական Միությունը կար, չընդունեց ու չընդունեց եղբայրս։
1960-ականների սկիզբն էր, մեր տանը խոսակցություն կար, որ ուզում են գնալ երկրից, բայց հետո մի զարմանալի բան կատարվեց, և չստացվեց գնալը։ Պապան փոխվեց, նորից եկավ իր հին մտածմունքին, որ սա իր երկիրն է, իր Հայաստանն է:
Ինքը չէր հավատում, որ մի օր կփոխվի երկիրը, բայց դարձյալ հունաստանցի մի ընկեր ուներ՝ Քոքո ձյաձյան, ինքն էլ Եվրոպայում փայլուն կրթություն էր ստացել. միշտ ասում էր՝ էս երկիրը քանդվելու ա, եւ մենք անկախ Հայաստանում ենք ապրելու։ Ապրեց մինչև անկախ Հայաստանն, ի միջիայլոց, Քոքո ձյաձյան: Դրանից հետո էլ համարյա ամեն առավոտ մեր տուն էր գալիս՝ օրվա թերթերով։ Սուրճը խմում էր, վերջին նորություններն էր ասում…