Կոտորածից որբ մնացած սեբաստացի հայրս տասնութ տարեկանում՝ սկաուտի հագուստներով, կարճ շալվարով, մեջքին մի պզտիկ պայուսակ, մեջը՝ մի հատ հաց, նավով եկավ Ֆրանսիա։ Մի քանի օր մնաց Մարսել եւ անմիջապես տեղափոխվեց Փարիզ: Մամաս ավելի ուշ եկավ Ֆրանսիա: Սամսոնում է ծնվել, այնտեղից աքսորել էին իրենց, իսկ հորը սպանել էին թուրքերը։ Ծնողներս հանդիպեցին Ֆրանսիայում:
Էն ժամանակ մեծ պրոպագանդա կար ներգաղթի մասին, մանավանդ, կոմունիստների կողմից։ Հորեղբայրս կոմունիստ էր, նույնիսկ Մանուշյանի խմբի անդամ էր։ Նա որոշեց Հայաստան ներգաղթել հենց առաջին կարավանով՝ 1947-ի սեպտեմբերին: Եվ պապաս հետեւեց իրա մեծ եղբորը։ Միասին էին ամեն տեղ՝ աքսորից սկսած։
Ընդամենը երկու կարավան եղավ Ֆրանսիայից, սիրիացիների պես չէր, որ շատ-շատ՝ տասնյակ կարավաններ եղան։
Ես տասներեք տարեկան էի: Մի ամբողջ գնացք փարիզեցիների գնացքն էր, մի ամբողջ գնացք էլ՝ նյույորքեցիներինը: Մարսելում պիտի նավ նստեինք, բայց նավը ինչ-ինչ պատճառով ուշացավ, եւ մեզ տարան Մարսելից մի քիչ հեռու հատուկ մի տեղ՝ բետոնից կառուցված, որը նախատեսված էր գերմանացի գերիների համար:
Մոտավորապես երկու շաբաթ հետո «Ռոսիա» նավը եկավ: Նավի վրա ամբողջ օրը քեֆ էր, բայց նավը նախատեսված չէր չորս հազար հոգու համար։ Մենք բախտ ունեցանք, երեւի պապաս վճարել էր՝ սենյակ ունեինք, բայց ժողովրդի իննսուն տոկոսը գետիններն էր պառկած. ամեն տեղ՝ զալերի մեջ, ռեստորանների մեջ, դուրսը։
Մի քանի հարյուր հոգի քսան տարեկան ջահելներ կային, որ իբր օգնելու համար էին նավ բարձրացել, բայց Հայաստան էին գնում, եւ՝ մի շալվար- շապիկով։
Ներգաղթողների չորս նավ միասին հասել էին Բաթումի՝ Ֆրանսիայից, Եգիպտոսից, Հունաստանից, Սիրիայից։ Երեւի մի 15 հազար հոգի էր հավաքված։ Սարսափելի խճողված ժողովուրդ՝ միանգամից։
Նախքան նավից իջնելը պապաս հեռադիտակով նայում էր եւ շատ կասկածելի բաներ էր տեսնում եւ ուրիշներին էր տալիս հեռադիտակը: Ինչ-որ մի կին՝ սոլդատի (զինվոր) հագուստներով, հրացանը ուսին սենց գնում-գալիս էր։ Եվ կողքը՝ մի հատ երեխա, որ բոբիկ, սարսափելի պատռտված, կեղտոտ շորերով էր…
Ջահելների մեջ արդեն Բաթումում վերադարձի ցանկություն եղավ։ Մի խումբ՝ գետինը նստած, ժողով էին անում, որոշեցին սահմանը անցնեն։ Եւ բոլորը ծովը նետվեցին: Իհարկե, դրանց բոլորին բռնեցին։ Բարեբախտաբար, չպատժեցին։ Մի քանի հոգի թաքնվեցին նավի մեջ, որ Եվրոպա վերադառնան, բայց բոլորին բռնեցին, ուղարկեցին Հայաստան: Էն ժամանակից արդեն ջահելները ուզում էին փախնեին, սահմանը անցնեին։
Եկանք Հայաստան։ Երբեք չգնացինք մեզ համար նախատեսված վայրը, որ պադվալում մի սենյակ էր։ Մենք գնացինք ազգականների մոտ, որ եկել էին 1936-ին։ Էդ տարի մի երեք հազար հոգի Ֆրանսիայից ներգաղթել էին։ Պապաս իրա բերած փողերով կարողացավ վարձով տուն գտնել Արաբկիրում (թաղամաս Երեւանում), մի տարի ապրեցինք էդտեղ։ Մի տարի հետո մեր տունը կառուցեցինք Պռոշյան փողոցի նրբանցքում. էն ժամանակ ներգաղթողներին ինչ-որ դյուրություններ էին տալիս՝ հողամաս գնեն, տուն կառուցեն։ Տան կեսը մենք էինք ապրում, մյուս կեսը՝ հորեղբորս ընտանիքը։
Ես սկզբում երաժշտական դպրոց էի գնում, բայց Հայաստան գալու ճանապարհին, դժբախտաբար, դաշնամուրը կոտրվել, երկու կտոր էր եղել. շատ էի դժվարանում նվագել, որովհետեւ դաշնամուրի կեսը չէր աշխատում։ Դե, երկու տարի հետո թողեցի երաժշտական դպրոցը, գնացի սովորական դպրոց։ Հետո Պոլիտեխնիկ ընդունվեցի՝ ճարտարապետական, ավարտեցի։ Ես մինչեւ Ֆրանսիա գալը հիմնականում Արմգոսպրոյեկտում (Հայպետնախագիծ ինստիտուտ) աշխատեցի։
Չգիտեմ՝ ոնց մտա ջազի մեջ: Սովետի բոլոր ջազմենները «Ամերիկայի ձայնն» էին լսում. ամեն օրվա պրոգրամ (ծրագիր) կար իրիկունը տասնմեկից մինչեւ գիշերվա մեկը։ Մենք դրանով ենք մեծացել, ջազմեն դարձել. սովետի ջազմենները։ Առաջին անգամը լինելով, կարողացա մի հատ խումբ հավաքել, որ Մոդեռն ջազ էր կոչվում... Ֆիզկուլտինստիտուտի դիմացը կլուբ էին բացել, ես նույնիսկ մի քանի ամիս նվագեցի ջազ՝ դաշնամուրի վրա։
Դա արդեն ուրիշ ժամանակներ էին: Իսկ 1949-ին Երեւանում 50 հազար հոգի բռնեցին երկու գիշերվա մեջ, Սիբիր ուղարկեցին: Հունիս ամիսն էր: Հաջորդ օրը ընտանիքները վազում էին իրար մոտ, թե՝ ինչ եղավ, դուք ստե՞ղ եք, դուք ստե՞ղ չեք։ Մի հատ լավ բարեկամ ունեինք տեղացի՝ Արմենակ Տեր-Աբրահամյան, լավ երգիչ էր, մեր ընտանիքին շատ մոտ էր։ Հաջորդ օրը եկավ մեր տուն, որ տեսնի՝ հո մեզ չե՞ն ուղարկել Սիբիր: Բայց ֆրանսահայերին գրեթե ձեռք չտվեցին։ Գրե՛թե։ Մատների վրա կարելի է հաշվել ընտանիքների, որ ֆրանսահայերից աքսորվել էին, իսկ սիրիացիներից, լիբանանցիներից՝ տասնյակ հազարներ։
Մելինե Մանուշյանը, որ մեզնից մի տարի շուտ էր եկել, հորեղբորս ասաց՝ Արմենա՛կ, ականջիդ օղ ըրե, հոս պատերը ականջ ունին՝ չը խոսիս, չը բողոքես։ Չգիտեմ, թե մեզ ինչի ձեռք չտվեցին։ Բայց պապաս տարիներով չէր քնում, հատկապես երբ որ մի հատ գռուզավիկ՝ շարժիչը միացրած, կանգնում էր տան մոտ։
Ստալինի մահը շատ մազալու օր էր։ Ուրեմն, մենք դպրոցում հորեղբորս տղայի՝ Մասիսի հետ վերջի շարքի նույն նստարանի վրա էինք նստում, չարաճճի էինք: Մասիսին հերթական անգամ դուրս են արել դասարանից, եւ միջանցքում ռադիոյով լսում է, որ Ստալինը մահամերձ է: Մեկ էլ՝ դասը վերջանում է, դասարանի դուռը բացվում է, Մասիսը ներս է մտնում եւ ինձ ֆրանսերեն ասում է՝ սատկո՛ւմ է: Բեղեր է ցույց տալիս. անմիջապես հասկանում եմ։
Լուրը տարածվել էր, դասերը վերջացավ, բոլորը սկսեցին լաց լինել։ Հաջորդ ժամին պատմության դասատուն՝ հիանալի մարդ էր, ազգանունը, կարծեմ՝ Հակոբյան, վանեցի էր, հայրենադարձներին սիրում էր։ Խեղճ մարդը չկարողացավ բերանը բացել՝ հուզմունքից հոնգուր-հոնգուր կու լար։ Եվ աշակերտները բոլորը անկեղծ լաց էին լինում՝ բացի ինձանից, Մասիսից ու երկու հատ ուրիշ հայրենադարձներից։ Մենք կեղծավոր էինք, իբր թե մենք էլ էինք տխուր, գլուխներս սենց ցած դրած էին։
Խտրություն էլ կար: Ասենք թե խանութի, թեկուզ ամենապստիկ հիմնարկի դիրեկտորը, անկարելի է, որ հայրենադարձ լիներ: Հայրենադարձները իրավունք չունեին պարտիայի մեջ մտնելու։ Հետո ամեն բան փոխվեց, բայց մեր ժամանակ Կոմունիստական պարտիայի մեջ հայրենադարձը իրավունք չուներ մտնելու։ Հորեղբայրս, որ էստեղ քսան տարի կոմունիստ էր եղել, գերմանացիների դեմ կռվել էր՝ չէ՛ , ինքը էնտեղ իրավունք չուներ մտնելու Կոմունիստական պարտիայի մեջ:
Նախքան Հայաստան գնալը պապաս եւ իր ընկերները էստեղ ոսկերիչների արտել էին կազմակերպել եւ գործիքներ գնել՝ հատուկ Հայաստանի համար, էդ ամենը տարան, արտել հիմնեցին ճիշտ որտեղ որ հիմա ոսկերչանոցը կա։ Մի քանի ամիս հետո նաչալնիկը (պետ )եւ պապաս գնացին Մոսկվա, որ հրաման վերցնեն՝ Հայաստանում իրավունք ունենան ոսկու վրա աշխատելու։ Ոսկու վրա աշխատելը արգելված էր: Եվ Սովետի պատմության մեջ Հայաստանում առաջին անգամ սկսեցին ոսկու վրա աշխատել. արտելի հիմքը ֆրանսահայերն էին։
Պինոն որ եկավ Երեւան (Քրիստիան Պինո, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար), աերոպորտ չգնացի, էդ օրը քննության էի: Բայց հետո մի խումբ ֆրանսահայերով մի հատ ֆրանսիացու՝ պետական սեկրետար (քարտուղար) Օպերայի այգում բռնել էինք, էլ ինչ ասես՝ պատմում էինք խեղճ մարդուն: Երեւի մի քիչ էլ չափազանցնում էինք. դժոխք էինք դարձրել Սովետը։ Հետո որ բաժանվեցինք, էդ մարդը լաց էր լինում, որ մեզանից բաժանվեց։ Ո՛վ գիտի՝ ինչե՜ր պատմեցինք էդ մարդուն։
Հետո նամակ ուղարկեցինք Մոսկվայի ֆրանսիական դեսպանատուն, որ ուզում ենք վերադառնալ՝ Ֆրանսիա։ Ստալինի մեռնելուց երեք տարի հետո էր, արդեն էն վախը չկար, ինչ որ Ստալինի վախտ էր։ Էդ օրվանից սկսեցինք, դիմում էինք եւ դիմումները նորոգում էինք։
Տասնմեկ ոսկերիչ բռնեցին, պապայիս էլ հետը։ Չակերտավոր սպեկուլյանտների դեմ էին իբրեւ թե պայքարում, եւ ԿԳԲ-ն էր զբաղվում դրանով։ Ինչ որ ուներ պապաս որպես զարդ, ամեն ինչ գրավեցին, տունը գրավեցին, իրերը ամեն բան գրավեցին։ Մի քանի ամիս հետո դատ եղավ։ Տասնմեկ ոսկերիչներից երկուսին որպես սպեկուլյանտ գնդակահարություն որոշեցին: Չգնդակահարեցին, բարեբախտաբար: Երկու-երեք հոգու քսանհինգ տարի բանտարկություն տվեցին։ Պապաս ամենապզտիկն էր եւ աշխատում էր թանգարանների համար։ Դատարանը չկարողացավ որեւէ բան ապացուցել: Իհարկե, որպես ոսկերիչ մի բան առել կամ ծախել էր իրա կամ մամայիս զարդերից, կամ Ֆրանսիայից բերած ժամացույցներից, որովհետեւ չամադանով ժամացույց էր բերել Ֆրանսիայից։ Սպեկուլյացիա չկար, բայց երեք տարի բանտարկություն տվեցին պապայիս։
Որոշեցի գնալ ԿԳԲ-ի գեներալի մոտ: Մամայիս հետ գնացինք. մի բառ հայերեն չգիտեր Բադամյանցը, ռուսերեն պետք է խոսեի հետը։ Բոյով, սիմպատիչնի, կապույտ աչքերով, շեկ մազերով մարդ էր։ Ռուսերեն ինչքան որ կարողացա, պատմեցի պապայիս մասին, լավ ճառեցի: Բադամյանցը վերջում ասաց՝ ես ձեզ հետ համաձայն եմ։ Շշմելու բան էր: Մի շաբաթ հետո պապայիս ներեցին։ Ազատվեց, բայց իրերը հետ չտվեցին։
1963-64 թվերն էր: Մի հատ սիրուն նամակ պատրաստեցի, ուղարկեցի Սովետի ԿԳԲ-ի մինիստրին, մի հատ էլ «Պրավդա» թերթին։ Ափալ- թափալ օվիրը մեզ կանչեց, թե՝ ա՜յ տղա, էս ի՞նչ նամակ ես գրել, խի մենք ստեղ ինչացու՞ ենք, որ դու ԿԳԲ-ի մինիստրին ես գրում: Մի քանի ամիս հետո մեր վիզաները տվեցին։ 1965-ին վերադարձանք Ֆրանսիա: