Իմ գերդաստանը հիմնականում դաշնակցական էր. պապայիս հորեղբորը կախաղան են հանել Տիգրանակերտում: Մեծ հայրս և մեծ մայրս Սուրբ Աստվածածին եկեղեցում լուսարար էին: Մոմ էին պատրաստում, երբ նրանց վրա հարձակվում են, դաշունահարում ու գցում եռացրած մոմի կաթսայի մեջ:
Մամաս տասը-տասներկու տարեկան աղջիկ էր. քուրդերը իրենց տարազներով նրան ու մյուս հայ երեխեքին Տիգրանակերտից փախցնում են Պոլիս: Զավեն Պատրիարքը մամայիս քեռին էր. նա մամայիս կարգում է զինվորական հոսպիտալում աշխատանքի:
Հետո, երբ որ մամաս իմանում է, որ իր հորեղբայրը Եգիպտոսում է, տեղափոխվում է Եգիպտոս: Չի հավանում էդ երկիրը, ուզում է հետ վերադառնալ, իր հորեղբայրը դանակով սպառնում է՝ դու թուրքերի մոտ հետ չես գնա… Եվ պապայիս հետ ամուսնացնում է: Պապաս մամայիցս տասներեք տարիով մեծ էր:
Չորս եղբայր էինք, մեկ քույր եւ մամաս: Պապաս Եգիպտոսում մահացավ, առանց հոր ենք եկել մենք: Մամաս չէր ուզում Հայաստան գալ: Մեծ եղբայրս սովետական խելքի տեր էր: Փոքր եղբայրս, որ հետո Թելեգրաֆում էր աշխատում, մամայիս ասում էր` դագաղդ պիտի տանենք, բայց պիտի գաս Հայաստան։
Հայրենիքի սերը գիտե՞ք ինչ է: Հայրենիքի սերը չի ճանաչում ոչ մի դաշնակցություն : Ես հիմա դաշնակցականներին հակառակ եմ, որովհետև դաշնակցականները մեր գլուխը շատ են կերել. Վահան Թեքեյանի աչքը հանեցին։
47-ի սեպտեմբերին եկանք Հայաստան: Երեւանում պադվալի (նկուղ) մեջ էինք ապրում Պրոսպեկտ-Ղուկասյան անկյունում: Երկու ընտանիքի համար կիսել էին ֆաներայով (փայտե միջնորմ), ապրում էինք:
1949-ի հունիս 13-14-ի գիշերը եկան մեր էդ պադվալը: Ուզեցի զուգարան գնամ, ավտոմատով հետս եկան մինչև զուգարան: Զուգարանն էլ՝ ի՞նչ. փոս էր, վրան՝ բուդկա (փայտե տնակ): Դուրս եկա, տարան: Ամբողջ ընտանիքով տարան: Դեպի Արարատ էին տանում, մտածում էինք՝ որպես իրենց վրա ավելորդ բեռ, մեզ տանում են՝ սահմանից դուրս գցեն:
Վերջը հասանք Բառնաուլի մոտ մի գյուղ: Մեզ ընդունող նաչալնիկը (ղեկավար) էդ ամբողջ լեսպրոմխոզի (անտառային տնտեսություն), ասում է՝ դուք ի՞նչ է, կարծում եք ապրելու՞ համար եք եկել, ձեզ բերել են, որ վերացնեն: Մամաս էլ ասում է՝ չէ՛, մենք չենք մեռնելու, մենք ծառերը պիտի կտրենք՝ կախաղան սարքենք, քեզի կախենք:
Մայրս շատ ակտիվ կին էր, ինքը բժշկի օգնական է աշխատել: Էդ նեղ պահին բոլոր հայությանը ամեն տեսակ բուժումներով օգնում էր: Առաջին տարին երկու եղբայրներիս անտառի խորքն էին տարել 55 աստիճան ցուրտին: Ցուրտը տարել էր ձեռքները: Վազելով տուն եկան: Մեծ եղբորս ձեռքերը ամբողջ փտան, հազիվ մամաս բուժումներ արեց: Հլա դատի տվեցին, մի քանի ամիս նստեցրին՝ սաբոտաժ եք արել:
Ամբողջ գյուղին ու մամայիս ասել էին, թե եղբորս սանատորիա (առողջարան) են տարել: Մամաս գնում է տեսակցության, եղբորս ասում է՝ տո էշու՛ գլուխ, որ ձեռքերդ ցուրտը տանում էր, չէի՞ր կարա շուտ ասեիր: Խաբար չի, որ ախպերս բանտում է, որտեղ որ սոխ ու սխտորը կացինով են մաքրում:
Ամբողջ անտառի խորքը մեծ տափաստաններ էին: Գերանները բերում էին, իրար վրա շարում գետի եզերքին, ես մետաղյա մի բանով վրաները փորագրում էի չափսերը և այլն, որպեսզի ջուրից որ հանում են՝ անմիջապես սորտիրովկա (տեսակավորում) կարողանային անել: Ցուրտը մինչև 40 աստիճան էր. իրավունք չունեիր լքելու աշխատանքդ: Էդ ցուրտին որ աշխատում ես, չէ՞, քրտնում է մարմինդ: Ասում ես՝ շունչ քաշեմ մի երկու րոպե, ամբողջ մարմինդ դառնում է սառը երկաթ: Ես մի օր մորս ասի՝ մամա, մենք ի՞նչ մեղք ունենք, որ դուք ձեր հինգ րոպե քեֆի համար մեզի բերեցիք՝ ամբողջ կյանքը տանջվելու:
Ստալինը որ մահացավ, մենք խաբար եղանք արդեն գյուղում: Մամաս ասաց` օձի ծնված Բերիա՛, մեկ ամիս չես քաշելու. դու էլ պիտի վարի գնաս: Էդպես էլ եղավ:
Բայց երկար ժամանակ՝ մինչև 1957-ը, դեռ էնդեղ էինք: Սոլժենիցինը ցուցակ էր կազմել ազատվելիք աքսորականների, հերթով ազատում էին. մենք Ֆրունջյան էինք՝ ցուցակի վերջն էինք:
Ինձ թույլ էին տվել դպրոցը Բառնաուլ քաղաքում սովորել: Որ Երեւան եկանք, Սիլաչիի բանկի կողքը մեջ մտած դպրոց կար, էնդեղ ավարտեցի տասամյակը, կինոստուդիայում աշխատեցի, հետո Թատերական ինստիտուտ ընդունվեցի:
Ավարտելուց հետո Սոչի էի գնացել, մտա տելեստուդիա, ծանոթացա դիրեկտորի հետ, ասացի՝ էսպես-էսպես, ավարտել եմ, կուզենայի պրակտիկայի գալ: Էդպես հինգ-վեց տարի Սոչիի տելեստուդիայում աշխատեցի: Ու դրանից հետո թատերագետ Ռուբեն Զարյանը, որը մորս, քրոջս հետ շատ մոտ էր, ինձ հետ բերեց Հայաստան՝ դոկումենտալ ֆիլմերի ստուդիա:
Մամաս շատ սուր լեզու ուներ: Տուն էինք ստացել Երեւանի Բաղրամյան-Կիեւյան փողոցների հենց անկյունը: Ընկերս, որը Սիբիր մեզ հետ էր, եկավ, ասաց՝ էս տունը մեծ է, էդքան լույս պիտի վառե՞ք: Հաշվիչը էնպես արեց, որ շատ ցույց չտա: Կինոստուդիայից մի օր տուն եմ եկել, մի մարդ կանգնած է մեր դռան առաջ: Մեկ էլ մամաս դուռը բացեց՝ տո դուն դեռ հո՞ս կայնել ես, քեզի չըսի՞նք՝ գնա՛ էստեղէն… Լույսի մարդն էր: Մամայիս դիմեցի՝ գնա նե՛րս, մեկ էլ ասում է՝ լսի՛, մենք այս պետությունէն այնքան վնաս քաշել ենք, որ ադ գողանալը քիչ է։
1970-ականների վերջերին ԱՄՆ-ի պետքարտուղար Հենրի Քիսինջըրի ստորագրությամբ հատուկ հրավեր եկավ ինձ՝ վիզայով, պեչատով (կնիք): Հորեղբորս տղան էստեղ էր՝ Ֆիլադելֆիայում, Դաշնակցության ատենապետն էր: Ինքն էր հրավիրողը: Սովետում ասացին՝ հորեղբոր տղան հարազատ չէ: Ես էլ ասի՝ հորեղբորս տղան որ հարազատ չէ, բա որ հորաքրոջս տղան Դաշնակցության ատենապետ էր Եգիպտոս, էդ ինպե՞ս եղավ, որ նրա անունով մեզ աքսորեցիք:
Հայաստանից վերջապես դուրս եկա 1988թվին:
Բայց ասեմ, որ հայրենադարձությունը խաբեբայություն էր: Մի քանի ծախված կոմունիստների կերած, ներողություն՝ քաքերն էին…