Բեյրութից էինք ներգաղթել Հայաստան, չնայած ես Հալեպում եմ ծնվել: Էնտեղ օտար մարդիկ ավելի ջերմ էին, քան թե Հայաստանի ժողովուրդը: Ավելի ազատ էինք մենք արաբների մեջ: Եւ խորթ էինք մենք հայրենիքի համար:
Բոլշեւիկյան ընդհանուր քաղաքական դրվածքն էր, թե եկողները անհուսալի մարդիկ են, դուք նրանց հետ հարաբերություններ մի՛ արեք, զգո՛ւ յշ եղեք: Մեզ չէին հավատում, մեզ չէին վստահում: Եւ էդ անվստահությունը մեզ Սիբիր՝ աքսորի տարավ:
Էնպիսի գիտնականներ եկան Բեյրութից, էնպիսի մտավոր աշխատողներ եկան… Ես ընկերներ ունեի, որ գրականագետեր էին, ճեմարանում միասին էինք սովորել, բոլորին աքսորեցին, եղբա՛յր:
Ինձի 1949-ին աքսորեցին:
Դաշնակցական ենք եղել մենք գաղափարապես: Ով հայրենիքը սիրում էր՝ մենք էդ կողմն էինք: Դաշնակցություն ասելով՝ մենք ֆաշիստներ չէինք, մենք ազգասերներ էինք, մեր լեզուն սիրող էինք, օտար ափերում հայ մնալու կողմն էինք: Սա չէին ըմբռնում, եւ մեզի ֆաշիստի տեղ էին դնում:
Ներգաղթի ժամանակ ասում էին՝ Դաշնակցությունից որ հրաժարվես՝ կ’երթաս Հայաստան: Հետո մենք ըմբռնեցինք, թե ինչի համար էր էդ բոլորը։ Ասում եմ՝ ինչի՞ եք աքսորում, ասում է՝ դու եղել ես դաշնակցական: Հա՛, ասում եմ՝ եղել եմ, հրաժարական եմ տվել: Տես, թե որտեղից են բռնացրել, կարո՞ղ էի թպրտալ: Այո՛, եղել եմ դաշնակցական, դրա շնորհիվ ես հայ եմ մնացել. կարող էի մի արաբուհի առնել՝ արաբ դառնալ: Կարո՛ղ էի: Երիտասարդ տղա էի, սիրուն տղա էի, լավ էլ գործ ունեի, աշխատում էի, արաբերեն գիտեի, ֆրանսերեն գիտեի: Բայց չէ՛, ես հայ մնացի եւ եկա Հայաստան, ուրա՞խ չեք…
Վերջը աքսորում սիբիրյան դաստիարակություն, ռուսական կրթություն ստացա. հեռակա ինստիտուտ ավարտեցի: Եթե չաքսորեին Սիբիր, ես չէի սովորի ռուսերեն: Որ եկա, արդեն հայերեն չէի կարողանում խոսել, ռուսերեն էի խոսում:
Ռուսականացրին ինձի, բայց ոչինչ, էլի մնացի հայ: Լավ է՝ ռուս աղջկա հետ չեմ ամուսնացել, մնացել եմ հայ, հայու զավակ: Մեր երիտասարդներից շատերը ամուսնացան ու մնացին:
Ասեմ, որ ես էլ ավարտելուց հետո Բառնաուլում գարեջրի գործարանի գլխավոր ինժեներն էի: Էդ խարակտերիստիկայով (բնութագրով) եկել եմ Երեւան: Երեւանում նայում էին իրար երեսի, թե՝ էս մարդը որտե՞ղ տեղավորենք: Ասի՝ տեղ չունեք, ես հետ կգնամ Մոսկվա: Չէ՛, մնա՛:
Ինձ քյոլեցին (խաբեցին), Ջերմուկ ուղարկեցին: Չէի իմանում, որ Ջերմուկը ուր է՝ 2200 մետր բարձրության վրա: Լա՛վ, ասի, հայրենիքս է, էստեղ էլ կապացուցեմ, որ ես իսկական աշխատող եմ:
Ե՛ւ «Ջերմուկի» գործարանը կառուցեցի, ե՛ւ նրա ամբողջ մեխանիզմը դրեցի: Քուրդերը էնտեղ ոչխարներ էին բերում, էդ հանքային ջրի մեջ լողացնում էին, էդ ջուրն էին ժողովրդին տալիս, էդ բոլորը վերացրել եմ: Ջերմուկը շշի մեջ ձագարներով էին լցնում, ձեռքով խցան խփում. չկար ավտոմեխանիզացիա: Հունգարիայից եկած ավտոմատ սարքավորումների արկղերը դրսում արեւի տակ, անձրեւի տակ փտում էին: Ոչ ոք չէր մոնտաժում: Ես արեցի:
Հետո նշանակեցին ինձի նաեւ «Արզնի» գործարանի դիրեկտոր, «Հանքավանն» էլ իմ ղեկավարության տակ էր, «Բջնին» էլ, «Սեւանն էլ». բոլո՛րը:
Բայց չէ՛, սպասում էին ինձանից էն, ինչ չէին ստանում: Չէի տալիս: Տուրք էին ուզում, բայց ես տուրք հավաքող չեմ, ես ազնիվ աշխատող եմ: Պլանները գերակատարում էինք, որակը՝ բարձրագույն, եւ ամեն տեղ՝ գովասանք: Եկամուտը՝ ահագին: Գործարանի բյուջեն հասել էր մինչեւ ուր, որովհետեւ գող չէի, ավազակ չէի: Հետ մնացող բոլոր ֆաբրիկաներին օգնություն էի տալիս մեր եկամուտից: Բայց ո՞ւմ էր պետք: Ո՞ւմ էր պետք, երբ ավազակ կոմունիստներն էին նստել գահի վրա:
Ռայկոմի քարտուղարը ինձ ասաց՝ դու ծարավ ես, ես էլ եմ ծարավ: Չէի հասկանում, ասի՝ ո՞նց թե ծարավ ես, շոֆերդ ասավ՝ ամեն շաբաթ մի յաշիկ ջուր է տանում: Ա՛յ, ասում է՝ մտածի՛ր, գնա եւ մտածի՛ր: Հետո հասկացա, որ ասում է՝ գողացի՛ր, ինձի բեր գողացածիցդ: Ասի՝ ես էդպիսի մարդ չեմ, Աստծո տվածը չեմ կիսի ոչ մեկի հետ, դիմիր Աստծուն, աղոթի՛ր, թող քեզ էլ ուղարկի:
Ինձ պաշտոնանկ արեցին, տեղակալ նշանակեցին, ուրիշին բերին դիրեկտոր: Էդ մարդը սկսեց թալանել: Ես տեսնում էի՝ ոնց էր թալանում: Երեք ամիս հետո բռնեցին, բանտարկեցին: Մյուսին բերին՝ երեք ամիս հետո դրան էլ բռնեցին։Ազնվություն չկար, արդարություն չկար, աստվածավախություն չկար:
Տեսնեիք, թե հայրս ինչ էր անում ինքզինքը, որ մեզի պատճառ դարձավ Հայաստան գալու: Որովհետեւ ես դեմ էի, հորս ասում էի՝ մի՛ տանի մեզ, մեր տեղը էստեղ է, մենք երթանք՝ թշնամի կ’ըլլանք հոն: Ինքն էլ՝ օ՜, մենք բոլորս մի ազգ ենք, հազիվ օտարությունից կը պրծնենք: Թուրքերի լուծը տեսել էր, արաբների լուծն էր տեսել, ասում էր՝ գնանք Հայաստան, մեր հայրենիքն է, մեր ժողովուրդն է, նրանց հետ կապրենք ազատ ու անկախ:
Էկանք՝ «ազատ ու անկախը» տեսանք: Էնքան մեզի լավ հյուրասիրեցին, որ, ասում էին՝ կարմիր խնձո՞ր ենք ուղարկել ձեզի: Որովհետեւ նրանց ուղեղները լվացված էին բոլշեւիզմով: Ազգային գաղափարականությունը չգիտեին՝ ինչ բան է: Հայաստանը ռուսական պետք է լիներ, բոլշեւի՛կ պետք է լիներ. ի՞նչ անկախ Հայաստան: Ռուսերեն չգիտեիր՝ բոբիկ էիր: Էս էր Հայաստանի վիճակը:
Դրա համար էլ դուրս եկանք Հայաստանից: Ես գիտեի, որ Ամերիկան էսպես է, եւ նախընտրեցի, որ իմ երեխաներս իմ քաշածը չքաշեն, ազատ, համարձակ ապագա ունենան: Բայց վերջիվերջո, Ամերիկան էլ մի հզոր պետություն է, եւ մեզի պես մանր-մունր ձկները պիտի կուլ տա: