Հայրս հայրենասեր էր, որոշեց Հայաստան գաղթել, որպեսզի իր երեք աղջիկները հանկարծ օտարի հետ չամուսնանան:
Շատ ուրախ էր հայրս: Որ Հայաստան եկավ, ծնկի իջավ, հողը համբուրեց: Երբեք չվհատվեց: Լավատես էր:
Հայաստան գաղթելուն պես մեզ ուղարկեցին Ստեփանավան: Բեռնատար մեքենաներով տեղափոխեցին մեր ու էլի մի քանի ընտանիքների:
Ցուրտ ձմեռ էր, անմիջապես փողոցում բեռնաթափեցին մեր իրերը: Տասնվեց տարեկան մի աղջիկ մեզ խղճաց, տարավ իրենց գոմը, մի փոքր տեղ տվեց: Իր ընտանիքն էլ անօթի էր. տղամարդիկ գնացել էին պատերազմ, չէին վերադարձել: Մայրս պատմում է, որ ցորենի թեփուկներ էին խաշում եւ ուտում:
Հայրս որոշեց, որ Երեւան պիտի փոխադրվենք: Երեւանում քեռու աղջիկ ուներ, որը 22 թվին էր ներգաղթել Հայաստան: Մի խոսքով, Երեւանում տուն վարձեցինք Շիրվանզադեի դպրոցի մոտ եւ տեղափոխվեցինք:
Հայրս եւ իր եղբայրը Կորֆու կղզու որբանոցում արհեստներ էին սովորել: Եգիպտոսում հայրս լուսանկարիչ էր: Երբ որ եկանք Հայաստան, փորձեց ֆոտոնկարչությամբ զբաղվել, բայց ժամանակները դաժան էին, եւ մարդիկ դրամ չունեին նկարվելու: Կարծեմ, Ստեփանավանում ինքը մի քիչ նկարչություն արեց՝ կարտոֆիլով, ուրիշ մթերքներով վարձատրվելու դիմաց:
Երեւանում էլ փորձեց լուսանկարչությամբ տուն պահել, արդեն չստացվեց: Եվ, չգիտեմ՝ ինչպես եղավ, պահածոների գործարան աշխատանքի մտավ: Հետո մենք տուն կառուցեցինք: Հայրս գիշեր-ցերեկ աշխատում էր, քարերի հետ կռիվ էր տալիս, որ բարեկեցիկ կյանք ունենանք: Պարտեզում էլ ծառեր տնկեց: Տեղափոխվեցինք արդեն մեր տունը:
Ամեն օր տուն գալուց հարցնում էի. արեւմտահայերեն էի երեւի խոսում էդ ժամանակ՝ պաբա՛, ի՞նչ բերեր ես, ասում էր՝ ինձի՛ բերեր եմ, աղջի՛կս, ինձի՛ բերեր եմ: Ես հետո հասկացա, թե դա ինչ է նշանակում. էդ օրը եթե ինքը տուն էր եկել, ուրեմն դա արդեն նվեր էր մեզ համար: Եվ մի առավոտ էլ գնաց ու չվերադարձավ: Շատ սպասեցինք, հետո ընկերը եկավ եւ հագուստները բերեց, ասաց՝ չկա ինքը: Չգիտեինք՝ ի՛նչ է եղել:
Մայրս գնաց, որ իմանա՝ ինչի՞ց մահացավ, ի՞նչ պատահեց: Եւ ամեն անգամ սպառնում էին՝ գնա, թե չէ, քեզ կտանենք, բանտը կդնենք: Ոմանք ասում էին՝ թունավորվել է, ոմանք՝ սրտի տագնապ է ունեցել, մահացել է:
Բայց երեսուն տարի հետո, երբ որ մենք եկանք Ամերիկա, պատահաբար ծանոթների հանդիպեցինք, որոնք հորս հետ նույն տեղում էին աշխատել: Նրանք ասացին, թե հայրիկիս սպանել էին՝ բեռնատարով հարվածելով պատին:
Հայրս որ մահացավ, հորաքույրս մեզ հետ էր ապրում. հինգ կին՝ ընտանիքում: Մայրս բավական շուտ ինքն իրեն հավաքեց, չնայած ամբողջ օրը լաց էր լինում. ես արցունքներն եմ հիշում: Նույնիսկ նրան առաջարկեցին՝ երեխաներիդ որբանոց դիր, դու էլ գնա՝ ամուսնացիր:
Ինքը լավ ձեռքի գործ ուներ, սկսեց, տունը ինչ կար-չկար՝ կտրել- ձեւել-կարել: Հետո սկսեց ձեռագործով զբաղվել, բլուզներ գործել: Եւ գործը այնքան լավացավ մամայիս, որ պատվերներ սկսեց ընդունել: Իհարկե, գաղտնի՝ վախենալով, որ նալոգչիները՝ հարկայինից մարդիկ, չգան, չբռնեն իրեն:
Անընդհատ էդ վախի մեջ ենք ապրել: Տանում էր շուկա, վաճառում էր իր գործածը եւ մեզ բավական լավ կարողացավ մեծացնել: Թաղի կանանց հավաքում էր, գործեր էր տալիս եւ նրանց էլ կարողանում էր օգտակար լինել:
Մյուս կողմից էլ անընդհատ դատերի մեջ էինք. մայրս ուզում էր անպայման իմանալ, թե ինչ եղավ հայրիկիս հետ, բայց ոչինչ չպարզվեց: Իսկ քանի որ հայրս գործի տեղն էր մահացել, դատարանը որոշեց, որ ընտանիքի ամեն անդամի համար պետք է իննսուն ռուբլի վճարվի:
Բլուրում (թաղամաս Արաբկիր համայնքում) էինք ապրում, հարեւանների մեծ մասը մեզ նման հայրենադարձներ էին: Չէի ասի, թե տեղացիները մեզ հետ հաշտ չէին, բայց դպրոցում կային ուսուցիչներ, որոնք տարբերություն էին դնում, որ մենք «ախպար» ընտանիքից էինք: Իսկ ընկեր-ընկերուհիների մեջ, ճիշտն ասած, չենք ունեցել էդպիսի պրոբլեմ: Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում եմ սովորել, չեմ զգացել, որ տարբերություն դնեին մեր միջեւ:
Բայց լսելով երբեմն, որ եթե հայրենադարձը ամուսնանում էր տեղացի որեւէ մեկի հետ, ընտանիքում պրոբլեմ էին ունենում, ինքս իմ մեջ որոշել էի չամուսնանալ տեղացի տղայի հետ: Եւ հայրենադարձի հետ ամուսնացա:
Ես Հայաստանը շատ էի սիրում, չէի ուզում հեռանալ, բայց երբ որ ամբողջ ընտանիքը որոշեց՝ պիտի գնա, մենք չուզեցինք, որ ընտանիքը կիսվեր, ստիպված եկանք Ամերիկա: Մինչեւ հիմա ես մտքով դեռ այնտեղ եմ: Երեխաներս դե էստեղ մեծացան, բայց իրենք ուզում են, որ եթե երեխաներ ունենան, նրանք հայկական դպրոց գնան, հայ մնան:
Բայց, չգիտեմ, պիտի փորձենք: Աստված տա՝ մի օր ամեն ինչ լավ լինի, պիտի վերադառնանք: Չնայած ես միշտ մտածում եմ, որ, եթե ուժեղ, շատ ուժեղ, մեծ պատճառ չլինի վերադառնալու, շատ քչերը կվերադառնան: Մյուս կողմից էլ մտածում եմ՝ քանի որ երեխաներս էստեղ մեծացան, էստեղ արմատ նետեցին, նրանց համար դժվար կլինի վերադառնալը: