Հայրս միշտ փափագել էր, որ իր զավակները տաներ Հայաստան: Էնքա՜ն հայրենասեր էր, էնքա՜ն հայրենասեր… Չիկագոյում համոզում էր իր բոլոր ընկերներին, որ մասնակցեն էդ ներգաղթին: Ասում էր՝ եթե չէ, էստեղ մեր երեխեքները կձուլվեն, եւ հայությունը կկորի. ես հինգ աղջիկ ունեմ եւ ուզում եմ հինգ հայ փեսա ունենալ:
Բայց երբ ներգաղթը սկսվեց Չիկագոյում, երկու քույրերս չուզեցին մասնակցել. աշխատում էին: Ուրեմն, հայրս եւ մայրս՝ երեք զավակներով, մեկը՝ ես, մեկնեցինք Նյու Յորք, ռուսական նավը նստեցինք:
Նավը մեկ անգամ կանգ առավ Ֆրանսիայում, ապա մեր ճամփորդությունը շարունակեցինք մինչեւ Բաթում: Արդեն տեսանք, որ էնտեղ լրիվ տարբեր էր կյանքը. էն չէր, ինչ որ մենք սպասում էինք: Բայց հայրս նորից ասում էր՝ աղջիկնե՛րս, էսի Բաթում է, Հայաստան ուրիշ է լինելու, ավելի լավ է լինելու:
Հասանք Երեւան, որտեղ մեզ դիմավորեցին եւ տարան պատրաստ բնակարանները, որ ունեին հայրենիք գնացող ամերիկացիների համար:
Իմ հայրս կոշկակար էր, եւ Ամերիկայից որ գնացինք Հայաստան, երեխայի կոշիկի գործարան հետը տարավ: Երեւանում էդ բոլոր գործարանի ապրանքը տվեց արտելին, որու համար իրեն վճարեցին հիսուն հազար ռուբլի:
Յոնջալաղ էինք ապրում՝ Երևանի Երրորդ մաս կոչվող թաղամասի մոտ: Բնակարանը վատ չէր, չնայած ջուր, զուգարան չկար, բայց էդ էլ լավ էր: Ամեն շաբաթ սեւ շուկա էինք գնում եւ մեր առարկաները վաճառում, դրանով ապրում էինք:
Սկիզբը մեզի լավ չէին ընդունում տեղացիները. կարծում էին, որ մենք Երեւան ենք գնացել՝ իրենց հացը կպակասի: Բայց հետո՝ ավելի հասկանալով, մեզի խղճում էին, որ մենք խաբնվել ենք պրոպագանդաներից, Ամերիկայի պես տեղը թողել, գնացել ենք Հայաստան:
Երբ նոր էինք ներգաղթել, անցավ մի տասը ամիս, կեսգիշերին եկան մեր տուն եւ հայրիկիս տարան. ասացին՝ մի քանի օրով պիտի տանենք իրեն, որ հարցուփորձ անենք: Եվ մեկ տարի բանտում պահելուց հետո աքսորեցին Սիբիր: Իրենից նամակ ստացանք, որ ինքը Սիբիր էր, եւ իրեն տվել էին տասնհինգ տարի բանտարկություն՝ որպես հայրենիքի դավաճան:
Դավաճանություն… Փոքր քույրս ուզում էր երկրորդ խումբի հետ միասին Ամերիկայից ներգաղթեր Հայաստան, նամակների միջոցով ուշադրություն արեցինք, որ՝ էսի քու տեղը չի, մի՛ գա: Ուրեմն էդ նամակների համար իմ հայրիկին աքսորեցին: Հայրիկս Սիբիրում մնաց 1948-1955 թվականներին:
Արդարացրեցին հայրիկիս, եւ երբ որ վերադարձավ, հիսուն հազար ռուբլին, որ իրմէ վերցրել էին, իրեն հետ տվեցին:
Ամուսնանալուց հետո ես սկսեցի անգլերեն մասնավոր դասեր տալ փոքր երեխեքին: Սկիզբը շատ աշակերտներ ունեի, եւ շատ ավելի լավացավ մեր կյանքը էդ միջոցներին: Հայաստանի մյուս քույրերս էլ անգլերենի մասնավոր դասեր էին տալիս:
Ամերիկայում մնացած մեծ քույրս օտարի հետ ամուսնացավ, եւ ուղղակի առանձնացրեց իր կյանքը: Իսկ փոքր քույրս դիմեց Վաշինգտոն եւ շատ ուրիշ տեղեր, որ մեր ընտանիքին թողեն Ամերիկա։ 1966-ին մեր ընտանիքը կարողացավ վիզա ստանալ, դուրս գալ Սովետ Միությունից: Մայրս արդեն չկար: Ամերիկա վերադառնալուց երկու ամիս հետո հայրս էլ մահացավ:
Ամերիկայից Հայաստան ներգաղթած մեր խումբի մեջը 150 հոգի էին, եւ կարող եմ ասել, որ հարյուրից ավելը վերադարձել են: Սխալ էր էդ հայրենադարձությունը, երբ երկիրը նոր էր պատերազմից դուրս եկել: Շատ շուտ էր, որ Ամերիկայից ներգաղթողներ բերեին: Պայմանները լավանալուց հետո պիտի բերեին, որ մարդիկը դժգոհ չլինեին:
Եվ մենք որ հետ եկանք էստեղ, փոշման չենք. տեսանք շատ լավ բաներ, որ Սովետում ապրելով կյանքում չէինք տեսնի: