Ալեքսանդրիայում երեք հարկանի տուն ենք ունեցել հայտնի “Քեմփչիզր” թաղամասում: Պապերս դեղագործ էին: Մի հարկում ապրում էր քեռիս` Միհրան Երկաթը, մյուսում՝ Մարի Երկաթը, էն մեկում մամաս` Արփինե Երկաթը: 1947-ին, երբ Հայաստան էին գալիս, տատիկս էդ բոլորը ծախեց՝ ապրանքներ առավ այդ փողով, բերեց Հայաստան՝ հալվեց, գնաց:
Հայրենադարձներին Սովետական Հայաստանում եթե գնահատում էին, ապա միայն՝ խոսքով: Շատերին պաշտոն էլ չէին տալիս: Նրանց օգտագործում էին որպես արհեստավոր, որպես գործ անող. ասենք, մի հոգի կաշխատեր, մի տասը հոգի նրա հաշվին կապրեր: Ես էդ գիտեմ. մեկը գործարանում խելոք, գլուխը կախ ստանոկի (հաստոցի) վրա կաշխատեր, էն մնացածը պերերիվի (ընդմիջման) կգնային: Դա գալիս էր, իհարկե, կոմունիստական էդ ռեժիմից։ Ոնց որ ազատ աքսորի մեջ լինեիր: Մի քիչ կոպիտ եմ ասում, բայց հայրենադարձների համար տենց էր, էլի:
Կուսակցական չեմ եղել երբեք. երաժիշտ եմ: Խուսափել եմ: Ճիշտն ասած, դպրոցական շրջանում կոմսոմոլ եղել եմ, բայց կոմունիստ դառնալուց միշտ խուսափել եմ: Չնայած կուլտուրայի մինիստրությունում բաժնի վարիչ էի: Էդ պաշտոնը մի շաբաթ թափուր մնալուց հետո ինձ կանչեցին, նշանակեցին, բայց միևնույն ժամանակ, երբ որ ես ուզեցի արտասահման գնալ որպես տուրիստ, չթողեցին: Հրավեր ունեի, Կանադայից հորաքրոջս աղջիկն էր ուղարկել:
Չեխոսլովակիա էլ չթողեցին: Ջազի միջազգային ֆեստիվալ էր ամեն տարի լինում: 1967-ին ինձ հրավեր եկավ՝ մասնակցելու: Գնացի ՕՎԻՌ (Վիզաների բաժին), գնացի Կենտկոմ, գնացի Արտասահմանի հետ մշակութային կապերի վարչություն։ Պետի տեղակալ Լիլոյանը , թե՝ էս թուղթը բեր, էն թուղթը բեր, մի հատ էլ երաշխավորագիր բեր: Կոմսոմոլի էն ժամանակվա քարտուղար Ռոբերտ Արզումանյանը ինձ շատ լավ էր ճանաչում՝ կարևոր համերգներ էի կազմակերպել. անմիջապես տվեց երաշխավորագիր: Կոնսերվատորիան էլ տվեց, աշխատանքի վայրից էլ տվեցին երաշխավորագիր: Բայց երբ որ գնացի Լիլոյանի մոտ, ասաց՝ որ հիմա չեթաս, էդ ֆեստիվալը չի՞ լինելու: Ասացի՝ լինելու է: Ինքն էլ, թե՝ բա արդեն ուշ է, չե՛ս հասնի: Ա՛յ, այդպիսի վատություն արեց:
1989-ին Հայաստանից հեռանալն էդքան դժվար չէր: Մինիստրությունում, որտեղ աշխատում էի, բոլորը զարմացան, թե՝ Արմե՛ն, ու՞ր ես գնում, ինչի՞ համար: Երկրաշարժից հետո էր: Արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը: Շատ հեշտությամբ վիզա տվեցին: Ես կինս, զոքանչս, մեկ էլ երկու երեխաներս եկանք Ամերիկա:
Ունեմ երեք զավակ, թոռներ, բոլորն էլ ինձ սիրում, հարգում են, բայց հիմա էստեղ մենակ եմ ապրում: Ես կյանքս տվել եմ արվեստին: Կարող էի ես էլ, ասենք, հարսանիքներին նվագել, բայց ինձ չկարողացա էդ բանը ստիպել:
Մանկավարժություն եմ արել, ստեղծագործում եմ՝ երաժշտություն, երգեր գրում:
Եթե Եվրոպայի որևէ պետություն, օրինակ, Ֆրանսիան ինձ ընդուներ, ես ավելի շուտ Ֆրանսիա կմեկնեի: Ոչ թե նրա համար, որ Ամերիկան չեմ սիրում, այլ ուղղակի Եվրոպան ուրիշ է: Սա Եվրոպա չի, էլի՛:
Մինչև լեզուն սովորեցի, մինչև օրենքները հասկացա, մինչև իմացա, թե ինչից իրականում պետք է զգուշանալ… Էսօր սեփական տուն չունեմ, որովհետև մեծ պրոբլեմներ ունեի: Էս բոլոր տարիներն իրենց հետևանքը թողեցին:
Հայաստան վերադառնալ, իհարկե, ես ինքս կուզեմ, բայց միայն մի դեպքում, երբ որ նորմալ իշխանություն լինի: Երբ որ կիմանամ, որ դիսկրիմինացիա չկա, ու տաղանդավոր մարդու տեղը մի անշնորհքի չեն ընդունի գործի:
Ես մեծացել եմ Երևանում, ես երևանցի եմ, բայց հետ չեմ գնա էնքան ժամանակ, մինչև որ իրավական երկիր չդառնա էդ երկիրը: Մինչև չիմանամ, որ եթե մինիստրի տղան մեկին ավտոյի տակ գցեց՝ նրա՛ն պետք է դատեն, ոչ թե՝ մի անմեղ սովորական մարդու:
Ամերիկայում ապրելուց հետո ես վերջապես զգացի, թե ինչպես մարդը կարող է ազատ ապրել, իր պրինցիպներն (սկզբունքները) առաջ տանել: Հայաստանում մենք չէինք կարողանում մեր պրինցիպները հարգել տալ, մեր ուզածն անել:
Ժամանակ կար, որ լավ էր, բայց հետո նորից շուռ եկավ ամեն ինչ: Հենց Ղարաբաղյան շարժման ժամանակ էին շատերը կռահում, թե ինչ է լինելու անկախություն ձեռք բերելուց հետո. ովքե՛ր են ղեկավարելու ու ի՛նչ պիտի լինի: Հեղափոխություն կատարվեց՝ առանց արյուն թափելու, չէ՞: Բայց հեղափոխության ժամանակ միշտ գալիս է խուժան ամբոխը, հետո կամաց-կամաց դրանք թռփոշանում են (թափ են հավաքում), նոր սկսում մտածել ինտելեկտուալի մասին: Լենինն էլ էդպես արեց: Էսօր էլ նույն բանն են անում: Անկախությունը լավ է, բայց ո՜վ հասկացավ անկախությունից, ո՜վ շահեց: