Հայրիկս ջարդի մեջ եղած է, իր ընտանիքը բոլորը մահացած էին, ինքը մնացած էր: Իսկ պատերազմի ժամանակ պարտիզան եղավ։ Մեզի Մարսելից գյուղ տարավ, որ ապահով լինենք:
Պապաս և մեկ ուրիշ հայ 42 հայ գերիների ազատած են։ Սովետական զինվորներ էին, եւ երբ որ իրենց աշխատեցնելու կը տանեին, Պեպոյի երգն էին երգում օթոյի վրա: Էդպես պապայիս երկրացի մեկը հասկացել էր, որ հայ են: Պզտիկ գյուղաքաղաք էր, որտեղ հայերը գերի էին գերմանացիներին: Հայկ Գասպարյանն էր իրենց մեծը, հետը պառոլաներով՝ գաղտնի նշաններով, հայերեն երգելով, չգիտեմ ինչ ընելով, կարողացան իրար հետ պայմանավորվել:
Հայրիկս կարողացավ ֆրանսացիներից օթո ուզել, որովհետեւ իրենք չուզեցին էդ բաների մեջ մասնակցել։ Խաչիկ Բելյա՞ն էր, ինչյան էր. միտքս չէ ազգանունը. անոր հետը գնացին, գերմանացի աֆիցերներին (օֆիցեր՝ սպա,- խմբ.) կարողացան սպանել, ամենին երկու հոգով լեցուցին քամյոնը, բերին գյուղ, ընտանիքների մեջ բաժնեցին բոլոր զինվորներին։ Է՛լ Ղարաբաղից կար զինվոր, է՛լ Ալավերդիից, է՛լ Ստեփանակերտից… Չգիտեմ՝ ողջ հայկական շրջաններից. ցուցակը ունիմ:
Մեծ եղբայրս եւ քույրս մամայիս առաջին ամուսնու երեխաներն են, իր ամուսինը իսկականից ախալքալակցի էր, ռուսահայ էր: Ցարի ժամանակ ինքը փախած էր Բուլղարիա, եւ էդ ձեւով մամաս ամուսնացած էր: Բայց Ֆրանսա եկան, դժբախտաբար, ամուսինը մահացավ հիվանդությունից: Պապաս ամուսնացավ մամայիս հետ, եղանք չորս երեխա:
Ներգաղթի ժամանակ մամաս հղի էր, հիշում եմ: Անկեղծ ասեմ՝ հայրենասիրական բան էր. հնչակյան էին, կոմունիստ էին, ըսին, որ՝ գնանք մեր երկիրը, հող ունենանք, տուն-տեղ ունենանք։
1947թ. սեպտեմբերին «Ռոսիա» նավով եկանք Բաթում։ Ես տասը տարեկան էի: Բաթումի, որ հասանք, սեւ հաց բերին՝ էսպես մեծ բուխանկաներ (հացի բոքոններ): Լավ հիշում եմ, թթո՛ւ, քացախի պես թթու հաց էր: Մինչեւ էդ մենք ճերմակ ալյուրով աղվոր հաց կ’ուտեինք:
Մեզի հետո «Պոբեդա» նավի մեջը դրին։ Նավի վրա ժողովուրդը հացերը սկսան ծովը նետել։ Բաթումի ժողովուրդը՝ նավակների մեջ, սկսավ այդ հացերը հավաքել։ Հետո թրեյն (գնացք) նստանք, որ Երեւան գանք։ Դեռ ականջիս է մամայիս լացը, որ՝ էս ի՜նչ ըրինք…
Իմ հայրիկս շատ բողոքական էր, շատ քաջ մարդ էր, իրեն դրա համար միշտ կըսեին՝ Քաջ Նազար: Ըսավ՝ աս ի՞նչ կընեք, թուրքին չըրածը դուք կլրացնեք մեզի: Տեղի ժողովուրդը իրենք էլ խեղճ էին, իրենք էլ վատ պայմանների մեջ էին. պատերազմից դուրս եկած երկիր էր: Ամեն ինչ ծախեցինք, որպեսզի կարողանանք մեր գոյությունը պահպանել։
Եղբայրս ըսավ՝ ես պիտի փախիմ, աս երկիրը ապրելիք տեղ չէ: Եվ երբ որ եղբայրս հաջողացրեց փախչել, հայտնեցինք, որ մեր տղան կորած է: Պապայիս տարան: Ես էլ պապայիս հետ էի, որովհետեւ իրեն հողամասի վրա ճաշ կը տանեի: Եկան, ջիփով առին, տարան մեզի։ Հայրիկս պահեցին, ինձի տոմս տվին, ըսին՝ դու գնա տուն: Ու հայրիկիս հարցրին՝ եղբա՛յր, տղադ ինչպե՞ս փախավ։ Ըսավ՝ ես որ իմանայի ուրդեղեն փախավ, ես էլ հետը կ’երթայի… Ես քառասուներկու զինվոր եմ ազատել հայրենիքի համար, ձեր զինվորներն են: Էդպես շատ-շատ անգամներ հայրիկիս կը կանչեին, որ խոսեցնեն:
Թուրքիայում ուզել էին եղբայրս հետ ղրկել: Ինքը թուրքերեն չգիտեր, բայց մեկը գտավ, որ կարողացավ թարգմանություն անել իրեն: Հետո գնաց Սուրիա, Սուրիայից՝ Բեյրութ։ Բեյրութից էլ անցավ Ֆրանսա։ Մեզի լուր եկավ, որ եղբայրնիդ տեղ է հասեր։
Հայաստան պարտադիր էր դպրոցը։ Բոլորս էլ դպրոց գնացինք։ Ես շատ չգնացի, մինչեւ յոթերորդը գնացի, հայերենը դժվարություն ունեի:
Ճիշտն ասած, շատ շուտ ամուսնացա՝ 1958-ին Խաչիկին հետը։ 1959-ին տղաս ունեցա, 1963-ին էլ՝ աղջիկս։ Մենք Խաչիկենց փողոցն էինք ապրում, նույն թաղի մեջ ենք մեծացել։ Սկեսրայրս Սիբիր էին աքսորել առանց որեւէ պատճառի: 1953-ին ազատվեց՝ Ստալինի մահից հետո:
Իհարկե, լավ բաներ էլ կային Հայաստանում. մեր ջահելությունը ընդեղ անցուցինք, ինչ էլ որ լինի՝ մեր ամենալավ տարիներն էին։ Պզտիկ բանից շատ շուտ էի ուրախանում. մի պզտի՛կ բանից։
Երբեք չէինք պատկերացնի, որ մի օր կկարողանանք հետ դառնալ, ճիշտն ասած, դժվարություն ունեինք մերվելու։ Մի քիչ դժվար էր։ Հետո, եղբայրս ստեղ էր։ Մենք չորս երեխեքս էլ Ֆրանսական քաղաքացիությունը ունեինք։
Հինգ տարի սպասեցինք: Ամուսինս նամակներ գրեց՝ Կոսիգինին, Անդրոպովին, Բրեժնեւին (Սովետական Միության ղեկավարներ), բոլորին, որ ուզում ենք հետ վերադառնալ, որ մենք հարազատներ ունենք Ֆրանսայում: Եղբայրս թուղթ ուղարկեց, քույրիկս կարողացավ գալ Ֆրանսա։ Հետո քույրիկս մեզի թուղթեր արեց, եւ 1972թ. մենք էլ եկանք։
Տուներնիս ծախեցինք, բայց չկարողացանք օգտվել էդ փողերից։ Ֆրանսա գալու ժամանակ երբ որ Մոսկվա գնացինք, մեզի լավ խուզարկեցին։ Խեղճ հայրիկիս կոշիկները հանեցին։ Ռուսերեն չէր գիտեր, բայց կոմունիստական քարտը հանեց, ցույց տվավ իրեն խուզարկողներին։ Մարդիկը ասացին՝ օ՜, ստարի (հին) կոմունիստ, ու թողեցին։