Սփյուռքի բոլոր կուսակցությունները, բացի դաշնակցությունից, պատերազմից հետո մեկ անգամից զարթոնք ապրեցին, որ մենք հայրենիք ունենք, որ մեր հայրենիքը հաղթանակ է տարել:
1945-ին պատվիրակություններ էին գնացել Սովետական Հայաստան, եւ Երեւանի մեջ նրանց շատ լավ էին ընդունել: Կարծեմ ութ օր էին մնացել. ութ օրվա մեջ հասկանալ, թե ինչ է վիճակը, չէին կարող: Շատ ոգեւորված վերադարձան, եւ Հալեպի մեջ հայրս օթել Բարոնում հանդիպում ունեցավ կամավորական շարժման ղեկավարի՝ Ջիմ Չանքալյանի հետ: Նա էլ ասել էր՝ Հայաստա՛ն գնա, քեզ գլխու վրա են տանելու, քեզ նման մարդ Հայաստանին պետք է եւ այլն, եւ այլն:
Հայրս շատ պրոսովետական մարդ էր, ռամկավար էր. ռամկավարությունն էդ ժամանակ ամբողջությամբ նվիրված էր սովետական կառավարությանը:
Թեեւ դաշնակցությունը շատ մեծ աղմուկ էր բարձրացրել՝ ասելով, որ սա սա է, նա նա է, բայց ոչ ոք չհավատաց, որովհետեւ Հիտլերի դեմ հաղթական պատերազմը ժողովրդին ափերից ուղղակի հանել էր:
Բոլորը ոգևորված էին. մարդիկ լաց էին լինում՝ ո՞նց թե քո կարմիր քարտը դուրս է եկել, իմը դուրս չի եկել. ես ինչ է, քեզնից վա՞տ հայ եմ: Մեծ դահլիճներում պատվիրակության անդամները ելույթ էին ունենում, ասում էին՝ գնացե՛ք, դրախտ եք գնալու՝ Հայաստան, երկիր դրախտավայր:
Նույնիսկ դաշնակցականները սկսեցին հրաժարական տալ կուսակցությունից, որպեսզի Հայաստան գնային, եւ էդ կարմիր քարտը ձեռքներին՝ ուռա՜, ասելով Հայաստան գնացին:
Պատվիրակները, որ կազմակերպում էին մեր գաղթը, հասկացան, որ այս ժողովուրդը բոլորը ոտքի են կանգնել, եկեք փող հավաքենք: Եվ սկսեցին փող հավաքել. ուզում ես գնաս՝ հա՛, տուն-տեղդ ծախիր, տասը հազար տուր հայրենիքի օգնության համար: Մարդիկ տները ծախեցին եւ որոշ գումար հատկացրեցին ներգաղթի կոմիտեին, որպեսզի կազմակերպվեն կարավանները:
Մեծ խանդավառությամբ կապեցինք մեր բոլոր ապրանքները, մարդիկ եկան՝ երանի տվեցին, որ մենք գնում ենք հայրենիք: Ուղեւորվեցինք դեպի Լիբանան` Բեյրութ, նստեցինք նավ եւ երիտասարդների «Ա՛յ կարավան, ջա՛ն կարավան, քշի՛ր քո ճամփան» երգի հետ ճամփա ընկանք: Մեծ, փոքր՝ բոլորս, երգում, պարում էինք:
Բայց հենց Բաթումի հասանք, ամեն ինչ միանգամից սառեց, կարծես ծովն էլ սառեց, որովհետև տեսանք՝ աղքատիկ հագնված, շատ մռայլ դեմքերով սովետական զինվորներ. ժպիտ չկար որեւէ մեկի դեմքին: Մեզ ճաշ մատուցեցին, որը որեւէ մեկը չկարողացավ ուտել: Սեւ, ցեխի նման հաց տվեցին, սեղմում էիր՝ ջուր էր կաթում:
Մեզ գցեցին Ալավերդու շրջանի Շնող գյուղը. սարի գլխին մի գեղեցիկ գյուղ էր: Երկրորդ օրը կոլխոզի նախագահը եկավ, ներկայացավ, Կամսար անունով մի հատ պոլկովնիկ (գնդապետ) էր: Ասաց՝ դուք բոլորդ պետք է գնաք կոլխոզում աշխատելու:
Հայրս ասաց՝ մենք այստեղ չեկանք կոլխոզի դաշտում աշխատելու, մենք գյուղացի չենք: Էդ Կամսարը հասկացող մարդ էր, նայե՛ք՝ ասաց, դուք սխալ տեղ եք եկել, ես ձեզ խորհուրդ կտամ՝ գնացեք Երեւան, որովհետև ես ձեզ այստեղ ձրի աշխօր չեմ գրի, գյուղացիների վաստակածը ձեզ չեմ տա:
Տեղափոխվեցինք Երևան: Այնպես չէր որ տեղացի ժողովուրդն ուներ ուտելիք կամ հագնելիք եւ մենք չունեինք: Բայց նրանք արդեն վարժվել էին այդ վիճակին, որովհետեւ ամբողջ մի պատերազմ իրենց ուսերի վրա տարել էին: Փողոցում, ուր գնայինք՝ բանակից եկածները մեծ մասամբ կա՛մ թև չունեին, կա՛մ մեկ ոտքով էին:
Տեղացիների վերաբերմունքն էլ շատ արագ փոխվել էր: Մենք յոթերորդ կարավանով գնացինք. սեպտեմբեր էր: Իսկ ովքեր մայիսի վերջին, հունիսին գնացին, բոլորը պատմում էին, որ Հայաստանի ժողովուրդը երգով, պարով, զուռնա-դհոլով ընդունել էր իրենց, երբ որ Բաթումի գնացքը մտել էր Երեւան: Բայց երրորդ կարավանից հետո սկսում է մարել այդ ուրախությունը, իսկ մեր գալուց այլեւս ամեն ինչ սառած էր: Հիմա թե այդ չորս ամիսների ընթացքում ինչ կատարվեց՝ հաստատ չգիտեմ:
Բայց ասեմ, որ 1947-ի սկիզբը հոդված է լույս տեսնում «Սովետական Հայաստան» թերթում, որ՝ սիրելի ժողովո՛ւրդ, զգուշացե՛ք, իմպերիալիզմը չի մոռացել հայրենադարձների միջոցով ուղարկելու իր լրտեսներին, որոնք քայքայիչ աշխատանք են տանելու մեր երկրի մեջ: Հիմա ժողովուրդը, պատկերացրեք, այդքան զոհ է տվել, որ պատերազմը հաղթի, հանկարծ իմպերիալիստները եկել են, մեջները լրտես կա, և այդ լրտեսները առանց այդ էլ դժվար իրենց այդ կյանքը ավելի դժվար պիտի դարձնեն: Եվ այս միտքը, պատկերացրեք, հաճախ կրկնվում էր:
Հայրենադարձն ասում էր, եղբայր, մենք ի՞նչ լրտես: Հնարավոր է, որ մարդիկ կային, որ, ասենք, անգլիական, ֆրանսիական հիմնարկների մեջ աշխատեցին. թող մի երկու-երեք, հինգ հատ էլ հարյուր հազարի մեջ լրտես լիներ, արդյո՞ք դա կարելի էր ընդհանրացնել: Շատ ծրագրված, կազմակերպված գործ էր, որովհետև, ինձ թվում է՝ հայրենադարձների հայրենասիրական ոգին դուր չեկավ սովետական կառավարությանը: Որովհետեւ կար ուրիշ՝ սովետական հայրենասիրություն, եւ տեղացի ժողովուրդը, շատ ներողություն, արդեն ամորձատված էր: Նրա համար կար միայն Սովետական Միություն եւ հայր Ստալին: Ժողովրդին իրար թշնամացնելու վիճակ ստեղծվեց, որպեսզի տեղացի ժողովուրդը չոգեւորվի հայրենասիրության այդ պաթոսով:
Տեղացի մի հատ լիազոր ունեինք, խոսելու ժամանակ միշտ մատնացույց էր անում մեզ՝ էդ թուրքերը: Եվ մենք այդ վիճակը տանում էինք, թեեւ «էդ թուրքերը» ասողի իմ տարիքի տղայի հետ մենք միասին մեծացանք. եղբոր նման էինք, իրար գրկած ապրում էինք: Հայրենադարձն էլ տեղացի էր տեսնում, ասում էր` էս շները, կամ՝ էս լիազոր շունը…
Անկեդոտներ էլ կային հայրենադարձների մասին։ Մեկը պատմեմ. Սովետից բողոքելու համար, որ էս չկա, էն չկա, հեչ բան չկա, ախպարին դատում են, գնդակահարություն են տալիս: Պիտի կրակեն՝ չեն կրակում: Սպասում է, սպասում է, մեկ էլ շուռ է գալիս ու ասում՝ փամփո՞ւշտ ալ չունիք...
Հայրս շատ բողոքավոր էր, աքսորից հազիվ խուսափեց: Մինչեւ Հայաստան գալը ներգաղթի կազմակերպիչները հորս ճանաչում էին։ Մինիստրների սովետի նախագահի տեղակալ Զավեն Չարչյանը կար, հորս շատ էր հարգում, որովհետեւ ամեն ինչով օգնել էր նրանց։
Այդ ժամանակ, երբ որ հայրենադարձներին աքսորում էին, Զավեն Չարչյանի ձեռքն է եղել այդ ցուցակը, եւ որոշ ընտանիքների վրա մատ է դրել`ասելով սրանց մի՛ կպեք: Բայց իմ հորս վատ կողմը այն էր, որ հայհոյում էր`Ստալի՛ն, քու մերը, մեզ ինչի՞ բերեցիր այստեղ, այս ի՞նչ վիճակ է: Շատ էր բողոքում, շատ էր փնթփնթում. չէր կարողանում իր պատյանի մեջ տեղավորվել, եւ դա, անշուշտ, հասնում էր այնտեղ, ուր որ պետք էր: Բերանդ բացեիր՝ հաջորդ օրը ԿԳԲ-ն արդեն գիտեր:
Երբ որ Չարչյանն ասում է՝ այս ընտանիքին մի՛ կպեք, իրեն ասում են՝ նայե՛ք, այս մարդը ահավոր մարդ է, ամբողջ օրը Սովետական Միությանը հայհոյելով ման է գալիս: Չարչյանն ընդհանուր մի ծանոթի տանը հանդիպում է կազմակերպում, հորս ասում է՝ Մինա՛ս, մի՛ արա, ես քեզ ատամներով պաշտպանելով փրկել եմ, պիտի երդվես, որ սրանից հետո՝ դժգոհ կլինես, գոհ կլինես՝ զավակիդ մոտ, կնկանդ մոտ այլեւս Սովետական Միության անուն չտաս, եթե բացեցիր բերանդ, այլեւս մենք քեզ չենք կարող օգնել:
Այդպես մենք աքսորից խուսափեցինք, բայց ավելի վատ հարված կերանք մի ուրիշ տեղից: 1948-ին եղբորս գալիս են, լսարանից տանում են «աչալրջության տաճարը»` ԿԳԲ-ի շենքը, եւ սկսում են հարցուփորձ անել՝ ո՛ւմ հետ ես ընկերություն անում, ո՛վ է դժգոհ, ո՛վ իր մոտ հակասովետական գրականություն ունի եւ այլն, եւ այլն:
Տասնութ տարեկան, ինքն էլ վախկոտ տղա էր: Մի շաբաթ հետո շատ ծանր հիվանդացավ. մոտ երեք ամիս պառկեց: Լավացավ՝ ԿԳԲ-ն նորից պոչը բռնեց, էլի՝ նույն հարցերը: Դրանից հետո երկու տարի անկողնային վիճակում պառկեց. ոսկրախտով: Ծնողներս ունեցած-չունեցածը վաճառեցին՝ եղբորս փրկելու համար: Լավանալուց հետո ասաց՝ ես երրորդ անգամ չեմ ընկնի նրանց ձեռքը: Ու թողեց, գնաց հեռու շրջանները, տասը տարի անգլերենի դաս էր տալիս այնտեղ:
Ամեն ինչ փոխվեց Ստալինից հետո, բայց վստահությունը հայրենադարձի նկատմամբ երբեք չվերականգնվեց, չեղա՛վ այդպիսի բան, չեղա՛վ, չստացվեց այդ վիճակը, հայրենադարձը միշտ մնաց անվստահելի:
Ինձ հետ էլ շատ վատ վարվեցին դասախոսական աշխատանքիս ժամանակ. շա՛տ անարդար: Կոմսոմոլի քարտուղարը եկավ, իմ տեղը գրավեց: Հեռացա աշխատանքից: Երեք ու կես տարի առաստաղին նայելով լուսացրի դրանից հետո: Կոտրված տաշտակ էր արդեն, կոտրված սիրտ էր:
Ազատատենչության հարցը ժամանակին շատ ուժեղ նստել էր հայրենադարձների հոգու վրա. այդ երկաթյա վարագույրը ճեղքելու ցանկությունը ուժեղ էր հայրենադարձների մոտ, ահավո՛ր ուժեղ:
Ես շատ դժվար ճեղքեցի այդ վարագույրը: Կաշառակերների մի ամբողջ ոհմակ կար՝ ՕՎԻՐ-ի հետ կապված: Շատ հույսով էի, որ կաշառք պիտի տամ՝ գնամ, չեղավ: Երեք տարի աշխատանք չունեի: Մեր ընկերներից մեկը իմ աշխատանքի հարցով դիմեց Կարեն Դեմիրճյանին։ Նա ինձ լավ էր ճանաչում։ Ասել էր՝ Վարդանյանը դիմել է, որ արտասահման գնա, մի հատ կարգին աշխատանք տանք տղային, թող մնա, էլի՛: Դեմիրճյանը հարցրել էր՝ ինչքա՞ն ժամանակ է, որ դիմել է։ -Երեք տարի: «Երեք տարի դիմել է, ոչ մի տեղ չի աշխատել, արա՛, դրա ուղեղը մտել է, որ պիտի գնա. էդ մարդուն ի՞նչ ենք պահում, սիկտիր արա, թող էթա…». ասել էր Դեմիրճյանը։
Եվ ամեն ինչ փոխվեց, քամին սկսեց ուրիշ կողմից փչել: