Մեր ընտանիքը 1948 թվականին է ներգաղթել, բայց այդ ներգաղթի աշխուժությունը Սփյուռքում սկսվել էր 1946-ին.: Կահիրեում, որտեղ ես ծնվել եմ, մարդիկ աճապարում էին առաջինը մեկնել հայրենիք:
Իրոք, խանդավառությանը չափ ու սահման չկար. շատ ուժեղ աշխատանք էր տարվում Հայաստանը դրականորեն ներկայացնելու համար: Նույնիսկ երգեր էին հյուսվում որոնցից մեկը ես մինչև հիմա հիշում եմ՝ Բնակարանիս մեջ՝ թելեֆոն շքեղ, կարելի է խոսել չորսի հետ մեկտեղ, բարե՛ւ, Ալբե՛րտ, բարե՛ւ, Արա՛մ ջան, եւ այլն, եւ այլն։
Մեր ընտանիքը բարեկեցիկ կյանք էր վարում, եւ ներգաղթելու շարժառիթը, անշուշտ, հայրենասիրությունն էր. հատկապես ծնողներիս հայացքը ուղղված էր դեպի Հայաստան: Նուբարյան ազգային վարժարանից հետո ամերիկյան համալսարանի Լինքըլն քոլեջն ավարտեցի, եւ եկանք Հայաստան:
Առաջին ազդանշանը, որ մեր ակնկալիքները չեն արդարանալու, մենք ունեցանք Բաթումում: Նախ, շատ խիստ ստուգեցին եւ զտեցին մեր բերած գրքերը, սնունդը: Ապա, այնպիսի հաց տվեցին, որը մեզ շփոթեցնում էր՝ արդյոք կե՞քս է, թե հաց:
Բեռնատարից տեսնում էինք Երեւանը՝ մռայլ քաղաք, երթեւեկություն չկա: Զգացվեց, որ ինչպիսի ահավոր պատերազմից է դուրս եկել երկիրը:
Բնակարան տվեցին Արաբկիր թաղամասի անմարդաբնակ մի վայրում: Նախորդ տարի ներգաղթած մի հունահայ ընտանիք պետությունից վարկ էր վերցրել, մեծ մասը ծախսել իր ապրուստի վրա, ինչպես շատերն էին անում: Շենքը մնացել էր կիսավարտ, դուռ-լուսամուտ էլ չուներ: Այդ վիճակում հատկացվեց մեզ: Մայրս անընդհատ հորդորում էր՝ մի՛ հուսահատվեք, ձեր ուսումով զբաղվեք:
Ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, իսկ եղբայրս՝ բանասիրական: Ես առաջին հերթ էի դասի գնում, եղբայրս՝ երկրորդ, ինչը մեզ հնարավորություն տվեց որպես մեկ անձ աշխատանքի ընդունվելու կահույքի գործարանում՝ փոխարինելով, մեկս-մյուսին: Բեռնատար գնացքներ բեռնաթափող բանվորներ էինք. գործարանը նոր էր կառուցվում:
Դրանով հանդերձ, գերազանց գնահատականներով ավարտեցի համալսարանը, ընդունվեցի ասպիրանտուրա: Պաշտպանեցի դիսերտացիան, կոչումներ ստացա: Ավագ եղբայրս Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում ստացավ վաստակավոր պրոֆեսորի կոչում:
Եկվորների ու տեղացիների մեջ պրոբլեմ, իհարկե, կար: Հայաստանի բնակչության մեծամասնությունը բարյացակամ ընդունելություն ցույց չտվեց: Տարբեր անվանումներ, տարբեր մակդիրներ էին տալիս մեզ: Ես դա բացատրում եմ նախ նրանով, որ թշվառ պայմաններում ապրող, պատերազմից նոր դուրս եկած ժողովուրդը տեսավ շփացած մի մասսայի (զանգվածի), որ եկավ երկիր և ուզեց արտոնություններ ունենալ. հայաստանցու հասկացողությամբ՝ արտոնություններ, բայց ներգաղթողի հասկացողությամբ՝ նորմալ կյանքի պայմաններ:
Իր հերթին պետությունը սխալ վարվեց: Ես, օրինակ, բանակում չեմ ծառայել, որովհետև ինձ ասացին՝ դու զինվորական պատրաստակամություն չես անցել: Իսկ չէի անցել, որովհետեւ հայրենադարձ էի:
Բայց եւ չզգացի, թե երբ ես դարձա հայաստանցի. դա կատարվեց անգիտակցաբար, որովհետեւ, իրոք, նվիրում կար:
Իմ հասակակիցները երեկոյան փարթիներ էին անում, պարահանդեսներ էին կազմակերպում տներում: Դա իմ սրտին չխոսեց, ես ավելի հայաստանավարի սկսեցի ապրել եւ ինտեգրվեցի տեղի սովորություններով:
Ներգաղթողների մեջ երիտասարդությունը մի քիչ ավելի հեշտ կարողացավ հարմարվել, քան մեծահասակները: Օրինակ, հայրս մինչև վերջ էլ չհասկացավ. ինձ ասում էր՝ էս ու՞ր ենք եկել, սա խորհրդայի՛ն չի, սա խորհրդավո՛ր երկիր է:
Եթե ոչ մի սփյուռքահայ ոտք չդներ Հայաստան, մեր երկիրը, Երեւանը դարձյալ կդառնային այն, ինչ ե՛ն, բայց հայրենադարձները իրոք նոր մշակույթ բերեցին, ամեն մեկը՝ իր երկրից:
Շատ մեծ դեր կատարեց սփյուռքահայությունը՝ նույնիսկ կենցաղային բաներով. ասում եմ՝ այստեղ սուրճ խմել չգիտեին, ձիթապտուղ ուտել չգիտեին, էլ չխոսեմ բարձր մշակույթի մասին, չխոսեմ ներգաղթած մեծ արվեստագետների մասին:
Իսկ հետո Հայաստանից արտագաղթեցի, որովհետեւ ես շատ վիրավորված էի: 1989-ին բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ու լուսավորության երկու մինիստրությունները պետք է միանային: Արդար որոշում էր՝ չնայած, բայց ես՝ մինիստրության ԲՈՒՀ-երի պատասխանատուի առաջին տեղակալ (փոխնախարար է եղել՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների գծով), թերթից իմացա, որ իմ անունը չկա նոր ղեկավար կազմում: Շա՛տ վիրավորված էի, շա՛տ, եւ հեռացա հայրենիքից: