1946 թվին էկանք Հայաստան: Իմ ծնողս էնքան սիրում էր Հայաստանը, որ տունն էլ չծախեց գալուց առաջ: Իմ պապայի ծանոթները էկան, ասին` ո՞ւր ես գնում, Միհրան, էսքան սիրուն տունդ ու տեղդ թողնում ես... Էստեղից փախած մարդիկ կային, որ հետները հաց էին բերել, պապայիս ցույց էին տվել, որ՝ էս է Հայաստանի հացը: Խմո՛ր: Պապաս ասել էր`չէ՛, դուք հակա եք, սուտ բաներ եք ասում:
Երեւանում մեզի տեղավորեցին Թոխմալ գյոլի մոտերքը. արեւելյան Սարի թաղ էր կոչվում: Յոթ հոգով էինք: Մեր տունը մարդիկ եկան եւ հաց բերեցին մեզ, մեկ էլ` երշիկ. չոր կալբա՛ս: Մամաս էտի չգիտեր՝ ինչ անի, ինչ չանի… Մի հատ ամանի մեջ լցրեցինք, բերեցինք շուկա՝ հիմիկվա Տաշիրի շուկան, վաճառեցինք: Մեկ էլ մի հատ պոլիս՝ միլիցա, եկավ, մեզի վերցրեց, տարավ շուկայի մեջի միլիցատուն:
Մերս ասաց` տղա՛ս, լավ հոտ չի գալիս, արի փախնենք: Ասի`չենք կարող, դուրսը միլիցեն կանգնած է: Մի խոսքով, երշիկը գցեցինք էնտեղ, փախանք՝ իբր մամաս տուալետ էր ուզում:
Դե հետո ֆեզե ընդունվեցի՝ արհեստագործական ուսումնարան: 14 տարեկան էի: Մի էրկու տարի էդ ուսումնարանում լավ էր՝ ուտել- խմելը կար, ճաշարանում օրական ինը հարյուր գրամ հաց էին տալիս: Բայց ես տոկար՝ խառատ չդարձա. աչքերս լավ չէին: Գնացի հորս հետ: Պապաս Հալեպում ութ տարեկանից բանվորություն էր արել, աշխատել էր: Էստեղ գերմանացի գերիների հետ միասին Գետառի վրա կամուրջներ սարքեցին: Հետո հորս հետ շինարարության վրա էինք աշխատում. սեփական տներ սկսեցինք սարքել էստեղ. վարձում էին մեզ՝ սարքում էինք: Քառասունս որ լրացավ, անցա խաչքարի վրա:
Պարսկաստանից եկած մի ոսկերիչ վարպետ ունեի էստեղ, իրենից եմ սովորել խաչքարի գործը: Ինքը մի օր գնացել էր Մոնումենտ, որտեղ որ շինարարություն կար, ասել էր ինժեներին՝ ինձի գործ տվեք: Սա էլ որ իմացել էր՝ ոսկերիչ է, ասել էր՝ էստեղ ոսկերիչի տեղ չի, էստեղ պատ են շարում… Ռաֆայել Իսրայելյանը լսում է, մի հատ քար է իջեցնում գետնին, մատիտը հանում ու մի հատ օռնամենտ (զարդանախշ) է գծում քարի վրա: Էս վարպետս էլ մի հատ մեխ է գտնում, ու էդ մեխով սկսում է էդ քարը փորագրել: Իսրայելյանը ասում է՝ հո՛պ, կայնի՛, դու իմ վարպետս ես:
Սա աշխատում է Մոնումենտում, էդ չորս կողմի ռոզետկաները (հարթաքանդակները) ինքն է արել: Ստեփանյան Հրաչիկ էր անունը, հետո ինքը շատ ուրիշ գործեր արեց, Հրապարակում էլ արեց: Պարսկաստանում շահի ոսկերիչն էր եղել: Որ իրեն նամակ էր գալիս, հասցեն գրված էր լինում՝ Լենինի հրապարակ, Ստեփանյան Հրաչին, եւ ինքը ստանում էր էդ նամակը:
Որ եկածներին աքսորում էին, էդ գիտեմ, հիշում եմ, բայց չէի հետաքրքրվում: Առավոտը վեր էինք կենում, նայում էինք՝ կողքի հարեւանների դռան վրա էսենց խաչ-փայտ են մեխել: Ի՞նչ է եղել՝ եկել, գիշերը տարել են, ինչ է թե՝ գնացել, դաշնակցականների ակումբում նարդի է խաղացել: Ա՛յ, էտենց մարդկանց վերցրին, տարան. որ մարդը էստեղ ասեղից բացի ուրիշ բան չէր կարում բռներ, գնաց էնտեղ՝ գերան կտրեց:
Ուղղակի մարդիկ էին պետք Սիբիրին: Կաթողիկոս Չորեքչյանին ասել էին՝ ինչքան հող թուրքերը ձեզնից վերցրել են` դրա կրկնապատիկը տանք, գնացեք, ապրեք: Կաթողիկոսն ասել էր՝ ա՛յ մարդ, ես Արարատը ո՞նց տանեմ էնտեղ, Էջմիածինը ո՞նց տանեմ էնտեղ։
Ճիշտն ասած, մեզի բան չի եղել, մենք չեզոք էինք: Էն ժամանակ ի՞նչ իմանայիր՝ ով է դիմացինդ, ինչ է, դրա համար էլ ոչ մի բանի չէինք խառնվում: Չնայած մի փորձանքի մեջ քեռիս ընկավ:
Նավը որ պիտի գար Հայաստան, տղաները ծերերին օգնում էին, որ իրենց վեշերը (իրերը) նավ մտցնեն: Եւ իմ քեռուս տղան Բեյրութում մեկի վեշերը վերցրել, բերել էր նավ, բայց նավից չէր իջել: Մտել էր փրկարար նավակներից մեկի մեջ, պահվտել էր, վերջը հասել Հայաստան:
Տարել էին մանկատուն, տասներեք-տասնչորս տարեկան տղա էր: Հայրը տեսել էր, որ տղան փախավ, եկավ Հայաստան, ինքն էլ ստիպված եկել էր: Մի օր ասում է՝ տղա՛ս, արի հետ գնանք, բայց չի ասում, որ փախչում են: Սարերով, ձորերով գնում են: Ցերեկը պառկում են, գիշերը գնում են: Գյուղացիներ են տեսնում՝ սրանց փող-մող է տալիս, որ մարդու չասեն: Դու մի ասա, սրանք գնում են, սահմանապահներին են ասում: Գալիս, սրանց բռնում են: Մինչեւ բռնելը հասցնում են մոտները եղած ժամացույցները հողի մեջը թաղել, վրան մի հատ քար դնել՝ հետո կարող է գանք, վերցնենք, էլի:
Բանտը դրեցին: Մերոնք ճաշ-մաշ տարան, էս կողմ՝ էն կողմ, մի տարի հետո հանեցին բանտից: Գյուղում մի հատ կնոջ հետ ամուսնացավ: Այ տենց, հետո մեռավ: Ես իրա քարը սարքեցի՝ գերեզմանի քար, ու դրանից հետո սկսեցի խաչքարի վրա աշխատել, խաչքար քանդակել էդ Հրաչի մոտ: Դրանք էլ վերջում թողեցին, գնացին Ամերիկա, որովհետեւ հարսը պարի խումբին մասնակցում էր, մի երկու անգամ գնացել, եկել էր Ամերիկա՝ տեսել, որ լավ երկիր է, բոլորին առավ-տարավ Ամերիկա:
Հիմի քույրս Ամերիկայում է, բայց գնալ չեմ ուզում: Մի անգամ, երկու անգամ գնացել եմ, դուրըս չի եկել, ոչ թե գնացել եմ մնալու, այլ գնացել եմ հանգստանալու: