Ներգաղթել է 1947-ին Սիրիայից / Ապրում է Երեւանում

Ռահել Դելի-Սարգսյան

1947 թվին 5 տարեկան էի, որ Քեսաբից եկանք Հայաստան: Մեզի իջեցրին Ղափանում, որտեղ մնացինք մեկ տարի ութ ամիս: 1949-ին աքսորեցին: Գիշերվա կեսին պատուհանից հորս աչքերի վրա լույս գցեցին, որ արթնանա: Երեք հոգի մտան տուն, ասացին՝ բոլոր ընտանիքին պատրաստե՛ք, ձեզի պիտի տեղափոխենք ուրիշ տեղ:

Ելանք, հագնվեցինք: Դռան մոտը միշտ մեկը պահակ էր կանգնում, չէին թողնում դուրս ելնեինք: Զուգարան էինք գնում, մեկը գալիս էր, զուգարանի մոտ կանգնում էր:

Լույսը բացվեց, բերեցին մի գռուզավիկ (բեռնատար մեքենա), ասացին՝ վեշչերը (իրերը) բոլորը մի՛ տարեք, մի քանի բան տարեք ձեզի անհրաժեշտ: Բայց մայրս բոլորը փաթաթեց կարպետի մեջ. տեղաշորը, համարյա ամենն ինչ ունեինք: Ու էդ մի մեքենայի մեջ բոլորիս լցրեցին, տեղափոխեցին կայարան:

Իրիկունը ուշ ժամի գնացքը եկավ: Մեջը էլի ընտանիքներ կային, բայց ովքեր էին՝ չէինք ճանաչում: Մեր վագոնի մեջ չորս ընտանիք էին: Չգիտեինք՝ ուր ենք գնում: Ամեն մի կայարանում գնացքը կանգնում էր, մեզի հաց էին տալիս, ճաշ էին բերում՝ քիչ-քիչ բոլորին բաժանում էին:

Քսանութ օր մեզի բեռնատար գնացքով տարան: Հասանք մի խուլ գյուղ: Ալտայսկի կրայի (Ալթայի երկրամաս) փոքր գյուղ էր՝ Պարասկավեեւկա, կողքը կար մի հատ գյուղ՝ Դեմյան, Խերսոնկա կար, որը մեր գյուղից մի քիչ հեռու էր: Էդ մեր գյուղում քսանմեկ ընտանիք էր: Յոթ ընտանիք էլ բերեցին, եղան քսանութ ընտանիք:

Մի հատ փոքր գրասենյակ դատարկեցին, մեզի տեղավորեցին էդտեղ: Մի սենյակ էր՝ ութ հոգի էինք: Մամաս կարպետը փռում էր հատակին, նստում կամ պառկում էինք. ո՛չ մահճակալ կար, ո՛չ աթոռ կար: Մի փոքր սեղան տվեցին, որ վրան հաց ուտենք:

Մեկ տարի էդտեղ ապրեցինք, մինչեւ եղբայրներս ու հայրս աշխատեցին, տուն առանք: Երկու սենյակ էր, մեկ էլ՝ գոմ: Մի սենյակը տաքացնում էինք, բոլորս էդ մի սենյակի մեջ էինք մնում: Մի երեք հոգի վառարանի կողքն էինք պառկում, մնացածներն էլ՝ փայտից երկու հատ բան սարքեցին, դրանց վրա պառկում էին:

1950-ին մենձ ախպերս պսակվեց. հնարավոր չէր, որ էդ մի սենյակում բոլորս միասին ապրեինք: Գնաց զոքանչի տունը մնաց մի քանի ամիս, մինչեւ մի սենյականոց տուն էլ ինքը առավ:

1953-ին հայրս մահացավ ՝ ա՜խ, Հայաստա՛ն կանչելով. ինքը շատ ծանր տարավ, չդիմացավ: Մինչեւ մեր Հայաստան գալը մենձ ախպերս Բեյրութում էր աշխատում, սովորում էր. հայրս նրան էլ չթողեց. վերցրեց, հետը բերեց Հայաստան: Ու որ Սիբիր աքսորեցին, գլխին էր տալիս, բայց ուշ էր: Ծնողներիս շատ ասեցին՝ մի՛ գնացեք Հայաստան, էնտեղ սով է, մի՛ գնացեք՝ չհավատացին:

Սիբիրում դպրոց էինք գնում՝ ո՛չ կոշիկ ունեինք, ո՛չ վերարկու: Քեսաբից ամառային կոշիկներով էինք եկել, իսկ էնտեղ սարսափելի ցուրտ էր լինում՝ 40-42 աստիճան: Ռուսերեն չգիտեինք, իսկ դպրոցում մեզի թույլ չէին տալիս հայերեն խոսել: Հայ երեխաներով եթե հայերեն խոսեինք իրար հետ, դասատուն մեզի պատիժ էր կանգնեցնում՝ հայերեն չպիտի խոսեք: Մենք էլ թաքուն էինք խոսում իրար հետ. հայ երեխաներ էինք, ո՞նց իրար հետ մեր լեզվով չխոսեինք: Հետո կամաց-կամաց սովորեցինք: Հայրս համարյա չսովորեց ռուսերեն, մայրս էլ՝ մի քանի բառ:

Ղափանից երեք ընտանիքներ կային էնտեղ: Բաքվից կար թուրքերի մի ընտանիք: Ուկրաինայից կային…

Մի երեք տարի հետո արդեն կարողացանք ոչխար, խոզ, կով առնել: Երկու եղբայրներս տրակտորիստ էին աշխատում: Աշխատանքի դիմաց ցորեն կամ կարտոֆիլ էին տալիս: Էդ ամբողջ յոթ տարի մենք մեռանք կարտոֆիլ ու ցորեն ուտելով: Դե մենք քեսաբցի ենք, ցորենը խաշում, ծեծում էինք, ձավար անում:

1956-ի գարնանը մեզի ազատեցին: Եղբայրներս տրակտորիստ էին, մինչեւ ցանքը չարեցին, չթողեցին իրանց: Ապրանքատար գնացքով էլ հետ եկանք: Մայրս հաց էր թխել՝ սուխարի (հացի կամ թխվածքի չորուկներ) էր սարքել, էդպես էդ քսանութ օրը գնացքով եկանք: Իջանք Երեւան, եղբայրս գտավ մեր ազգականներին, եկան, տարան իրենց տուն: Մի ամիս մնալուց հետո որոշեցինք տուն վարձել: Մեր ազգականները չէին թողնում, բայց գնացինք, երկու տարի վարձով ապրեցինք: Հետո եղբայրս եւ երկու քույրերս աշխատեցին, տուն առանք:

Ուզում էինք բնակարան ստանալ: Դիմեցինք, ասացին՝ որտեղից որ ձեզի աքսորել են, գնացե՛ք, էնտեղ դիմեք: Դե մենք չէինք ուզում Ղափան գնալ, մնացինք Երեւանում:
 
Էդպես էլ հստակ չիմացանք, թե ինչու էին մեզ աքսորել: Ասում էին, թե հարեւաններն էին բողոքել, որ դաշնակցական ենք թե հնչակյան ենք, չգիտեմ: Որ եկել էին աքսորելու, տեղաշորը, սնդուկը, չամադանը (ճամպրուկ) լրիվ քրքրեցին: Զե՞նք ման եկան, ինչ ման եկան՝ չգիտեմ: Դոկումենտները (փաստաթղթերը) լրիվ նայում էին, ոչ մի բան չգտան: Բայց էլի աքսորեցին մեզի, որովհետեւ՝ մատնված էինք: Աքսորից որ եկանք Հայաստան, նոր իմացանք, թե ով էր մեզի մատնել:
Ամուսնուս հայրն էլ էր աքսորված եղել:

Առիթ եղավ Հայաստանից գնալու, իմ ամուսինը չուզեց՝ ես չեմ գնա, իմ ծնողները ինձի Հայաստան են բերել, Հայաստան էլ կմնամ:

Առիթ եղավ Հայաստանից գնալու, իմ ամուսինը չուզեց՝ ես չեմ գնա, իմ ծնողները ինձի Հայաստան են բերել, Հայաստան էլ կմնամ: