Հերս որպես ֆիդայի կռվել է: Անգրագետ մարդ էր, տառ չգիտեր, բայց՝ պարսկերեն, ասորերեն, արաբերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն խոսում էր: Բոյով, թափով մարդ էր…
Բեյրութում էինք ապրում: Կաթողիկասարանը մեր տանից վեց կմ էր հեռու։ Մինչև տասներկու տարեկանս եկեղեցում երգել եմ:
Անթիլիասի կաթողիկոսը Գարեգին Հովսեփյանն էր. նա էր օգնում կազմակերպել հայերի ներգաղթը Հայաստան… Ճառ էր ասում, քարոզ էր կարդում՝ բարձրախոս էին բերում, ասում էր՝ չէ՛, չեմ ուզում, իմ ժողովուրդը ինձ առանց բարձրախոսի էլ կլսի ու կհասկանա։
Հերս մի օր ասավ՝ ես գնում եմ, Հայաստանում թաղվեմ։ Հայաստան եկանք՝ եկեղեցին արգելված էր: Բայց ես գնում էի եկեղեցի: Աշխատում էի. կոմերիտական էի։ Մեկ էլ, մեր պարտկոմը հոնքերը կիտեց, թե՝ էստեղ աշխատողներից ոմանք եկեղեցի են գնում։ Ռայկոմի (շրջկոմի) քարտուղարը հարցրեց՝ ովքե՞ր են գնում, կոնկրետ անուններն ասա։ Տեսնեմ՝ սա իմ անունն էլ տվեց։
Դրանից առաջ, երբ դեռ յոթերորդ դասարանի աշակերտ էին, ինձ կանչել էին ԿԳԲ։ Հարցնում է՝ քո անունը խի՞ ա Իշխան։ Յա՛։ Սովետի համար իշխանը սազական չէր, էլի: Էդ հարցուփորձ անողի անունն էլ, չեմ հիշում՝ Պողո՞ս էր, թե Պետրոս էր, ասի՝ քո անո՞ւնը խի ա Պողոս: Դե, ասավ՝ իմ պապի անունն էր, ինձ են դրել։ Ասի՝ երեւի իմ էլ պապի անունը Իշխան եղած կըլի։ Ես շա՞տ գիտեմ՝ ասի, թե իմ անունը խի ա Իշխան։
Կարծեմ 1949 թվին էր, մենք արդեն էստեղ՝ Կիրովականում (Վանաձոր) էինք ապրում, երբ սկսեցին ներգաղթածներին աքսորել: Եթե մենք մնացած լինեինք Լենինականում (Գյումրի) կամ Երեւանում, մեզ անպայման կաքսորեին: Էստեղ քիչ մարդ գիտեր, որ հերս ֆիդայի է եղած, էլի։
Հերս 1969 թվականին մահացավ: Ինձ էդ անգրագետ մարդը խրատում էր՝ սուտ մի՛ խոսա, գողություն մի՛ անի, իսկ որ հանկարծ մեկը մի թանկ բան կառնի՝ մի՛ ասա՝ ընչի ես առել, թանկ ես առել։ Ասա՝ լա՛վ ես արել, բարով վայելես։
Մենք ուրիշ ներգաղթածների նման հետ չգնացինք: Ոչ էլ ափսոսում ենք. ինչ գիտեինք, թե էնտեղ ինչ կլինեինք։ Կինս է մեկ-մեկ նեղվում, ես էլ ասում եմ՝ զատո (չէ՞ որ) էստեղ թոշակ ենք ստանում, թոշակով յոլլա ենք գնում։ Էնտեղ մեզ ո՞վ պիտի թոշակ տար։ Ի՞նչ իմանամ՝ Լիբանանում թոշակ կա՞, չկա՞…