1945-ին մայրս մահացել էր։ Հայրս երեւի ուզեց Հայաստան ներգաղթել, որպեսզի կյանքի մեջ փոփոխություն մտցնի։ Հետո, էդ պրոպագանդան շատ ուժեղ էր, որ Հայաստան վիճակը լավ է, որոշեց մեզ տանել Հայաստան։
Մինչև Բաթում նավով գնացինք: Հետո գնացք նստեցինք, ու Կիրովական մեզի իջեցրին։ Մի հատ սենյակի մեջ չորս հոգի էինք՝ հայրս, ես, քույրս և եղբայրս:
Հիշում եմ, որ հացը կտրում էինք, դանակի վրա էս հաստությունով էդ հացը մնում էր։ Էնքան ցեխ էր հացի վիճակը, էնքան վատն էր… Շատ ժամանակ լաց էինք լինում, ասում էինք՝ սոված ենք, հաց ենք ուզում։ Չունեինք, էլի՛, սոված էինք։
Հայրս աշխատանքի անցավ։ Բանվորություն էր անում հենց մեր թաղամասի շինարարությունում, որտեղ որ ապրում էինք. էվակուացիոն բազա էր կոչվում։ Լրիվ դեռ կառուցված չէր: Գնում էի, տեսնում՝ պապաս ծանր նասիլկեք (նոսիլկա՝ ռուս. պատգարակ ,-խմբ.) էր բարձրացնում: Լաց էի լինում, պապայիս համար. խղճում էի։
Մամայիս պատմությունից ոչ մի բան չգիտեմ, որովհետեւ, եթե մամայիս մասին պապայիս հետ խոսում էինք, շատ ազդվում էր։ Ինքն էլ չէր խոսում, չէր պատմում։
Մենք բողոքում էինք, ես շատ էի լացում, որ տատիկիս եմ ուզում տեսնել։ Եղբայրս, որ արդեն տասնվեց տարեկան էր, միշտ պապայիս հետ վիճում էր, ասում էր՝ ինչու՞ բերեցիր մեզ ստեղ։ Պապաս էլ էր շատ փոշմանել, որ մեզի տարել է, բայց ասում էր՝ ձեր հայրենիքն է, ստեղ պետք է մեծանաք, ստեղի լեզուն պետք է սովորեք։ Լեզուն էլ չգիտեինք, կարգին հայերեն չգիտեինք։
Հիշում եմ, որ Ֆրանսիայում էինք, պապաս ասում էր՝ տունը հայերեն խոսեք, դուրսը՝ ինչ ուզում եք։ Իսկ որ գնացինք Հայաստան, ասում էր՝ ա՛յ, հիմա տունը ֆրանսերեն խոսեք, դուրսը՝ հայերեն։
Էդ մեր էվակուացիոն բազայի շենքը մի տասը հատ բնակարանով էր, բայց կառուցված էր ընենց, որ մեր սենյակը պետք է խոհանոց լիներ, մյուսները՝ ննջարաններ: Բայց բոլոր տեղերում մեկ առանձին ընտանիք էր: Առավոտը վեր էինք կենում, տեսնում էինք՝ հարեւանները չկան, դատարկ է սենյակը։ Ասում էին՝ աքսորել են, բայց չխոսե՛ք, պատերն էլ ականջ ունեն, ծառերն էլ ականջ ունեն։
Բարձրագույն կրթություն չեմ ստացել, չէ՛. չկարողացա ընդունվել: Եղբայրս էլ միշտ տեղը փոխում էր. Երեւան էր գնում, Թիֆլիս էր գնում, չէր մնում Կիրովական։ Նա էլ չշարունակեց սովորելը, որոշ թարգմանություններ, բաներ էր անում։
Մեր նյութական վիճակը շատ վատ էր։ Դպրոցը չավարտած՝ գնացի աշխատելու, ու գիշերային, ավելի ճիշտ՝ հերթափոխային դպրոց էի սովորում։ Հաշվապահական կուրսեր սովորեցի, սկսեցի հաշվապահ աշխատել, հետո՝ ավագ հաշվապահ, ու տենց էլ եկա Ֆրանսիա։
Որ ճիշտը ասեմ, ես ցանկություն չունեի Հայաստանից վերադառնալու Ֆրանսիա, որովհետեւ վիճակը արդեն լավ էր։ Երեխեքս Մոսկվայում սովորում էին, բարձրագույն կրթություն էին ստանալու։ Նյութական վիճակներս վատ չէր, լավ էր։ Ամուսինս դարբին էր աշխատում, լավ վաստակում էր, հեչ միտք չունեինք գալու, բայց, որ երկրաշարժը եղավ, ամեն ինչ կորցրինք։
Մոսկվայի ֆրանսիական դեսպանատանից կոնսուլը եկավ Կիրովական, բոլոր էդ ֆրանսիական տուժածներին (պապաս գրանցված էր էնտեղ, բայց մենք՝ չէ ) ասավ՝ պիտի ստեղ նորից զրոյից սկսեք, ինչու՞ չեք ուզում գալ Ֆրանսիա։ Չնայած, եղբայրս արդեն Ֆրանսիայում էր։ Վերջը, մենք էլ որոշեցինք գալ Ֆրանսիա եւ կյանքներս զրոյից սկսել Ֆրանսիայում։
Աղջիկս Մոսկվայում արդեն երկրորդ կուրս էր, որ թղթերը տվել էի դեսպանատուն։ Ասում էի՝ երանի չհաջողվի, երանի չհաջողվի։ Դե, հաջողվեց՝ եկանք։ Եկանք, ու ամբողջ օրը լաց էի լինում: Մեկին տեսնում էի՝ հարեւաններիս էի նմանեցնում, ընկերուհիներիս էի նմանեցնում։ Շատ դեպրեսիա ունեցա. մի տարվա մեջ տասնութ կիլո կորցրի։ Վերջը, մերոնք որոշեցին ինձ ուղարկել Հայաստան։ Գնացի Հայաստան, տեսա՝ մի քիչ հանգստացա։ Եկա, նոր դրանից հետո դեպրեսիան անցավ իմ վրայից։ Կամաց-կամաց ընտելացա։
Սովետի կյանքը սովորական մարդկանց համար վատ չէր, իսկ էն մարդիկ, որ բարձրագույն աստիճանի վրա էին՝ մասնագետներ էին, այսինքն, կինո հանողներ էին, գրողներ էին, ես կարծում եմ, որ նրանց համար լավ չէր, որովհետեւ ամեն ինչ չէր թույլատրվում իրենց: Իսկ մեզ համար՝ բանվոր դասակարգի համար, ես գտնում եմ, որ լավ երկիր էր։ Վատ չէր։
Սովետը քանդվեց, որովհետեւ խաբեբայության հիմքերի վրա էր դրված, իմ կարծիքով: Որ ես հաշվապահությունում աշխատում էի, տեսնում էի՝ ինչ տվյալներ ենք ներկայացնում մինիստրություն, որ պրեմիա (պարգևատրում) ստանան եւ այլն։
Էն տարիները, որ ապրեցինք Հայաստանում, մենք շատ բան սովորեցինք, երբ որ դժվարություններ տեսանք։ Շատ կարդում են իրենք, շատ մուզիկա են սիրում: Անձամբ ես կլասիկ մուզիկա (դասական երաժշտություն,-խմբ. ) սիրում եմ, ստեղ բոլորը չեն էդ մուզիկաների հետ շփվում։ Շատ կարդում էինք, շատ բան սովորեցինք Հայաստան։ Ամենամեծ բանը՝ մարդկություն կար՝ մարդ ընդունել, ճամփու դնել, հյուրասիրել։
Հայրենադարձներն էլ շատ բան տվեցին Հայաստանին, օրինակ, Կիրովականում մարդիկ շատ բան չգիտեին։ Ասենք, մերոնք սուրճ էին օգտագործում։ Սկզբում սուրճ չկար Հայաստանում, դժվար էին ճարում։ Որ մեր տուն գալիս էին, սուրճ էինք հյուրասիրում, ասում էին՝ դառը ջուր տվեցին, էդ ի՞նչ դառը ջուր էր, չհասկացանք։ Կամաց-կամաց իրենք էլ սկսեցին սուրճ խմել: Հետո, լավ արհեստավորներ էին գնացել էստեղից Կիրովական՝ դերձակներ, վարսավիրներ։