Իմ ընտանիքը պատերազմից առաջ էր եկել Հայաստան: Ինձ միշտ հարցրել են՝ պոլսեցի՞ ես, թե ախպար: Ասում էի՝ պոլսեցի եմ: Ասում էին, հա, դու էն հիներից ես: Կնոջս՝ Մարի Փահլեւանյանի ընտանիքն է պատերազմից հետո հայրենադարձվածներից: Իրենք Չիկագոյից էին ներգաղթել:
«Կայարանի տղա» էի՝ Երեւանի երկաթուղային կայարանի թաղամասում էինք ապրում: Միշտ գնում էինք կայարանի պլաշչադկաները (կառամատույց), նայում էինք, թե ոնց են գնացքից իջնում հայրենադարձները, ոնց են նրանց դիմավորում: Մարշալ Բաղրամյանն էր մի անգամ կայարանում կանգնած: Ես նրան ճանաչեցի:
Պոլսեցիներին, ախպարներին Սովետում պաշտոն չէին տալիս: Ես ցեխի մաստեր էի, ուզեցին նաչալնիկ տալ, ես ինքս չուզեցի, որովհետեւ պլանները կատարելու հարցերի մեջ ես չկայի, արհեստավոր մարդ էի ես:
Մարիի հետ որ ամուսնացանք, 1954-ին գնացինք Մոսկվա: Աներս աքսորված էր արդեն 6 տարի, ուզում էինք գնալ Սիբիր՝ տեսակցության:
Մոսկվայում մտա գեներալնի պրոկուրորի (գլխավոր դատախազի) մոտ: Պատերազմի ժամանակ աներս Ամերիկայից 2000 զույգ կոշիկ էր ուղարկել Հայաստան, «Օգոնյոկ» ժուռնալի մեջ տպվել էր նկարը: Ողորմածիկ զոքանչս էդ նկարը պահել էր, հետս տարել էի Մոսկվա: Խոսեցինք, պրոկուրորը ասաց` տղա՛ս. էդպես էր խոսում հետս. կգնաք, կտեսակցեք, հետո կգաք ինձ մոտ:
Եկանք, հասանք վերջին մեծ կայարանը: Հետս ղավուրմա եմ առել, ուտելիք, բան ենք պատրաստել Մոսկվայում: Բայկալի կողքով պիտի շատ երկար գնայինք երկաթգծով՝ աներոջս աքսորավայրը հասնելու համար: Տեսա՝ երկաթգծի վրա դրեզին է կանգնած ( ռելսերով մեխանիկորեն շարժվող սայլակ): Ասի՝ զդռաստվույտե, ռեբյատա՛, տի սլուչայնը նե արմյանի՞ն ( բարեւ, տղե՛րք, դու պատահաբար հայ չե՞ս): Ասաց` դա, օտկո՞ւդը տի ուզնալ (այո, որտեղի՞ց իմացար): Դեմքից երեւում է. կնքված է, որ հայ է: Ասաց՝ յա իզ Կրասնոդարա (ես Կրասնոդարից եմ)… Մի խոսքով, նստեցինք էդ դրեզինը, հետներս ինժեներ է գալիս մի հատ:
Էս ինժեներն ասում է, որ ինքը տասնհինգ տարի էդ երկաթգծերի շինարարության վրա է, ու ամեն ամեն տեղ բանտարկյալների դիեր են հանում նոր երկաթգիծ գցելիս: Ամեն երեք-չորս կիլոմետրի վրա լագեր (ճամբար) էր, մինչեւ հասանք Նովայա Չունկա կայարան: Աներոջս լագերը Նովայա Չունկայում էր, կայարան որ ասում եմ՝ կայարան` չկա, բուտկա (տնակ) էր, ու մի հատ էսպես հեռախոս էր դրած:
Գիշերը թույլ չտվեցին տեսակցել: Առավոտ կանուխ ամեն ինչ առանք, եկանք, մի հատ ավտոմատով մարդ դրեցին հետներս, աներոջս կանչեցին, մեկ էլ սկսեցին զամոկները բաց անել՝ տախ-տուխ, երեւում է՝ երկաթե դուռ, հետո փայտե դուռ… Աներս եկավ, բոռաց: Կինս սկսեց լաց լինել: Աղջի՛կս՝ ասաց, եթե լաց լինես, ես հետ կգնամ. եթե ողջ ինձ տեսել ես, գնա՛, իմ գործերով զբաղվի: Ինձ ազատե՛ք էստեղից, եթե ես էստեղ մնամ` կմեռնեմ, առողջություն չունեմ:
Լագերի ընկերներն էլ ովքեր են՝ Ադո Ադոյանը, որին վերադառնալուց հետո նշանակեցին Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի դիրեկտոր: Ասլանյանն էր: Ասլանյանը, գիտե՞ք, ով է: Փռի դիրեկտոր է եղել, մեծ տուն է ունեցել, Դրոն դեպի Ռոստով գալու ժամանակ չորս հոգով Ասլանյանի տանն են մնացել: Մի օր Ասլանյանին ասել է՝ արի, ես քեզ հետս տանեմ. եթե չէ, ռուսները քեզ կգնդակահարեն: էն էլ ասել է՝ ի՞նչ եմ արել որ, հային մի կտոր հաց եմ տվել:
Աներս էլ կոշկակար էր լագերի մեջը: Կինս ասաց՝ ամուսինս է, պապա՛, ծանոթացի՛ր: Ես իրենց տանը գործ արել էի, բայց ինքը ինձ չէր հիշում: Երեք օր հետո եկանք Մոսկվա, նորից մտա գեներալնի պրոկուրորի մոտ, ասաց`շեստ մեսացեւ, իլի տուդա, իլի սյուդա (վեց ամիս՝ կա՛մ էս կողմ, կա՛մ էն կողմ):
Ուղիղ վեց ամիս հետո նամակ ստացանք, որ Պողոս Հարությունյան օսվոբոժդյոն (ազատված է): Անցավ մի ամիս, նամակ է, գալիս՝ ես հոս կը մեռնիմ: Նորից նամակ գրեցինք պրոկուրորին, որ Պողոս Հարությունյանը ազատված է, բայց դեռ լագերում է: Մի շաբաթ հետո, տելեգրամմա (հեռագիր) ստացանք, թե՝ ինձի ձգեցին` ես տուն կը գամ:
Աներս իրա մեբելը (կահույքը) տվել էր մի պաշտոնյայի, որ Կենտկոմում էր, նա խոդոտայստվո (միջնորդություն) արեց, որ Ամերիկա թողեցին: Բայց կնոջս փոքր քույրը՝ Աղավնին, սաղ քանդեց. Մոսկվա, Վաշինգտոն, դեսպանատուն… նամակներ էր գրում, որ Սիբիրում առողջությունը կորցրել է հայրս, խնդրում ենք՝ թողեք, որ գա իրա նախկին տեղը, որտեղ որ ապրել է:
Հիսուն հազար ռուբլի էր ԿԳԲ-ն տարել, թուղթը պահել էր զոքանչս: Աներս էկավ, գնացինք, էդ փողը ուզեցինք: Տվեցին: Հանեց, տասը հազարը տվեց ինձ՝ հալա՛լ ըլլա, էս քեզի, կուզես՝ օթո առ, ինչ կ’ուզես՝ ըրե: Դե որ աղջկան առա, տարա իրա մոտը, բերի` երեւի դրա համար: Ես էլ գնացի Ղափան, մի հատ «Մոսկվիչ» առա:
Էսպես ապրեցինք, ապրեցինք, ու մի օր էլ եկանք Ամերիկա: Հիմա էլ էստեղ ենք փտում: Քսան տարի Նյու Ջերսի ապրեցինք, 87-ին էլ տեղափոխվեցինք էստեղ, որովհետեւ ընդեղ եղանակ չէր, որ ես ապրեի: Չնեղանա՛ք, մի բան ասեմ՝ քավբոյի կովերի մեջ եմ ընկել ես. մեր երիտասարդությունը փչանում են էստեղ:
Ես հիմա սկսել եմ գրելը. «Շատ ուշ հասկացա, որ օտար ափերում, դու օտար ես քեզ, քո զավակներին եւ թե քո հողին»:
Մանրամասն գրել եմ, թե ինչպես եկանք Ֆրանսիա՝ մի շաբաթ մնացինք, եւ հետո եկանք Ամերիկա: Մենք օրինական ենք եկել:
Էնքան բան կա գրելու, ձեռներս դողում է, հիմա էս երեք մատներս չի աշխատում, քարացած է: Աշխատում եմ ընտանիքիս լավ պահեմ`հայությունը չկորցնեն: Էս թոռներս էնքան լավ հայերեն են խոսում, ասել եմ՝ իսպաներեն էլ սովրեք, ռուսերեն էլ սովրեք, ինչքան լեզու իմանաք` լավ է, մի տեղ թարգմանիչ կաշխատեք, ձեր հացը կբերեք:
Բայց ասեմ, որ ես Հայաստանից չեմ կարող կտրվել, ինչ որ ճիշտն է՝ ճիշտը: Նախանցյալ տարի հիսուներորդ անգամ եմ ես գնացել Հայաստան: Եւ ինչքան կարողանում եմ՝ օգնում եմ մերոնց: Հարեւաններիս էլ եմ օգնում: Այ, հիմա գնաք, ասեք՝ Թորգոմ, վա՞յ՝ կասեն Թորգոմ ձյաձյան: Բութանիայի երրրորդ փողոցը բոլորին, ում հետ մոտ եմ եղել, ինչով կարողանում եմ՝ օգնում եմ:
Իհարկե, ես կուզեի, որ իմ երկիրս սրա պես լիներ. մենք ինչո՞վ ենք պակաս: Ես եկել եմ եւ բացեիբաց ասում եմ, որ ես չեմ սիրում էս երկիրը, բայց աշխատել եմ, ստեղծել եմ, ամեն ինչ արել եմ:
Չնայած ես կուզեի՝ իմ երկրիս մեջ լինեմ: Ինչի՞ ես իմ երկրում չլինեմ: Եւ էն էլ ասեմ, որ, օրինակ, թոռս գնաց Երեւան: Էստեղ ավարտեց, Երեւանում երկու տարի բանկում աշխատեց, հիմա էլ ինքը Երեւանում է: Մի աղջկա հետ ծանոթացավ, խոսքկապ արեցինք, հիմա էլ ասաց՝ պապա՛, ավտոս ուղարկի՛, ես ստեղ եմ մնալու. քսանվեց տարեկան թոռս՝ Գոքորը՝ Գրիգորը, սիրահարվել է Հայաստանի վրա, նա էլ է սիրում Հայաստանը: