Մենք Բաղդադից 1947-ին եկանք: Դրա նախորդ տարին էլ ներգաղթ էր եղել. նրանց մեջ մարդիկ կային, որ Հայաստանից փախել, անցել էին Իրաք: Ասում էին՝ մի՛ գնացեք: Հորաքույրս նրանց՝ Հայաստանից բերած սեւ հացը մամայիս ցույց տվեց, ասաց՝ մի՛ գնացեք, էս երեխային մի՛ տարեք, թող գնա Եգիպտոս, պետությունը ուսման ամեն ծախսը արել է: Մամաս ասավ`չէ՛, հայրենիք պիտի տանեմ: Եվ, փառք Աստծո, ես գոհ եմ, որ մամաս ինձ բերել է, անկեղծ եմ ասում: Դժվար էր, ինչ էր, բայց եկա, կապվեցի Հայաստանի հետ: Իմ սերս այնքան մեծ է, որ աշխարհը՝ մի կողմ, Հայաստանը, Երեւանը՝ մի կողմ:
Բաղդադից մեքենաներով եկանք Բեյրութ, Բեյրութից «Պոբեդա» նավը նստեցինք, ճանապարհից նավը շեղվեց, գնաց Կիպրոս, էնտեղից հայրենադարձներ վերցրեց, եկանք Բաթում: Բաթումից Հայաստան եկանք գնացքով:
Մեզ տարան Լոռի, Ձաղիձոր գյուղը: Էնտեղ հանքեր կային, հրակայուն աղյուսի գործարանը պիտի կառուցվեր: Պատերազմը նոր էր ավարտվել, շատ ծանր վիճակ էր, բոլորիս մի տեղ հատկացրին: Մայրս սկսեց աշխատել մակապարտեզում: Հարմարվեցինք կամաց-կամաց:
Հայրենադարձությունը որպես ծրագիր, անշուշտ, ճիշտ չէր, որովհետեւ պատրաստ չէր Հայաստանը ընդունելու այդքան ժողովուրդ, եւ Հայաստանի ժողովուրդի վիճակը լավ չէր: Պատերազմից հետո տնտեսությունը քայքայված էր, եւ հանկարծ 100 հազար մարդ է միանգամից գալիս: Դժգհությունն էլ է հասկանալի՝ մենք հաց չունենք ուտելու, դրսից մարդկանց են բերում են մեր երկիր:
Մյուս կողմից էլ, Եղեռնից հետո, մանավանդ արաբական երկրներում, հայությունը լավ էր ընդունվել, մարդիկ քիչ թե շատ ոտքի էին կանգնել, տունուտեղ դրել: Էդ ամբողջը քանդեցին, եկան Հայաստան՝ հանկարծակիի եկան, երբ չտեսան իրենց ուզածը:
Դրան էլ գումարվեց աքսորը: Բոլորը վախի զգացողության մեջ էին եւ սպասում էին, որ մի օր իրենց էլ կտանեն: Ես փոքր էի, էդ գյուղում որ մնում էինք, մեծերը հավաքվում, խոսում էին, ինձ ասում էին՝ դուրսը նայի, հո լսողներ չկան:
Մենք մայր ու տղա էինք, իմ հայրը դաշնակցական է եղել, որ իմանային, մեզ էլ գուցե աքսորեին, բայց ոչ մեկ չմատնեց հորս ով լինելը:
Գործարանի գլխավոր մեխանիկն էի: Վիճում էի, մեկ էլ կասեին՝ սուսիկ-փուսիկ նստի ախպար տեղովդ, վաղը-մյուս օրը ռայկոմից մեկին կուղարկեն, քեզ գործից կհանեն, շատ մի ամեն ինչից բողոքի: Բայց շատ չէի նեղվում, գիտեի, որ ժամանակի ընթացքում կվերանա էդ տարբերությունը: Մեր երեխաների ժամանակ արդեն չկար էդ տարբերությունը: Ապարանցի մի ընկեր ունեմ, պատմում էր, որ իրենց էլ 1915-ին էին ասում՝ գաղթական:
Ժողովրդական մի խոսք կար՝ ախպարին աղջիկ տու՛ր, բայց ախպարից աղջիկ մի՛ առ: Որովհետեւ ախպար աղջիկները պահանջկոտ էին: Իսկ ախպար տղաները շատ ուշադիր էին իրենց կնոջ նկատմամբ: Նույնիսկ հայրենադարձների մեջ տարբերություն կար. հունաստանցին բեյրութցիին չէր ուզում աղջիկ տար, առներ…
Հիմա էլ Լոս Անջելեսում կա այդ լարվածությունը՝ պարսկահայ, բեյրութահայ, հայաստանցի… Էդ ենք մենք, ի՞նչ անենք:
70-ականներին մեկնեցինք Հայաստանից, ու միշտ մտածում էի՝ ախր, ինչու՞ գնացի: Բայց վերջում Աստված էնպես արեց, որ ես վերադարձա Հայաստան, եւ «Հայրենիք» միությունով, արդեն քսան տարի է, դպրոցներ, մանկապարտեզներ ենք կառուցում, վերանորոգում, համակարգիչներով ապահովում: