Այնպես, պատահեց, որ մեզ տանելիք նավի վրա հրդեհ եղավ, եւ ասացին՝ չեք կարող գնալ, որովհետեւ հայրենադարձությունը փակվել է արդեն։ Մենք՝ ամեն տուն տեղ թողած, աշխատանք թողած, դպրոց թողած, ինչպե՞ս կարող էինք ետ գնալ: Տեղական կազմակերպությունները գրեցին Ստալինին: Այս կողմ, այն կողմ ՝այնպես արեցին, որ վերջը կարողացանք գնալ։
Հատուկ նավ մեզ համար չեկավ, ուղղակի ճամփորդական նավով Նյու-Յորքից գնացինք Նեապոլ։ Նեապոլից ռումինական բեռնատար մի նավով եկանք Բաթում. տասը օր տեւեց: Հազիվ տեղ կար կանանց եւ երեխաների համար։ Տղամարդիկ դուրսն էին: Եղբայրս երեք տարեկան էր, մամայի հետ իրենք կարողացան անկողին ունենալ։ Ես էլ իրենց մոտ գետինը պառկեցի։
Պապաս տասներկու տարեկան հասակին դպրոցից հանել էին, դերձակություն էր սովորել եւ աշխատել էր, բայց շատ էր սիրում դպրոց գնալ, սովորել: Քանի որ ինքը ստիպված է եղել դպրոցը թողնել, հավատում էր, որ համայնավարությունը՝ կոմունիզմը, լավ է, որովհետև բոլորը կունենան կրթություն:
Պապաս աչքի խնդիր ուներ, իսկ Օդեսայում հայտնի աչքի բժիշկ կար, եւ էդ հույսն էլ ուներ, որ պիտի գնար Օդեսա եւ բուժվեր։ Ահա ինչու գնացինք Հայաստան։
Ի՛նչ տեսանք։ 1949թ. փետրվարն էր: Մեր ազգականները կամ ծանոթները, ասում էին՝ հիմա լավ է, եթե 46-ին կամ 47-ին գայիք՝ ուրիշ: Բայց մենք լավ բան չէինք տեսնում, որովհետեւ Ամերիկայից էինք գալիս։ Ամեն տեղ հերթ կար։ Կարագ չկար, շաքար չկար։ Շուկայում եթե առնեիր՝ սարսափելի գներով։
Ամերիկացիներս, ուրեմն, հարյուր քառասուն քանի հոգի էինք: Մեզ համար շենք էին կառուցել Երեւանում՝ ամերիկացիների տունը։ Մի քանի ընտանիք էնտեղ դրեցին, մնացածը՝ աջ ու ձախ... Մենք բախտ ունեցանք, որ էդ շենքերից մեկի մեջ երեք սենյականոց բնակարանում մեզ մի սենյակ տվեցին երկու ուրիշ ընտանիքների հետ։ Մենք պետք է նույն խոհանոցը եւ նույն զուգարանը բաժնեինք:
Իհարկե, որոշ ընտանիքներ տուն կառուցեցին, բայց ինչ էլ որ լինի, մենք ապրել էինք արտասահման, գիտեինք արտասահմանի կյանքը։ Մինչեւ տասնինը տարեկանս ապրել էի Ամերիկայում, օ՜, չէի կարող էդ մոռանալ։
Ինչո՞ւ համար կազմակերպեցին այդ հայրենադարձությունը, ես չգիտեմ: Մինչեւ հիմա այդ հարցը ինձ մոլորում է։ Հազարավոր ժողովուրդ գնաց, ինչպե ՞ս փոքր Հայաստանը ընդուներ այդքան ժողովուրդ, երբ ինքը վատ վիճակի մեջ էր:
Հազիվ երկու- երեք շաբաթ էինք այնտեղ եկած, երբ որ մեր խմբից մի երեք հոգի արդեն ձերբակալեցին, տարան: Ի՞նչ պիտի արած լինեին էդ մարդիկը հազիվ մի քանի օր էինք այնտեղ։
1949-ի սեպտեմբերին ընդունվեցի օտար լեզուների ինստիտուտը։ Սարսափելի դժվար էր. մի ընկերուհի ունեի, որ էլի Ամերիկայից էր, շատ մտերմացած էինք՝ հազիվ էինք կարդում հայերենը։ Սուրիայից, Լիբանանից, Եգիպտոսից ուրիշ նորեկները հայերեն գիտեին, որովհետեւ էնտեղ դպրոց էին գնացել։ ճիշտ է, արեւմտյան հայերեն էր իրենց իմացածը, բայց դժվար չէ արեւմտյան հայերենից դառնալ արեւելյանին: Բայց մենք հայերեն չգիտեինք փաստորեն: Իսկ անգլերենի դասերից մենք ազատված էինք:
Ստալինը որ մահացավ, մեր սովորելու վերջին տարին էր: Ինստիտուտում ամեն դասին որ գնում էինք, դասախոսը լալով սկսում էր դասը, եւ բոլոր ուսանողները լացում էին։ Միայն ես եւ ընկերուհիս չէինք լացում: Երրորդ ընկերուհի ունեինք, Եգիպտոսից էր, նա, մեզնից մի քիչ ավելի խորամանկ էր, ասում էր՝ լացե՛ք, մի՛ նստեք, լացե՛ք։ Ես էլ ասում էի՝ չեմ կարող, ծիծաղս է գալիս։
Ավարտելուց հետո ուղարկում էին գյուղերը աշխատելու։ Մամաս աշխատում էր կարի արտելում եւ հաճախորդների մեջ ուներ լուսավորության բաժնի վարիչի մի կին։ Այդ կինը մի կերպ կարողացավ ինձ ազատել էդ գյուղեր գնալ-աշխատելուց, եւ ինձ դրին Երեւանի տրամադրության տակ։ Վերջը, մի տեղ հարկավոր էր ֆրանսերենի դասատու։ Ես ասացի՝ ֆրանսերեն գիտեմ, եւ մինչեւ հիմա զարմանում եմ, որ միայն ասելով՝ ես ֆրանսերեն գիտեմ, ինձ նշանակեցին ֆրանսերենի դաս տալու։ Հինգ տարի ֆրանսերեն դասավանդեցի, բայց ես մինչ այդ ունեի անգլերենի մասնավոր դասեր։ Դրանով ընտանիքին մեծ օգուտ էի տալիս։
Հինգ տարի հետո, ուրեմն, Չարենցի անվան դպրոցը բացվեց Երեւանում, եւ այնտեղ սկսեցի աշխատել իբրեւ անգլերենի դասատու։ Օտար լեզուների ինստիտուտը ավելի առաջ սկսեցի դասավանդել։ Չարենցի դպրոցը շատ լավ միտք էր, որ պետությունը անգլերենի թեքումով արեց: Ամեն օր անգլերենի դաս կար։
1956-ին էր կարծեմ, որ սկսեցին հայրենադարձները հեռանալ Հայաստանից: Նախ եւ առաջ սկսան դուրս գալ նրանք, որ հայ չէին։ Օրինակի համար, հայ տղամարդիկ կային եւ մի քանի կին կային, որ օտարի հետ էին ամուսնացած։ Ուրեմն, այն ընտանիքները, որ օտար ազգ կար մեջը, թողեցին, որ գնան հետ։ Էդ տարի Ֆրանսիայից Պինոն (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինո) եկավ Սովետական Միություն եւ Երեւան եկավ։ Օդանավակայանում հազարավոր ֆրանսահայեր ընդունեցին նրան: Մի ֆրանսաիացի կին իր բեյբին տվեց՝ տարե՛ք նրան Ֆրանսիա, ասելով։ Իսկապես տպավորիչ բան եղավ էդ։ Հայերի գնալու հույսը էդտեղից սկսվեց։
Շատ տարբեր էին նորեկների և տեղացիների մշակույթները: Մի փոքր բան ասեմ, օրինակի համար։ Ես տասնինը տարեկան էի, որ Հայաստան գնացինք: Սկզբից ես շատ ունեցա ամուսնանալու առիթներ։ Ինչպե՞ս էր կատարվում էնտեղ՝ մեկը միջնորդ էր լինում, որ այսինչ ընտանիքի տղան ուզում է հետս ամուսնանալ։ Ո՞նց կարող էի ես ասել՝ «այո» կամ «ոչ»՝ նույնիսկ եթե մի անգամ տեսած լինեի էդ անձնավորությունը։ Այսինքն, միշտ «ոչ» էի ասում, իհարկե:
Էդ պատահեց մի քանի անգամ, հետո պապաս ասաց՝ գիտե՞ս, դու «ոչ» մի ասա, ես ազատամիտ մարդ եմ, հետը դուրս արի, գնա՛, ծանոթացի՛ր եւ հետո որոշիր։ Չէի կարող։ Ամերիկա այդպիսի բան չկար։ Աղջիկներ, տղաներ իրար հետ դուրս էին գալիս, ամուսնությունը հետո կարող էր պատահել. եթե իրար հետ ամեն ինչ լավ գնար, գուցե կամուսնանային։ Եվ չամուսնացա: Հետո, ես պարտականություններ ունեի ընտանիքի նկատմամբ, որովհետեւ պապաս արդեն չէր տեսնում եւ հետո մահացավ։ Ես էի ընտանիքի ղեկը, մամաս էլ լավ չէր, եւ եղբայրս ինձմե շատ ավելի փոքր էր։
Գնալու փաստաթղթերի մեջ պետք է պատրաստեինք աշխատանքի տեղից նամակ։ Արդեն ստալինյան ժամանակը չէր, ազատ ժամանակ էր։ Չարենցի դպրոցի դիրեկտորը որ նամակը ստորագրեց, նայեց, ժպտաց եւ ասաց՝ դե, ձեզ հաջողություն, հուսով եմ, որ կկարողանաք։ Իրենք մեզ հետ էին։ Հասկանում էին՝ ինչու ենք ուզում գնալ, եւ այլեւս չէին թաքցնում։
Ճիշտ է, հորաքույրներ ունեի Ամերիկա եւ ես կուզենայի Ամերիկա գնալ, բայց պապաս որ մահացավ, այլեւս հնարավոր չէր։ Ֆրանսիայում մամաս երկու եղբայր ուներ։ Երկու եղբայրներից մեկը ուղարկեց հրավերը, այդ ձեւով եկանք։ Իմ միտքը այն էր, որ Ֆրանսիայից պիտի գնայինք Ամերիկա, բայց էդպես էլ մնացի այստեղ։